Հողերի հանձման գործընթացն արդեն սկսվել է.Քաղաքագետ


Հողերի հանձման գործընթացն արդեն սկսվել է.Քաղաքագետ

  • 16-08-2016 13:38:00   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Հիմնադիր խորհրդարանի ընդհատակում գտնվող նախագահ Գարեգին Չուգասզյանը «Փոխզիջումների ծուռ այլընտրանքը» վերնագրով հոդվածով է հանդես եկել, որտեղ հայտարարում է, որ «փոխզիջումներ» կոչվող «դիմակահանդեսի» մեջ ընդմիջում է հայտարարվել: Այս մասին armtimes.com-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ, ով հուլիսի 16-ին ԼՂՀ-ում ստորագրված «Շուշի» հչռակագրի համահեղինակներից է:
 
Դիտարկմանը, որ Չուգասզյանը հայտարարում է, «Հայրենական տարածքների հանձնման նպատակ ունեցող «փոխզիջումներ» կոչվող «դիմակահանդեսի» մեջ ընդմիջում է հայտարարվել», մինչդեռ օրեր առաջ հչռակագրի հեղինակները հայտարարում էին, որ հողերի հանձման գործընթացն արդեն սկսվել է, ինչո՞վ է պայմանավորված այդ հակասությունը, քաղաքագետը նկատեց.
 
«Անպայման չէ, որ Շուշիի հռչակագրի հեղինակների եւ Գարեգին Չուգասզյանի կարծիքները համընկնեն: Դրանք երկու տարբեր ուժեր են, որոնք բնականորեն կարող են տարբեր կարծիքներ ունենալ: Ամեն մարդ իր կարծիքն ունի, իր գնահատականը: Չուգասզյանի ասածում ճշմարտություն կա այն առումով, որ հողերի`թշնամուն հանձնմանը հիմա երկրի ներսում իշխանությունն ավելի լուրջ է մոտենում եւ ավելի մեծ ռեսուրսներ է մոբիլիզացնում՝ դա համեմատաբար քիչ ցնցումներով իրականացնելու համար»:
 
Մարտիրոսյանն անդրադարձավ ռուսաստանաբնակ հայ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի՝ Հայաստան վերադարձին.
 
«Հայաստան գործուղվեց ռուս մտքի այնպիսի տիտան՝ ինչպիսին օրինակ Անդրանիկ Միհրանյանն է, գործին լծվեց բուն ռուսական ողջ քաղաքագիտական դաշտը, թեեւ այդ Միհրանյանը նույնպես բուն ռուսական մտքի ներկայացուցիչ է: Այսօր բավական հետաքրքիր հարցազրույց է տվել Բակո Սահակյանը: Մենք դեռ շատ ավելի ինտենսիվ նոր զարգացումների ականատես կլինենք: Սա հենց հողերի հանձնման առաջին փուլի սկիզբն է, երբ հոգեբանորեն հող է նախապատրաստվում առաջիկա ադրբեջանական հարձակման արդյունքում ծրագրված հողերի կորստյան արդյունքները համեմատաբար հեշտ մարսելի դարձնել հասարակության համար: Եվ քանի որ քսանհինգ տարի այս ժողովուրդը հանդուրժել է փաստացիորոն հաստատված ճորտատիրական կարգերը, իշխանությունն այլեւս նրան հաշվի չի առնում եւ հենվում է միայն սեփական խորամանկության վրա: Դա, իհարկե, անհավատալիորեն անհեռատես ծրագիր է, բայց փաստ է»,-ընդգծեց Մարտիրոսյանը:
 
Ինչ վերաբերում է Չուգասզյանի այն մտքին, որ հստակ ճամփաբաժանի խնդիր կա՝ «կամ ճորտատիրական ոստիկանապետություն պետք է կառուցենք կամ էլ Սասնա Ծռերի ժողովրդավարական շարժում», արդյոք սա կրկին կո՞չ է զենքի միջոցով գործողություններ իրականացնելու, Մարտիրոսյանը նկատեց.
 
«Չեմ կարծում, թե այս երկրում այլեւս նման կոչերի կարիք կա, եթե դա կոչ է: Իշխանությունն ինքը այդ կոչը բարեհաջող կերպով արել է եւ, ինչպես բազում նմանատիպ այլ երկրներում, Հայաստանում նույնպես ամենայն հավանականությամբ կշատանա այն մարդկանց թիվը, որոնք միայն զենքով կտեսնեն լրջագույն մարտահրավերների լուծումը: Առաջիկա անխուսափելի պատերազմի ընթացքում, կամ դրան հաջորդող հնարավոր հայկական ծրագրավորվող պարտությունից հետո այս երկիրը, ցավոք սրտի, ունենալու է բոլոր շանսերը` բռնությունների էպիկենտրոն դառնալու: Եվ այդ գործընթացի վրա, ամենայն հավանականությամբ, իշխանությունն այլեւս որեւէ վերահսկողություն չի ունենա: Եվ ոչ միայն չի ունենա, այլև զոհ կգնա այդ գործընթացներին` վճարելով չափազանց բարձր գին: Միջազգային փորձը հենց դա է ցույց տալիս»:
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ