«Քարքարոտ ճամփաներ» ֆիլմը ներկայացնում է ֆրանսահայ ռեժիսորի Ցեղասպանությունը վերապրած նախնիների պատմությունը


«Քարքարոտ ճամփաներ» ֆիլմը ներկայացնում է ֆրանսահայ ռեժիսորի Ցեղասպանությունը վերապրած նախնիների պատմությունը

  • 12-07-2016 17:53:40   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթում ներկայացված է Ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի «Քարքարոտ ճամփաներ»  վավերագրական ֆիլմը: Այն Անատոլիայում կատարած մի շրջագայության պատմություն է: Ֆիլմի ռեժիսորը  սկսում է ճամփորդել Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած իր նախնիների հողերում: Սկսելով մի գեղանկարից, նրա պատահական հանդիպումներից և իր հարազատների մասին պատմություններից՝  ֆիլմը բացահայտում է բարեպաշտների՝ այն բոլոր անհայտ մարդկանց սակավածանոթ գործերը, որոնք կյանքեր են փրկել 1915-ին: 
 
Այս մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ա. Խայաջանյանը հավելելով, որ ինքը 20 տարեկանում բացահայտել է այն հանգամանքը, որ իր նախապապը եղել է Արևմտյան Հայաստանից, Հայոց ցեղասպանության ժամանակ թաքնվել է թուրքերից, մի քուրդ գտել է և փրկել.«Սկսեցի բազում հարցեր ուղղել ընտանիքիս անդամներին, բայց հարցերս  մնում էին անպատասխան, քանզի արգելված էր այդ թեմայով խոսելը: Հարցերի սպատասխանը ստանալու համար  որոշեցի գնալ Անատոլիա, այն գյուղը, որտեղ ծնվել էր նախապապս:  Հասնելով այնտեղ որոշեցի նկարահանել ֆիլմ, որում կներկայացնեմ այն բարեգութ մարդկանց, ովքեր ցեղասպանության օրերին փրկել ու թաքցրել են  փրկել են հայերին»:
 
Նա տեղեկացրեց, որ մինչ ֆիլմի նկարահանման աշխատանքներին անցնելը շուրջ 2 տարի իրականացրել է հետազոտական աշխատանքներ,այդ ընթացքում հասցրել է  ծանոթացանալ Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքների անդամներին. «Հասկացա, որ յուրաքանչյուր վերապրողի պատմության մեջ եղել է մեկը, ով փրկել է ընտանիքի անդամներից որևէ մեկին: Պատահական գրքերում որոշակի տեղեկատվություն կա նման մարդկանց մասին, բայց ոչ մանրամասն: Ես վավերագրական շատ ֆիլմեր եմ դիտել, որտեղ ռեժիսորները ունեցել են ագրեսիվ վերաբերմունք թուրքերի հանդեպ: Ինչպես նշեցի՝ փորձել եմ կենտրոնանալ լավ կողմերի վրա, որպեսզի երկխոսություն լինի թուրքերի հետ»,- նշեց երիտասարդ կինոռեժիսորը:
Խոսելով իր հետագա ծրագրերի մասին վերջինս տեղեկացրեց, որ  երկու օրից գնալու է Արցախ՝ ներկայացնելու իր ֆիլմը: Ըստ Ա. Խայաջանյանի, մեծ է իր հետաքրքրությունը ոչ միայն  ղարաբաղյան պատերազմով, այլեւ ներկայում Արցախում տիրող իրավիճակով. «Հետաքրքիր է, թե ինչու շատ ֆիլմերում  չեն խոսում այս թեմայի մասին: Ընկեր ունեմ, ով իր դիպլոմային աշխատանքը գրել է հենց ղարաբաղյան պատերազմի թեմայով: Այժմ հետազոտում եմ Ղարաբաղում իրավիճակը, ղարաբաղյան պատերազմը, որպեսզի հաջորդ ֆիլմս նկարեմ հենց ղարաբաղյան պատերազմի մասին: Մեկ ամսից վերադառնալու եմ Լեռնային Ղարաբաղ՝ շարունակելու իմ աշխատանքները»,- տեղեկացրեց ռեժիսորը:
Մերի  Հունանյան,  «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ