Լույս է տեսել Արմեն Ասատրյանի` «Թիֆլիսի հայկական Մողնու Սուրբ Գևորգ և Սուրբ Նշան եկեղեցիները» վերտառությամբ ուսումնասիրությունը


Լույս է տեսել Արմեն Ասատրյանի` «Թիֆլիսի հայկական Մողնու Սուրբ Գևորգ և Սուրբ Նշան եկեղեցիները» վերտառությամբ ուսումնասիրությունը

  • 05-08-2016 16:30:00   | Արմավիրի մարզ  |  Նոր գրքեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Արմեն Ասատրյանի` «Թիֆլիսի հայկական Մողնու Սուրբ Գևորգ և Սուրբ Նշան եկեղեցիները (պատմություն և տարեգրություն)» վերտառությամբ ուսումնասիրությունը:
 
«Թիֆլիսի հայկական եկեղեցիները» շարքի հերթական այս գիրքը մի ամփոփ աշխատություն է` նվիրված Թիֆլիսի երկու հայտնի եկեղեցիների տարեգրությանն ու պատմությանը: Առաջին անգամ մանրամասն ներկայացվել է Ս. Գևորգ և Ս. Նշան եկեղեցիների պատմությունը` հիմնադրումից մինչև մեր օրերը: Արխիվային վավերագրերի հիման վրա հեղինակը ներկայացրել է միաբանների և երեցփոխանների գործունեությանը վերաբերող փաստեր, ինչպես նաև նրանց ծառայական ցուցակները և տեղեկություններ ընտանեկան դրությունից: Առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսի ամենանշանավոր հայկական երկու եկեղեցիների 1841 թ. ծխականների ցուցակը: Գրքում տեղ են գտել նաև տեղեկություններ եկեղեցապատկան կալվածքների և եկեղեցական ծխական դպրոցների գործունեության մասին:
Աշխատությունը հարուստ է ինչպես Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, այնպես էլ Հայաստանի Ազգային արխիվում պահպանված բազմաթիվ անտիպ վավերագրերով, նախախորհրդային մամուլի նյութերով և հին լուսանկարներով: 
Այն հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր