Պավլիկ և Արամ Մանուկյանների ուղղությամբ կրակել են ԻՍՏԻԳԱԼ տիպի դիպուկահար հրացանից. փաստաբան (Տեսանյութ)


Պավլիկ և Արամ Մանուկյանների ուղղությամբ կրակել են ԻՍՏԻԳԱԼ տիպի դիպուկահար հրացանից. փաստաբան (Տեսանյութ)

  • 16-08-2016 11:41:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը


«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը մտադիր է առաջիկա օրերին միջնորդություն ներկայացնել՝ պարզելու, թե ինչ զենքից է Պավիկ Մանուկյանը վնասվածք ստացել:
 
«Պավել Մանուկյանը հայտարարել էր, որ իր նկատմամբ կիրառվել է այնպիսի զենք, որը չի կիրառվում Հայաստանի սահմաններում, խոսքը սև նետ կամ «Իստիգալ» համակարգի մասին է, այդպիսի զենքի գնդակը, հանդիպելով կոշտ մարմնի, ջարդուփշուր է անում, այն կիրառվում է տեխնիկայի դեմ, կարող է նույնիսկ զրահը ծակել: Ենթադրվում է, որ նույն զենքն է կիրառվել նաև Արամ Մանուկյանի նկատմամբ»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց փաստաբան Հ. Բաղդասարյանը: Նա նաև հավելեց, որ կիրառված զենքի տեսակի մասին ենթադրությունները առայժմ հիմնված են Պավել Մանուկյանի խոսքերի վրա, փաստաբանի խոսքով՝ Պ. Մանուկյանը պատերազմ տեսած մարդ է, և այս մասին նրա խոսքերը առնվազն 70-80 տոկոս ճշգրտություն ունեն:
 
«Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել, և որևէ գործողություն չի կատարել փորձաքննություն կատարելու ուղղությամբ, համենայնդեպս մեզ նման տեղեկություն չի հասել, մենք ծանոթ չենք ո՛չ դատաբժշկական, ո՛չ դատաձգաբանական համալիր փորձաքննությանը,- ասաց փաստաբանը: -Այսպիսի զենքի այս պայմաններում կիրառելն անթույլատրելի է, ոստիկանական մարմինների կողմից իրականացված գրրծողություն է, որը գերազանցում է իրենց իրավասությունները:
 
Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ շրջաառվեցին այն մասին, որ փորձել են ճնշում գործադրել բժշկի վրա, որպեսզի Պ. Մանուկյանին ոտքերից զրկեն, Հարություն Բաղդասարյանը նշեց, որ եթե այդպիսի զենքով են կրակել, կարելի է ենթադրել, որ նպատակ են ունեցել ֆիզիկական վնաս պատճառել, որ մարդը զրկվի ոտքերից. «Չեմ ուզում պնդել, որ բժիշկներին այդպիսի բան թելադրել են, բայց այս երկրում ամեն ինչ հնարավոր է, և փառք ու պատիվ բժիշկներին, որ չեն գնացել այդ քայլին, ինչ-որ ժամանակ կանցնի և երևի բժիշկներն էլ այդ մասին կպատմեն»:
 
Փաստաբանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում Եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ:
 
Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը դեռևս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում են:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը