Իշխանությունները սրում են իրավիճակը, իսկ դրանից պատրաստ են օգտվել արտաքին ուժերը. Սոս Գիմիշյան


Իշխանությունները սրում են իրավիճակը, իսկ դրանից պատրաստ են օգտվել արտաքին ուժերը. Սոս Գիմիշյան

  • 26-07-2016 18:04:15   | Հայաստան  |  Քաղաքական

Իշխանությունների գործողություններում առկա են այնպիսի քայլեր, որոնք էլ ավելի են շիկացնում ստեղծված իրավիճակը, մինչդեռ պետք է բացառվի գրոհը «Սասնա Ծռեր»-ի վրա: Այս մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` ընդգծելով, որ իրավիճակի սրումից ամեն վայրկյան կարող են օգտվել արտաքին ուժերը:
Ըստ նրա` արտաքին ուժերի միջամտության դեպքում ոչ թե խնդիրը կլուծվի, այլ երկրում քաոս կառաջանա, որը լուրջ վտանգ կներկայացնի Հայաստանի պետականությանը:
 
Նրա գնահատմամբ` անընդունելի է ՀՀ նախագահի հայտարարությունն օրեր անց, որը մեկ բան կարող է փաստել, այն է` Հայաստանի պետական իշխանությունները կառավարվում են արտաքին ուժերի կողմից:  
«Չէի ուզենա, որ նման բան լիներ, կարծում եմ, որ իշխանությունները պետք է դադարեն նման գործողությունները»,- ասաց նա` հավելելով, որ հարձակումը «Սասնա Ծռեր»-ի վրա կունենա ողբերգական հետևանքներ, այդ թվում նաև կթուլանան պետության հիմքերը:
Ս. Գիմիշյանի խոսքերով` իշխանությունները «Սասնա Ծռեր»-ի վրա չհարձակվելուն զուգահեռ պետք է իրականացնեն կտրուկ քաղաքական փոփոխություններ, ինչպես նաև ներկայացնի ծրագիր, որը կքննարկվի ինչպես «Սասնա Ծռեր»-ի անդամների, այնպես էլ հասարակության բոլոր շերտերի հետ:
Բանախոսը մտավախություն ունի, որ ինչպես այլ երկրներում, որտեղ ընթանում են նմանատիպ քաղաքական գործընթացներ, այնպես էլ Հայաստանում ցանկացած պահի կարող են հայտնվել դիպուկահարներ, որոնք երկու կողմի վրա էլ կկրակեն, կսպանեն մարդկանց` նպաստելով երկրում լիակատար քաոսի առաջացմանը: 
Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ հանրության շրջանում առկա համատարած դժգոհության և հուսահատության ֆոնին, այնուամենայնիվ, ժողովուրդը բավարար քանակով դուրս չի գալիս փողոց` ի աջակցություն «Սասնա Ծռեր»-ի` Ս. Գիմիշյանը նշեց. «Մեր ժողովրդից դժգոհելու իրավունք չունենք, քանի որ 25 տարվա մեջ հինգ անգամ ազգովի ոտքի ենք կանգնել, սակայն ապաշնորհ քաղաքական գործիչները չեն կարողացել օգտագործել ժողովրդի համախմբվածությունն` ի նպաստ պետության զարգացման»:
Բանախոսը ցավով նկատեց, որ Հայաստանում դեռևս չկան այն հասարակական-քաղաքական գործիչները, որոնց հանրությունը կհավատա ու կվստահի:
Անդրադառնալով լուծումներին` Ս. Գիմիշյանը նշեց, որ իշխանությունները նախևառաջ պետք է ազատվեն արտաքին կառավարումից, ստեղծեն քաղաքական խորհուրդ` բաղկացած բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից, որը կսկսի մշակել և նախապատրաստել ժողովրդական վստահության կառավարություն ձևավորելու առաջարկը` ներկայացնելով այն իշխանությունների հետ քննարկմանը: 
Նրա համոզմամբ` առանց ժողոցրդական վստահության կառավարության ձևավորման այլևս առաջընթաց հնարավոր չէ ակնկալել, նման պարագայում պարտադիր չի լինի նախագահի հեռանալը. «Ժողովուրդը մի կողմից պետք է թև ու թիկունք հանդիսանար այդ կառավարությանը, որովհետև այդ կառավարությանը նույնպես ներսի և դրսի ուժերը կցանկանային կոտրել, մյուս կողմից ժողովուրդը պետք է այդ կառավարության վերահսկողը լիներ»,- ընդգծեց Ս. Գիմիշյանը` ավելացնելով, որ արտաքին ճնշումներն իշխանությունների նկատմամբ բավականին լուրջ են:  
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play