Էրդողանի թույլտվությամբ բեմադրված «հեղաշրջումը» վերջինիս դարձրեց Օսմանյան սուլթան, ում հետ հաշվի կնստի անգամ ԱՄՆ-ն. Սարգիս Հացպանյան (տեսանյութ)


Էրդողանի թույլտվությամբ բեմադրված «հեղաշրջումը» վերջինիս դարձրեց Օսմանյան սուլթան, ում հետ հաշվի կնստի անգամ ԱՄՆ-ն. Սարգիս Հացպանյան (տեսանյութ)

  • 18-07-2016 15:12:59   | Հայաստան  |  Քաղաքական



Ստամբուլում հուլիսի 15-ի ուշ երեկոյան կատարվածը շատ վատ բեմադրված «հեղաշրջման» փորձ էր, որը Ռեջեփ Թաիբ Էրդողանին դարձրեց ձիուն թամբած Օսմանյան կայսրության սուլթան, ում հետ հաշվի կնստի անգամ ԱՄՆ-ն: Նման կարծիք հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտեց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: 
 
Ըստ նրա` ցանկացած հեղաշրջաման փորձի ընթացքում պետք է նախևառաջ հասկանալ, թե  ում է ձեռնտու այն. «Այս դեպքում ակնհայտ է, որ կատարվածից ամենաշատ դիվիդենտները շահեց Թուրքիայի նախագահը, հետևաբար  նրա ականջները միանգամից երևում են»:
Ս. Հացպանյանի խոսքերով` Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) համակարգի ներկայիս ղեկավարը, ով տարածաշրջանի բոլոր երկրների հետ փոխհարաբերությունները վերահսկելու մեծ փորձառություն ունի, չէր կարող չիմանալ, թե ինչ է նախատեսված իրականացնել հուլիսի 15-ի երեկոյան:  
Միաժամանակ փորձագետը նշում է, որ դա չի նշանակում, թե Էրդողանն անձամբ է հանձնարարել նման քայլի դիմել:
Նրա փոխանցմամբ` Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ էր այն, որ ռազմական «հեղաշրջման» փորձի ընթացքում Էրդողանի կողմից հանրության ուղղված հրապարակ դուրս գալու կոչին հետևողները բարձր ձայնով «սալահ» են կանչել, ինչն արաբերենից թարգմանաբար նշանակում է ինքնազոհության գնալու կոչ: Ի դեպ` նման կոչով թուրք ժողովուրդը հանդես է եկել նաև 1915 թվականին, երբ իրականացնում էր Հայոց ցեղասպանությունը: 
«Վերոնշյալ կոչն իսլամական ծեսերի բաղադրիչներից է, այդպիսի կոչով են հանդես գալիս նաև ԻՊ ահաբեկիչները որևէ գործողության գնալուց առաջ: Սա նմանօրինակը չունեցող դեպք էր, որն իմ բնորոշմամբ քեմալիզմի վերջնակետն է»,- ասաց Ս. Հացպանյանը` ընդգծելով, որ Էրդողանի թույլտվությամբ իրականացված հեղաշրջման փորձն ամբողջությամբ փակեց քեմալիզմի փակագիծը` սկիզբ դնելով իսլամական պետության կառուցմանը: 
Վերջինիս պնդմամբ` բեմականացված հեղաշրջման փորձով Էրդողանը վերահաստատեց իր միանձնյա իշխանություն ձևավորելու ձգտումը և ըստ էության դա նրան հաջողվեց. «Էրդողանը դարձավ Թուրքիայում միակ մարդը, ում հետ պետք է պայմանավորվես ամեն ինչ, այդ թվում նաև այն, որ այսուհետ հենց Թուրքիան է թելադրելու ԱՄՆ-ին իր նկատմամբ վարվող քաղաքականությունը»: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Քաղաքական