Սոչիի հայությունն այսուհետ ունի իր թերթը` «Հայկական<br /> լրաբերը»<br />


Սոչիի հայությունն այսուհետ ունի իր թերթը` «Հայկական
լրաբերը»

  • 16-03-2010 12:30:00   | Ռուսաստան  |  Հասարակություն

ՍՈՉԻ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սոչիում լույս է տեսել «Արմյանսկիյ վեստնիկ» (Հայկական լրաբեր) թերթի անդրանիկ համարը: Սոչիի «Սեւան» համայնքի պարբերականը` «Հայակական լրաբերը», տպագրվում է հայերեն եւ ռուսերեն լեզուներով, ունի ութ էջ, առաջին եւ վերջին էջերը գունավոր են: Ինչպես hayernaysor.am-ին տեղեկացրեց թերթի գլխավոր խմբագիր Անահիտ Անտոնյանը, «Հայկական լրաբերը» ունենալու է մշտական խորագրեր, որոնց թվում առանձին էջ է կազմելու Մեսրոպյան տառերի ուսուցման բաժինը: Դասերը ընթանալու են ըստ հայերեն լեզվի ինքնուսույցներից մեկի: Թերթում ներկայացվելու են նաեւ պատմական ակնարկներ: Թերթը անդրադառնալու է նաեւ ոչ միայն Սոչիի համայնքի, այլ նաեւ ամբողջ քաղաքի քաղաքական, հասարակական կյանքի կարեւոր իրադարձություններին, միջազգային հարաբերություններին, 2014 թվականի Ձմեռային Խաղերի հետ կապված մեծածավալ միջոցառումներին եւ այլն: Առանձնահատուկ ուշադրություն է նվիրվելու ակնարկներին «Սեւան» կազմակերպության լավագույն ներկայացուցիչների մասին, ովքեր չեն խնայում իրենց էներգիան ու ժամանակը հանուն «Սեւանի» բարգավաճմանը: Հայաստանի նորությունները, ինչպես նաեւ սփյուռքի ողջ հայության հետ կապված նորությունները նույնպես տեղ են գտնելու «Հայկական լրաբերում»: Ներկայացվելու են հայկական կրթօջախները, որտեղ դասավանդվում են հայագիտական առարկաներ, երաժշտական համույթները, հայկական պարի, ասմունքի խմբերը, կիրակնօրյա դպրոցներն ու հայկական եկեղեցիները, հայկական պետական կամ եկեղեցական տոներն ու ծեսերը: Անդրադարձ է կատարվելու հայազգի ականավոր գրողների, պետական գործիչների, արվեստի նշանավոր դեմքերի ծննդյան տարեդարձերին եւ այլ կարեւոր իրադարձություններին: Հատուկ էջում լուսաբանվելու է ՀՀ Սփյուռքի նախարարաության անցուդարձը, հայտարարությունները, միջոցառումները, համահայկական մրցույթները, «Արի տուն», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» եւ այլ ծրագրերը: Թերթի էջերում փորձ է արվելու պատասխանել ընթերցողի հարցերին նախարարության աշխատակիցների օգնությամբ: Ա.Անտոնյանի վկայությամբ, «Տարիների փորձով թրծված, իր դիրքերն արդեն ամրապնդած Սոչիի «Սեւան» հայկական համայնքը չէր կարող չստեղծել իր լրատվամիջոցը, որը կապող օղակ ու կամուրջ է ծառայելու Սոչիի հայության, կազմակերպության եւ Հայաստանի միջեւ: Թերթը հավակնում է դառնալ սոչիաբնակ հայերի սեղանի գիրքը, ինֆորմացիայի աղբյուրը, հայրենաբաղձ հայորդու հոգու օրրանը...», եւ քանի որ Սոչիում գործել էր արդեն «Հայակական լուրեր» (Արմյանսկիյե վեստի) թերթը, որը մեծ հեղինակություն է վայելել ընթերցողի մոտ, որոշվեց վերականգնել հին թերթի անվանումը աննշան փոփոխությունով: Այսպիսով, «Հայկական լուրերը» վերափոխվեց «Հայկական լրաբեր»-ի: Ըստ Ա.Անտոնյանի, Սոչիի «Սեւան» հայկական համայնքի նախագահ Հակոբ Քոչքոնյանը անմիջական մասնակցություն է ցուցաբերել թերթի լույս ընծայմանը` նյութերի հավաքման, պատրաստման, ձեւավորման, թեմաների ընտրության, անգամ խմբագրման եւ սրբագրման բծախնդիր ընթացքին: «Իր տարիքին անհամապատասխան եռանդով նա վարակում էր խմբագրական կազմին, շահագրգռում ու խրախուսում, չէր խնայում իր սուղ ժամանակը տրամադրել պարբաերականի աշխատանքներին»,- նշում է թերթի գլխավոր խմբագիրը, ըստ որի «Առաջին հերթին թերթի հեղինակության բարձրացման վրա վիթխարի ազդեցություն ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայրենաշունչ, բոցավառ, հրահրիչ ու ոգեւորիչ խոսքերով լեցուն ուղերձը, որը մեծագույն պատկառանքով տեղադրվեց «Լրաբերի» առաջին էջում»: Թերթի գլխավոր խմբագիրը համառոտ տեղեկություններ ներկայացրեց նաեւ իր մասին. ծնվել է Սեւանի շրջանի Գեղամավան գյուղում: Ուսանել է Երեւանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետում եւ երրորդ կուրսից մասնագիտացել է ժուռնալիստիկայի բաժնում: Դեռեւս դպրոցական տարիներից տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում, այնուհետեւ «Երեւանի համալսարան» եւ այլ թերթերում: Աշխատել է Երեւանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 58 դպրոց-ակադեմիայում որպես հայոց լեզվի եւ հայ գրականության ուսուցչուհի: Ամուսնացել եւ Սոչի է տեղափոխվել 1994 թվականին: 2000 թվականից աշխատել է Սոչիի հայկական համայնքի հետ որպես լրագրող: Սկզբում Սոչիի «Հայկական լուրեր» թերթի խմբագրությունում, ապա որպես Սոչիի խմբագիր Կրասնոդարի «Ռուսաստանի հայերի միություն» (Սոյուզ արմյան Ռոսիի) թերթում:
Նոյյան տապան  -   Հասարակություն