«Եղիցի լույս» մրցանակին այս տարի արժանացավ անվանի կինոռեժիսոր Ռոման Բալայանը. (տեսանյութ եւ ֆոտոշարք)
13-07-2016 21:12:17 | Հայաստան | Հայտարարություններ
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից սահմանված «Եղիցի լույս» մրցանակին այս տարի արժանացավ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոման Բալայանը:
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում: 2012 թվականից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ շնորհվող մրցանակը Ռոման Բալայանին հանձնեց Մայր Աթոռի հոգևոր կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Հայազգի ականավոր կինոռեժիսորին մրցանակի կապակցությամբ շնորհավորեցին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հարություն Խաչատրյանի գնահատմամբ` Ռոման Բալայանը համաշխարհային կինոյում հայտնի արվեստագետ է, ով համարվում է նաև «Ոսկե ծիրանի» հիմնասյուներից: Նրա խոսքերով` Ռոման Բալայանի ֆիլմերը թեև չեն նկարահանվել Հայաստանում, բայց նրա ֆիլմերը հայկական են ու լուսավոր:
Ի դեպ` Ռոման Բալայանն առաջարկեց հաջորդ տարի «Եղիցի լույս» մրցանակը հանձնել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, ով նախագահում է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը:
Միջոցառման ավարտին հյուրերն իրենց տպավորություններով միմյանց հետ կիսվեցին հյուրասիրության սեղանների շուրջ: