Սարգսյանի և Սեֆիլյանի հանդիպումը կազմակերպելը Վիտալի Բալասանյանի պատվի հարցն է. Լևոն Շիրինյան


Սարգսյանի և Սեֆիլյանի հանդիպումը կազմակերպելը Վիտալի Բալասանյանի պատվի հարցն է. Լևոն Շիրինյան

  • 04-08-2016 08:38:11   | Հայաստան  |  Քաղաքական

Նախնական պայմանավորվածությունները պահելը Վիտալի Բալասանյանի պատվի ու արժանապատվության հարցն է: Մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք «Սասնա ծռերի» տղաների` զենքը վայր դնելուց հետո նախագահ Ս. Սարգսյանը կպահի՞ խոսքը և կհանդիպի՞ Ժիրայր Սեֆիլյանի հետ, ինչպես հուլիսի 23-ին հայտարարել էր գեներալ Վիտալի Բալասանյանը: «Նա պետք է գործի դնի իր ամբողջ հեղինակությունը և գործը տանի մինչև վերջ: Որովհետև ինքը ազնիվ գործ է արել»,- ասաց Լ. Շիրինյանը:
Սակայն քաղաքագետը մեկ այլ առաջնահերթ խնդիր է մատնանշում: Ըստ նրա` միջնորդի դեր ստանձնած գեներալը պետք է ամեն ինչ անի, որպեսզի տղաները հանկարծ կտտանքի չենթարկվեն: «Մենք պետք է պահենք նրանց կյանքը: Երիտասարդությունը պետք է իր համար իդեալ ու լեգենդ ունենա: Իսկ տղաներն իրենց պահվածքով ստեղծեցին դա: Այդ ո՞ր մի ժողովրդի մեջ են մարդիկ այդպիսի արժանապատվությամբ զենքը վայր դնում: Բացի այդ, նրանք ժողովրդից չնեղացան, երբ մարդիկ սպասված քանակով փողոց դուրս չեկան: Նույնիսկ այդ դեպքում ասացին` մենք սիրում ենք մեր ժողովրդին»,- նշեց Լ. Շիրինյանը:
Այս պարագայում նա կարևորում է նախագահի` սեփական խոստմանը հավատարիմ մնալը. «Իմ ցանկությունն է, որ նախագահը ամբողջ գործընթացը պահի ՀՀ Սահմանադրության, օրենսդրության շրջանակներում, ինչպես խոստացել է: Որովհետև հիմա հարց է` ով ինչ է զեկուցում, ով ինչքան է քծնում, հետին թվով ինչ հերոսներ են ծնվում` նախագահի աչքում բարձրանալու համար: Սակայն տղաների նկատմամբ հաշվեհարդարը պետք է բացառվի: Պետք է պաշտպանվի նրանց իրավունքը` ըստ իրավական պետության չափորոշիչների: Որովհետև ստալինյան օրենք էլ կա` մարդուն մորթում են իբր թե հանուն պետության: Էդպես էլ են արել: Գուլագը ի՞նչ էր»:
Բացի այս ամենը, Լ. Շիրինյանը համոզված է, որ եթե նախագահը ցանկանում է քայլ կատարել դեպի ժողովուրդը, իրապես թուլացնել ստեղծված լարումը, պետք է ՀՀ անկախության 25-ամյակի առիթով համաներում շնորհի տղաներին` չէ՞ որ սխալ, թե ճիշտ, նրանք գործել են հանուն պետականության: Ու նրանց մի մասն էլ ազատագրական պայքարի բովով անցած, հայրենիքին բազում ծառայություններ մատուցած ազատամարտիկներ են:
 
Արփի Սահակյան
Նոյյան տապան  -   Քաղաքական