«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակցներն Արցախում են


«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակցներն Արցախում են

  • 27-07-2016 18:25:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Մշակույթ

 
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ Ռուսասատանի Դաշնության, Հունաստանի, Իրանի և Արցախի պարախմբերի և անհատ կատարողների համատեղ համերգը` նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, հասարակական, մշակութային գործիչներ, արտերկրից ժամանած հյուրեր:
 
Ելույթ ունեցան Թեհրանի «Զարթոնք» (գեղարվեստական ղեկավար՝ Լորետա Ավետիսյան), Հունաստանի «Ավետիս» (գեղարվեստական ղեկավար՝ Շուշանիկ Սեմերջյան), ՌԴ Սանկտ-Պետերբուրգի «Նաիրի» (գեղարվեստական ղեկավար՝ Զավեն Վիրաբյան), Սոչիի «Լոո» (գեղարվեստական ղեկավար՝ Ենոք Բադալյան), Մայկոպ քաղաքի «Վարդանանք» և «Նաիրի» (գեղարվեստական ղեկավար՝ Սյուզաննա Բաբայան), և Դոնի Ռոստովի «Զվարթնոց» (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Գրիգորյան) պարախմբերը: 
Իրենց կատարումներով փառատոնի մասնակիցներին և ներկաներին ողջունեցին Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի, Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի, «Արցախ» ազգագրական և Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթների և «Արցախի ձայներ» նախագծի մասնակիցները:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության Միջին և Հարավ-ասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Զոհրաբյանը: Նա շնորհակալություն հայտնեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին՝ արցախյան հողում փառատոնի մասնակիցներին հյուրընկալելու, ջերմ ընդունելության և համերգը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը փառատոնին ակտիվ մասնակցության համար Թեհրանի «Զարթոնք» պարախմբի և Արցախի պարի պետական  համույթի կատարողներին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության հավաստագրեր և հուշամեդալներ:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play