Սպասվում է «հետաքրքիր» աշուն. Արամ Աբրահամյան


Սպասվում է «հետաքրքիր» աշուն. Արամ Աբրահամյան

  • 01-09-2016 13:24:32   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». Ամփոփենք քաղաքական ամառը եւ մտածենք, թե ինչ է մեզ սպասվում աշնանը: Զինված խմբի հարձակումը ՊՊԾ գնդի վրա կստանա, կարծում եմ, իր իրավական գնահատականը:
 
Մնացած առումներով այստեղ կան տարաձայնություններ: Նորանկախ Հայաստանի քաղաքական մշակույթում եւ հասարակական գիտակցության մեջ չի բացառվում զինված քաղաքական պայքարը: Եվ այստեղ ես տեսնում եմ ոչ միայն իշխանության մեղքը, որը «հասցրել է», «այլ ելք չի թողել» եւ այլն, այլեւ մտավորականության, իրավապաշտպանների եւ հասարակական գործիչների, որոնցից շատերը վախենում են ուղղակիորեն հայտարարել նման պայքարի անընդունելիության մասին (այդ դեպքում պախարակվելու են), կամ, թերեւս կարելի է ենթադրել, որ որոշ միջազգային կառույցներ, որոնց հետ համագործակցում են մեր հասարակական գործիչները, նույնպես դեմ չեն զինված քաղաքական պայքարին: Հստակ պաշտոնական գնահատական չի տրվել ԱԱԾ-ի եւ ոստիկանության գործողություններին: 30 զինյալ պատրաստվում էր հարձակվել ՊՊԾ գնդի վրա, այդ զինյալների ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը համանման մեղադրանքով գտնվում է անազատության մեջ: Տրամաբանական չէ՞ ենթադրել, որ այդ խմբի գործողությունները պետք է գտնվեին իրավապահների ուշադրության կենտրոնում: Ինչպե՞ս է, ուրեմն, պատահել, որ զինված խմբին հաջողվել է իրականացնել իր մտահղացումը: Ինչպե՞ս, ո՞ւմ կողմից են պահպանվում ոստիկանական եւ այլ պետական օբյեկտները, մի՞թե ցանկացած զինված խումբ կարող է դրանց վրա հարձակվել եւ գրավել: Որեւէ լուրջ իրավական եւ քաղաքական գնահատական չի տրվել հուլիսյան իրադարձությունների ընթացքում ոստիկանության բազմաթիվ ապօրինություններին: Մասնավորապես, ինձ թվում է, որ Հայաստանում շատ բան կփոխվի, եթե գոնե ՄԵԿ ոստիկան ազատազրկվի` նման իրադարձությունների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար: Ի՞նչ է մեզ սպասվում աշնանը: Մի քանի օրից վերսկսվելու են Ազգային ժողովի լիագումար նիստերը: Զարուհի Փոստանջյանն առաջին քառօրյայի ընթացքում կփորձի խոսել հուլիսյան իրադարձությունների մասին (բնականաբար, իր` հեղափոխականի տեսանկյունից), Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ անջատելու է Զարուհու խոսափողը: Ընդհանրապես սպասվում են բազմաթիվ բոցաշունչ ու չափազանց գեղարվեստական ելույթներ: Կայքերի մեծ մասը եւ Ֆեյսբուքը, ինչպես ասում են, «ղժալու» են դրանց վրա: Այդ տեղեկատվական աղմուկի ներքո կտապալվեն Ընտրական օրենսգիրքը բարելավելու բոլոր փորձերը, եւ երրորդ ընթերցմամբ կընդունվի հարկային օրենսգիրքը, որի նպատակն է հավելյալ գումարներ հավաքել «սպիտակ» եկամուտներ ստացող քաղաքացիներից (ստվերում թողնելով «սեւերին»): Էլ չասեմ, որ տեղական ինքնակառավարման ընտրություններում հաղթելու են հիմնականում իշխանության թեկնածուներն ու կուսակցությունները:
 
Մի խոսքով՝ սպասվում է «հետաքրքիր» աշուն:   ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/09/01/730844/ 
 
© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Նոյյան տապան  -   Վերլուծություն