Քննարկվել են բնապահպանության ոլորտում Հայ-Ղազախական համագործակցության հեռանկարները


Քննարկվել են բնապահպանության ոլորտում Հայ-Ղազախական համագործակցության հեռանկարները

  • 06-09-2016 17:10:11   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի   արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիմուր Ուրազաևին:
 
     Նախարար Արամայիս Գրիգորյանը ողջունել և շնորհավորել է նորանշանակ դեսպանին` հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցությունը բնապահպանության ոլորտում մոտ ապագայում ակտիվ և սերտ բնույթ կկրի:
   Դեսպան Թիմուր Ուրազաևն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, նշել, որ կանի առավելագույնը հայ-ղազախական հարաբերությունների ընդլայնման և ակտիվացման ուղղությամբ:
   Կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին» նախատեսվող հուշագրի ստորագրումը: Հուշագրի ստորագրման համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:
   Կողմերը հույս են հայտնել, որ հուշագրի ստորագրմամբ առավել լայն հնարավորություններ կստեղծվեն բնապահպանության ոլորտում ակտիվ փոխգործակցության, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման համար:
   Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն