«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը մինչեւ մայիսի 30-ը կներկայացվի կառավարություն կամ Ազգային ժողով
02-05-2011 16:36:49 | Հայաստան | Իրավունք
Ոչ մի երկիր առանց խոսքի ազատության չի կարող լիարժեք օգտագործել ժողովրդավարությունը։ Ապրիլի 30-ից մայիսի 1-ը Ծաղկաձորում անցկացված «Մարդու իրավունքներ. պաշտպանի լսարան» շարքի առաջին՝ «Մամուլի ազատություն», ֆորումում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը։ «Եթե չկա ազատ մամուլ, չկա ազատ ժողովուրդ»,- ասաց դեսպանը, միաժամանակ ընդգծելով, որ մամուլը պետք է լինի պատասխանատու, իսկ իշխանությունն էլ՝ բարենպաստ միջավայր ապահովի պատասխանատու մամուլի համար։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի եւ Հայաստանում Եվրոմիության պատվիրակության կազմակերպած ֆորումի մասնակիցների թվում էին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը. ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ եւ ԵԽ գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեն, Հայաստանում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի դեսպանները, միջազգային փորձագետներ, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Ս.Կապինոսը կարեւորեց զրպարտության եւ վիրավորանքի ետապաքրեականացման գործընթացի, ինչպես նաեւ «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ քննարկումները։ Նա նշեց, որ զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումը շատ լուրջ քայլ է, սակայն դա հանգեցրեց լուրջ դրամական տույժերի, ինչը հարցականի տակ դրեց ԶԼՄ-ների գործունեությունը։ Ըստ Ս.Կապինոսի, Հայաստանի դատավորները պետք է հաշվի առնեն ոլորտում առկա միջազգային չափանիշները, պետք է քայլեր ձեռնարկվեն տույժերի համաչափ շեմ սահմանելու ուղղությամբ։ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն, ըստ դեսպանի, շարունակում է թերի մնալ. փոփոխություններով անհրաժեշտ է ապահովել ավելի մեծ բազմակարծություն։
Կ.Անդրեասյանը հայտնեց, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ստեղծված եւ շուրջ 7 ամիս գործող «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ մշակող խմբի աշխատանքները վերջին ժամանակներս զգալիորեն աշխուժացել են, որոշ խնդիրների շուրջ խմբի անդամները կարողացել են գալ կոնսենսուսի։ Պաշտպանը կոչ է անում բոլոր ցանկացողներին մինչեւ մայիսի 15-ը աշխատանքային խմբին ներկայացնել օրենքի փոփոխության իրենց առաջարկությունները։ Եթե այդպիսիք չլինեն, ապա ներկայիս դրությամբ ՀԿ-ների կողմից մշակված նախագիծն ու 7-8 մարմինների հատուկ կարծիքները ամենաուշը մինչեւ մայիսի 30-ը կներկայացվեն Ազգային ժողով կամ կառավարություն։