ՌԴ-ի դիրքերի թուլացումը տարածաշրջանում Հայաստանին առավել ծանր վիճակի մեջ կդնի. Քաղաքագետ


ՌԴ-ի դիրքերի թուլացումը տարածաշրջանում Հայաստանին առավել ծանր վիճակի մեջ կդնի. Քաղաքագետ

  • 03-08-2016 17:56:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Առավոտ». «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումն, ըստ ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գեւորգյանի, երկու պատճառ ունի`ներքին եւ արտաքին:
 
Ըստ քաղաքագետի, այդ միջադեպը եւս մեկ ապացույց էր, որ ինչպես ողջ աշխարհում, Հարավային Կովկասի անվտանգությունը եւս վտանգված է: «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբում խոսելով այդ խնդիրների մասին, բանախոսն ասաց, որ ներքին խնդիրները պարզ են` իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականությունից հանրության դժգոհություններ, որին գումարվում են ԼՂՀ բանակցային գործընթացում շրջանների վերադարձի մասին խոսակցությունները, դժգոհությունները ողջ քաղաքական էլիտայից եւ առանձին անձանցից եւ այլն: Արտաքին ազդակների մասին խոսելով, քաղաքագետը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ՆԱՏՕ-ն վերջերս Հայաստանում բավականին հագեցած բիոլաբորատորիա է բացել, ինչը նաեւ ՌԴ-ում բավական լարվածություն առաջացրեց: Նա հիշեցրեց տարիներ առաջ ամերիկացի մի քաղաքագետի արած վերլուծությունը, որում ասվում էր, թե Հայաստանը հզոր եւ պոտենցիալ ազդակ է, տարածաշրջանում ամերիկյան շահերն առաջ տանելու համար: Ռուսաստանցի քաղաքագետը այս, իր որակմամբ, բաց հայտարարությունը պատահականություն չի համարում, մանավանդ, որ ՊՊԾ գնդի գրավման առիթով Երեւանում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ, նրա դիտարկմամբ, հստակ լոզունգ էր`Հայաստանը պետք է ազատվի ՌԴ-ի «կրնկից»: Նա նաեւ նկատում է, որ ապրիլյան պատերազմից հետո հայաստանյան հասարակության շրջանում շատ մեծ են հակառուսական տրամադրությունները: Քաղաքագետն ասում է, որ չի ցանկանում նման «պրիմիտիվիզմով ռուսական շահը պաշտպանել», քանի որ ՌԴ իշխանություններն իրեն դրա համար չեն վարձել, ինքն անկախ քաղաքագետ է: Ու հավելում. «Եթե ճշմարտության աչքերին նայենք, Հայաստանի պոտենցիալը`սուվերենության համար մեծ չէ: Հայաստանը փոքր տարածք է, կա նաեւ տնտեսական, ռազմական, ժողովրդավարական պոտենցիալի հարց եւ այլն: Որոշակի իմաստով հասկանալի է, որ Հայաստանի «զոնտիկը» ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ն են»: «Եթե ՌԴ-ն չվերանայի իր քաղաքականությունը հետխորհրդային երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, եթե որոշ քաղաքական գործիչներ չդադարեն մատով թափ տալ եւ սովորեցնել այդ մարդկանց ապրել, ապա ՌԴ-ն պետք է պատրաստ լինի այդ երկրները կորցնելուն»,- ասաց քաղաքագետը`նկատի ունենալով, հավանաբար, Վլադիմիր Ժիրինովսկու մտքի գոհարները: Ինչ դրսեւորումներով կարվի քաղաքականության փոփոխությունը, նա չգիտի: Բայց նկատում է, որ Պուտինը, որն էլ պատասխանատու է ՌԴ-ի քաղաքականության համար, շատ զուսպ է արտահայտվում: Քաղաքագետը ասաց նաեւ, որ ՌԴ-ի դիրքերի թուլացումը տարածաշրջանում Հայաստանին առավել ծանր վիճակի մեջ կդնի`նկատի ունենալով նաեւ ԻԳԻԼ-ի ոտնձգությունները, Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը: Ռուս-թուրքական մերձեցումն էլ, քաղաքագետի կարծիքով, ոչ թե քաղաքական, այլ տնտեսական բաղադրիչ ունի: Ըստ նրա, փաստ է, որ ՌԴ-ն ձգտելու է տնտեսական հարթությունում պահել այդ հարաբերությունները, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձելու են քաղաքականացնել: Ի՞նչ կլինի`կյանքը ցույց կտա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը