«Հայաստանում սկսվում է քաղաքական գործընթացի նոր փուլ». Վարդան Օսկանյան


«Հայաստանում սկսվում է քաղաքական գործընթացի նոր փուլ». Վարդան Օսկանյան

  • 01-08-2016 13:44:07   | Հայաստան  |  Քաղաքական

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հայտարարությունը.
 
Վերջին օրերին մենք ապրում էինք թերևս մեր նորագույն պատմության ամենադրամատիկ էջերից մեկը: Հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում կանգնած էր մեծ փորձության ու նոր իրականության առաջ:
 
Ցավոք, ունեցանք մարդկային կորուստներ: Ես ևս մեկ անգամ ցավակցում եմ զոհերի հարազատներին ու մտերիմներին։ Արագ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։
 
Բոլորիս ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ավելի մեծ արյունահեղությունից, և դա առաջին հերթին հասարակության հստակ պահանջի և «Սասնա ծռերի» խոհեմ ու խիզախ որոշման արդյունքն էր:
 
Դեռ վաղ է ամբողջական գնահատական տալ տեղի ունեցածին, բայց երկու բան ակնհայտ է՝
 
1.Այս երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցող զարգացումները արտացոլումն էին տարիներ շարունակ հայ ժողովրդի մոտ կուտակված հիասթափության, անելանելիության, հուսալքության և դժգոհության, ինչպես նաև խորացող չքավորության։
 
2.Այսպես այլևս հնարավոր չէ կառավարել մեր երկիրը, ուստի անհրաժեշտ են խորքային փոփոխություններ։
 
Հայաստանում սկսվում է քաղաքական գործընթացի նոր փուլ՝ նոր, լեգիտիմ և գործունակ իշխանություն ձևավորելու նպատակով:Նոր իշխանության ձևավորումն այլընտրանք չունի. այսօր դա արդեն պարզ է 
բոլորին, և այդ գործին մասնակից պետք է լինեն իրական փոփոխությունների ձգտող կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները և անհատները: Սա՛ է ժողովրդի պահանջը, և սա՛ է միակ հնարավորությունը` խաղաղ և զարգացող Հայաստան ունենալու:
 
ՀՀ քաղաքացին ուզում է ապրել անվտանգ, բարեկեցիկ և արդար երկրում: ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը մյուս քաղաքական ուժերի հետ պատրաստ է ժողովրդին առաջարկել այդ քաղաքական փոփոխություններին միտված գործընթացի ճանապարհային քարտեզը։
 
Ես կարևորում եմ նաև Սփյուռքի ներուժի ներգրավումը հայաստանյան փոփոխություններին: Հայաստանի ժողովուրդը կարիք ունի աջակցության, և մենք այն անպայման կստանանք:
 
Այս փուլում կարևորում եմ նաև մի քանի հրատապ խնդիրներ, որոնց լուծմանը պետք է ուղղված լինեն մեր ջանքերը:
 
Մենք պետք է շատ արագ հասնենք վերջին օրերի խաղաղ հավաքների ընթացքում ձերբակալվածների ազատ արձակմանը` Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Ալեք Ենիգոմշյանի և մյուսների:
 
Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն խաղաղ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հանգամանքները բացահայտելուն։
 
Մենք պետք է հասնենք նրան, որ պատժվեն լրագրողների նկատմամբ ցուցադրական և քստմնելի հարձակումների բոլոր կազմակերպիչներն ու կատարողները:
 
Ես հիմա, առավել քան երբևէ, համոզված եմ, որ քաղաքական կամքի դրսևորման, նեղ անձնական շահերից վեր կանգնելու և համախմբման միջոցով հնարավոր է հասնել դրական փոփոխությունների։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական