Մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը


Մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը

  • 18-08-2016 12:03:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

     ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ծիածան» հասարակական կազմակերպության և «Ֆորմիկա Արտ» ընկերության համատեղ նախաձեռնությամբ՝ ս. թ. օգոստոսի 19-ից 29-ը կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը: Սոցիալական շեշտադրությամբ մշակութային այս նախաձեռնության նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների ու մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը: Փառատոնի շրջանակում կանցկացվեն բացօթյա կինոդիտումներ, համերգներ ու ցուցահանդեսներ, արտերկրից Հայաստան կժամանեն մեկ տասնյակից ավելի հյուրեր, «առանց տոմսի» ձևաչափով միջոցառումները կդառնան հայաստանյան ամառվա վերջին տասնօրյակի անբաժան մասը:
 
     Այս տարի «Ֆրեսկոյի» ծրագրում ներառված են 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից 4-ը՝ հայկական: Ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին հենց ինքը հանդիսատեսն է. յուրաքանչյուր ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ կինոդիտման մասնակիցները նախապես պատրաստված թղթերի միջոցով կքվեարկեն իրենց նախընտրած ֆիլմի օգտին: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի մարզային ծրագրով:   
 
     Օգոստոսի 19-ից 21-ը Հաղարծնի վանքային համալիրում կանցկացվի միջազգային բացօթյա կինոճամբար: 100-ից ավելի մասնակիցներին սպասվում են մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում նաև գիշերային բացօթյա կինոդիտում-քննարկումներ` ֆիլմերի հեղինակների անմիջական մասնակցությամբ: «Ֆրեսկոյի» կինոճամբարն այդ օրերին կմիանա այս տարի առաջին անգամ իրականացվող «Հաղարծնի օրեր» խորագրով միջոցառմանը: Փառատոնի երկրորդ հատվածը կանցկացվի Երևանում: Հաճելի անակնկալ ունեն հատկապես լուսանկարչության սիրահարները: «Ֆրեսկոյի» շրջանակում նախատեսվում է երկու մեծ ցուցահանդես, որոնց պաշտոնական մեկնարկը կազդարարեն հեղինակների` Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի և լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի վարպետության դասերը:
     Օգոստոսի 26-ի և 27-ի երեկոյան Կարապի լճում կանցկացվեն բացօթյա կինոդիտում-քննարկումներ՝ ֆիլմերի հեղինակների մասնակցությամբ, իսկ կինոդիտումներից առաջ  նախատեսված է կենդանի համերգային ծրագիր. օգոստոսի 26-ին տեղի կունենա «Մրրոն և ընկերները» խորագրով ազգագրական համերգը, օգոստոսի 27-ին` Կարապի լճի բացօթյա բեմում «Ալեքսանդրապոլ Օրկեստրա» խումբն է, օգոստոսի 28-ին կանցկացվի փառատոնի պաշտոնական փակումն ազդարարող միջոցառումը:
 
     Հավում. հավատարիմ մնալով իր որդեգրած սոցիալական առաքելությանը` փառատոնը առանձնակի ուշադրություն է դարձնում հատուկ խմբերի մասնակցությանը, իսկ «Ֆրեսկոյի» մրցանակները, ավանդույթի համաձայն՝ պատրաստել են Խարբերդի մանկատան սաները:     
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն