Հաշմանդամություն ունեցող 22 երեխա Սևանում կմասնակցի մեկշաբաթյա ճամբարին


Հաշմանդամություն ունեցող 22 երեխա Սևանում կմասնակցի մեկշաբաթյա ճամբարին

  • 19-07-2016 15:58:12   | Ալբանիա  |  Բարեգործություն

Հուլիսի 19-24-ն Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայնքը հաշմանդամություն ունեցող 22 երեխայի, կիրակնօրյա դպրոցի սաների, համայնքի անապահով ու բազմազավակ ընտանիքների շուրջ 40 մանուկների համար Սևանա լճի ափին կազմակերպել է ճամբար: Ճամբարում երեխաները հանգստին ու խաղերին զուգահեռ կմասնակցեն նաև հոգևոր թեմաներով զրույցների: Յուրաքաչյուրը կսովորի իր ընկերոջ հանդեպ պատասխանատու լինել՝ օգնել տեսողության, հենաշարժողական համակարգի կամ այլ տեսակի խնդիրներ ունեցող երեխաներին լողալ, մասնակցել խաղերին և այլն:
 
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այս ճամբարը կազմակերպվում է արդեն հինգերորդ  անգամ, որին համայնքի անդամների հետ մշտապես մասնակցում են հաշմանդամություն ունեցող երեխաներ Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից: 
 
Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանին ու երեցկին Անահիտին ճամբարի կազմակերպման հարցում օգնում են համայնքի և երիտասարդաց միության անդամները: 
 
Մ. Իզմիրլյանի անվան մանկատան սաների հետ աշխատանքն ամառային ճամբարով չի սահմանափակվում: Ամբողջ տարվա ընթացքում այն Արարատյան Հայրապետական թեմի տարբեր համայքների ուշադրության կենտրոնում է: Երիտասարդաց և տիկնանց միությունները քահանաների հետ ամեն շաբաթ այցելում են նրանց՝ տանելով անհրաժեշտ պարագաներ՝ հագուստ, սնունդ, խնամքի միջոցներ: Երեխաների համար կազմակերպում են տարբեր միջոցառումներ՝ համերգներ, թատերական ներկայացումներ, ուրախ երեկոներ Երևանի մանկական ժամանցի կենտրոններում:
 
Այստեղից երկու երեխա իր ընտանիքն է վերագտել Տեր Գրիգորի ընտանիքում` Հովհաննեսն ու Հուսիկը որդեգրվել ու ձեռք են բերել հայր ու մայր: 
 
Անցած շաբաթ էլ Տեր Գիրգորի ձեռամբ այդ մանկատան 12 սան մկրտվեց` դառնալով քրիստոնյա մեծ ընտանիքի անդամ:
 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play