Արծրուն Պեպանյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին


Արծրուն Պեպանյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

  • 31-07-2016 19:06:58   | Հայաստան  |  Քաղաքական

Ստացվել է այնպես, որ Ձեր իշխանության գալը ուղեկցվել է Մարտի մեկով: Ձեր հետ այն ժամանակ շփված մարդկանցից տեղեկացել եմ, որ անչափ ծանր եք տարել դա և երկար ժամանակ չեք կարողացել հաղթահարել հոգեմաշ այդ վիճակը:
 
Մարտի մեկի հուշերը թուլացել են, սակայն չեն մարել. պատմությունը հիշում է այն:
 
Հիմա ստեղծվել է վտանգավոր մի վիճակ, երբ չի բացառվում կրկին արնահեղությունը: Եթե, Աստված մի արասցե, դա տեղի ունենա, ապա ոչ Դուք, ոչ էլ Ձեր սերունդները հավերժ չեք ազատվելու պատմության նզովքից: Այդպես է մարդկության պատմության օրենքը:
 
Գուցե թե Ձեր շրջապատում հիմա լինեն մարդիկ, ովքեր Ձեզ խորհուրդ տան ուժ կիրառել և արյուն թափել: Նրանց նպատակը կեղծ հերոսացումով Ձեր աչքին բարձրանալն է: Բայց իմացեք, որ արյուն թափելու դեպքում Ձեր այդ խորհրդատուների անունները պատմությունը չի հիշելու և պատասխանատվությունը մնալու է միմիայն Ձեր ուսերին:
 
Եկեք սթափ դատենք, փորձենք հասկանալ մարդկանց ծայրահեղ քայլերի դրդող շարժառիթը: Ժամանակներ առաջ մի առիթով մի խմբի հետ Ձեր հետ ունեցած զրույցից ես այն տպավորությունն եմ ստացել, որ Ձեզ երկրի վիճակի մասին ամբողջական տեղեկություններ չեն տրամադրում: Երկրի վիճակը շատ ավելի անմխիթար է /սա իր օբյեկտիվ, հնուց եկող պատճառներն ունի/, քան ներկայացնում են Ձեզ: Իրականում երկրի վիճակն այնպիսին է, որ հարմարվելը, համակերպվելը, չընդվզելը ամոթաբեր է:
 
Այնպես, որ զինյալ պայքարի ելածներին /ինքս գտնում եմ, որ դա հարցի լուծում չէ և այլ, բազմաքայլ ու բարդ համակարգ է հարկավոր կիրառել իրավիճակը բարվոքելու համար/ ոչ թե ոչնչացնել է պետք, ինչպես հեռակա խորհուրդ են տալիս ոմանք, այլ հասկանալ նրանց և հոգալ, որ այդ տեսակը աճ ունենա ու փոխվի ժողովրդի ընդհանուր նկարագիրը:
 
Եթե, իհարկե, ուզում ենք չվերանալ որպես ժողովուրդ ու կուլ չգնալ մեր թշնամիներին:
Մյուս կողմից ակնհայտ է, որ սկսած 1995 թվականից իշխանությունները մարդկանց զրկել են օրենքի սահմաններում փոփոխությունների հասնելու, իրենց կարծիքը տեղ հասցնելու հնարավորությունից, և զենքի դիմելը, փաստորեն, մնացել է արդյունքի հասնելու թերևս միակ տարբերակը:
 
Ի՞նչ կառաջարկեի ես Ձեզ, եթե լինեի Ձեր խորհրդականը: Իհարկե, հասկանում եմ, ապստամբների բոլոր պահանջները բավարարել չեք կարող:
 
Ես կառաջարկեի՝
 
ա/ պահպանել ապստամբների կյանքը և պատասխանատվության կանչել նրանց ոստիկանի սպանության և օրենքների այլ խախտումների համար,
բ/ արմատական փոփոխությունների ենթարկել կառավարության կազմը, ներգրավել հեղինակություն ունեցող մարդկանց,
գ/ հետամուտ լինել երկրում արդարության հաստատմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, տնտեսության աշխուժացմանը, օրինականության հաստատմանը, մենաշնորհների սահմանափակմանը և այլն:
 
Ես գիտեմ, որ Ձեր տրամադրության տակ եղած ռեսուրսները ավելի քան բավարար են ապստամբներին ուժով ճնշելու համար: Ձեր փոխարեն ես ուժի չէի դիմի, քանի որ դա ոչ թե հարցի լուծում է, այլ ընդհակառակը, ահագնացում:
 
Խորհեք այս մասին և հիշեք, որ Դուք պատասխանատու եք նաև պատմության առաջ:
 
Պեպանյան Արծրուն
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play