Վահան Տերյանն անընդհատ է ու հավիտենական, ինչպես Հայոց Բիբլիական լեռը. Ջավախքում տոնել են «Պոեզիայի Տերյանական օրը»


Վահան Տերյանն անընդհատ է ու հավիտենական, ինչպես Հայոց Բիբլիական լեռը. Ջավախքում տոնել են «Պոեզիայի Տերյանական օրը»

  • 01-08-2016 16:21:06   | Վրաստան  |  Մշակույթ

Հայ մեծանուն բանաստեղծ, քնարերգու Վահան Տերյանին նվիրված «Պոեզիայի Տերյանական օր» խորագրով ավանդական միջոցառումը Ջավախքի Գանձա գյուղում դարձյալ համախմբել էր Հայաստանի և Վրաստանի մշակութային գործիչներին, անվանի բանաստեղծներին, արվեստագետներին և Վ. Տերյանի արվեստն ու գործունեությունը գնահատող հարյուրավոր քաղաքացիներին: Թվով 50-րդ միջոցառման մասնակիցները բացօթյա բեմից ևս մեկ անգամ հնչեցրեցին Վ. Տերյանի բանաստեղծությունները և դրանց հիման վրա գրված երգերը:
 
Տոնական միջոցառումը մերթընդմերթ ընդմիջվում էր Վ. Տերյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնելու, հայ և վրաց ժողովուրդների մշակութային և քաղաքական կյանքում նրա մեծ դերն ու նշանակությունը շեշտելու համար: Առանձնակի կարևորվեց այն փաստը, որ Վ. Տերյանն իր գրական-գեղարվեստական ստեղծագործությունների շնորհիվ  հայ ժողովրդին մի նոր գրական մակարդակի է բարձրացրել:  
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանի բնորոշմամբ «Պոեզիայի Տերյանական օրը» ջավախքյան մշակութային տարեգրության ոսկե էջն է, և հատկապես այս օրերին ամբողջ Ջավախք աշխարհում մշակութային թանձր տրամադրությունն է թևածում: 
«Ուզում եմ ևս մեկ անգամ հավատալ ու հավաստել, աղոթել և ուխտել, որ Վահան Տերյանն անընդհատ է, Տերյանը հավիտենական է, ինչպես հայոց Բիբլիական լեռը», - նշեց Տ. Վարդապետյանը՝ հավելելով, որ Վ. Տերյանը հատման կետ է հանդիսանում հայ և վրաց մշակույթների համար: 
Նինոծմինդայի շրջանային ժողովի (սակրեբուլո) նախագահ Սմբատ Կյուրեղյանի հավաստմամբ, իրենք ցանկանում են անել ամեն հնարավորը, որպեսզի այս տոնը հավերժ շարունակական լինի, քանի որ «Պոեզիայի Տերյանական օրն»  այն եզակի միջոցառումներից է, որի ընթացքում համախմբվում են բոլոր ջավախքեցիները և հնարավորություն են ունենում հիշել ու քննարկել Վ. Տերյանի ողջ կյանքն ու գործունեությունը: 
«Վահան Տերյան» մշակութային կենտրոնի նախագահ Առուշան Հակոբյանի փոխանցմամբ, 20-րդ դարասկզբին դժվար էր մուտք գործել գրական ասպարեզ, քանզի հայոց մշակութային կյանքում ծածանվում էին Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի անունները, սակայն Վ. Տերյանն իր հսկայական հանճարով ճեղքեց այդ պատնեշը և հայ գրականություն բերեց մի նոր շունչ ու ուղղություն:  
«Վահան Տերյանը միշտ մեզ հետ է, նա միշտ իր ժողովրդի հետ է. միշտ պետք է հիշենք, որ Տերյանը մեր հանճարեղ լեգենդներից մեկն է»,- այսպես եզրափակեց իր խոսքը Ա. Հակոբյանը:
 
 
 
Սառա Մելքոնյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play