Թուրքիայում գործարարությամբ զբաղվող հայ գործարարին Հայաստանում ռիսկերը չեն վախեցնում


Թուրքիայում գործարարությամբ զբաղվող հայ գործարարին Հայաստանում ռիսկերը չեն վախեցնում

  • 15-07-2016 14:26:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևանում անցկացվող «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումի» մասնակից, 34 տարի Թուրքիայում գործարարությամբ զբաղվող Օնիկ Կոլուկիսայանը մտադրվել է բիզնեսը տեղափոխել հայրենիք: 
 
Լրագրողների հետ զրույցում գործարարը նշեց, թե արտադրում է կանացի և տղամարդու կաշվե պայուսակներ, որոնք արտահանում է Իտալիա, ԱՄՆ, Հոլանդիա, նաև Թուրքիայում է վաճառվում:
 
«Բայց Թուրքիա չեմ ուզեր ալ շարունակել այս գործը, այլ կուզեմ Հայաստան գործել, որովհետև Թուրքիա օրեցօր լավ չի ըլլա»,-ասաց նա և հավելեց, թե «սիրիացիները շուկան վերացրել են», և հայերի համար այդ ոլորտում խնդիրներ առաջացրել:
 
Լրագրողները հարցրին, թե բիզնեսը տեղափոխելուց առաջ հետաքրքրվե՞լ է արդյոք Հայաստանում առկա ռիսկերից։
 
«Ոչ, բարեկամներ ունիմ, անոնցեն պիտի սովրիմ»,-ասաց նա և նշեց, թե շուկան էլ դեռ չի հասցրել ուսումնասիրել. «Տակավին նոր եկա»:
 
Ազգությամբ հայ գործարարին Հայաստանում ռիսկերը չեն վախեցնում, քանի որ Թուրքիայում արդեն իսկ գործել է ռիսկային պայմաններում: «Մենք Թուրքիայում արդեն հայ ըլլալու համար ռիսկի մեջ ենք, հիմա ավելի բազմություն Թուրքիայի մեջ կա, մենք հայ ըլլալով՝ ավելի փոքր ենք, սիրիացիները ավելի շատ են»,-ասաց նա:
 
Նա նշեց, որ Թուրքիայում գործում է ոչ հայկական անվամբ՝ խուսափելով հնարավոր դժվարություններից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը