Այս տարի «Սոսե» միջազգային կինոփառատոնում ընդգրկված լավագույն ֆիլմերի հիմնական թեման Կինն է


Այս տարի «Սոսե» միջազգային կինոփառատոնում ընդգրկված լավագույն ֆիլմերի հիմնական թեման Կինն է

  • 08-09-2016 13:56:38   | Հայաստան  |  Մշակույթ

Արդեն 3-րդ տարին անցկացվող «Սոսե» միջազգային կինոփառատոնը մեկնարկելու է սեպտեմբերի 23-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 30-ը: Մեկ շաբաթ շարունակ հայ կինոսերները հնարավորություն կունենան դիտելու և գնահատելու 104 ֆիլմ, որոնք ընտրվել են 61 երկրներից ստացված 336 հայտերից: Այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց փառատոնի նախագահ Ռիտա Խալաթյանը: 
Ըստ նրա` «Զիս» մշակութային կենտրոնի նախաձեռնած կինոփառատոնն այս տարի Հայաստան է բերելու խաղարկային, փաստավավերագրական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, որոնց հիմնական թեման Կինն է:  
 
«Կինոփառատոնի հիմնական ծրագրերը երեքն են.  «Բովանդակությունը կին» հիմնական մրցութային ծրագիրը և «Հատուկ» ու «Ուսանողական» մրցութային ծրագրերը»,- ասաց նա` հավելելով, որ «Բովանդակությունը կին» հիմնական մրցութային ծրագրում մասնակցում են ֆիլմեր, որոնցում ներկայացվում է կնոջ դերն ու նշանակությունը հասարակության կյանքում և ընտանիքում, նաև կնոջ մասին առհասարակ:
Ռ. Խալաթյանի փոխանցմամբ` մյուս երկու մրցութային ծրագրերի նպատակն է տարածաշրջանում զարգացնել ֆիլմարտադրությունը: 
«Սոսե» կինոփառատոնի նախագահի խոսքերով` «Հատուկ» մրցութային ծրագիրն ամեն տարի բարձրացնում է տվյալ պահին արդիական որևէ թեմա. «Այս տարվա թեմաներն են «H2O» էկոլոգիական թեման նվիրված ջրին և ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված թեման, իսկ «Ուսանողական» մրցութային ծրագիրը թեմատիկ սահմանափակում չունի, հետևաբար ծրագրի շրջանակներում ներկայացվում են կինեմատոգրաֆիայում առաջին քայլերն անող ուսանող ստեղծագործողների ֆիլմերը: 
Ի դեպ` «Ուսանողական» մրցութային ծրագրում լավագույն ուսանողական աշխատանք անվանակարգում հաղթող մասնակիցը, ով սովորում է Հայաստանում, որպես պարգև կինոփառատոնի կողմից կստանա մեկ տարվա ուսման վարձի փոխհատուցում, իսկ արտերկրում սովորող հաղթողին կտրվի պատվոգիր: 
Ներկայացնելով կինոփառատոնի ժյուրիի կազմը` Ռ. Խալաթյանը նշեց. «Փառատոնի ժյուրին միջազգային կազմով է ներկայանում.  Լիամետրաժ խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմում են Հայաստանից կինոգետ Անետա Երզնկյանը, Բուլղարիայից` ռեժիսոր, սցենարիստ Մայա Վապցարովան, Մեծ Բրիտանիայից`  երաժիշտ, դերասան Փոլ Քերի Ջոնսը, իսկ կարժամետրաժ խաղարկային ֆիլմերի ժյուրի կազմում Հայաստանը ներկայացնում է դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը, Մոլդովան` ռեժիսոր, սցենարիստ Անատոլ Դուրբալան, Ֆրանսիան` ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր Ֆարիդ Դմդ Դեբան և վավերագրական ֆիլմերի ժյուրի կազմում Հայաստանից ընդգրկված է դերասան, ռեժիսոր, վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, Վրաստանից` պատմաբան, արվեստագիտության դոկտոր Զիվադ Դոլիձեն, ԱՄՆ-ից` մեր հայրենակից, դերասան, բեմադրիչ Արթուր Էլբակյանը»: 
Կինոգետ, լիամետրաժ խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամ Անետա Երզնկյանի խոսքերով` Հայաստանում փառատոնային բազմազանության մեջ «Սոսե»-ն ունի իր յուրահատուկ տեղն այդ ցանկում. «Ես շատ ուրախ եմ, որ այս տարի չնայած զբաղվածությանս կարողացա մասնակցել այս փառատոնին և ինձ շատ դուր է գալիս աշխատակազմի ցուցաբերած ոգևորությունը»,- ասաց նա` ընդգծելով, որ «Սոսե»-ն չի դոփում տեղում, այլ միշտ առաջ է շարժվում:
Դերասանուհի, կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամ Կարինե Ջանջուղազյանն էլ նշեց, որ կինոփառատոնում ընդգրկված ֆիլմերի մեծ մասին ծանոթանալիս նկատել է մի ցավալի փաստ, այն է` բոլոր ֆիլմերում արծարծվում է կնոջ միայնության և մեկուսացման թեման. «Գրեթե բոլոր կարճամետրաժ և նույնիսկ ուսանողական ֆիլմերում ի զարմանս ինձ` նկատելի է կնոջ ընկճվածությունը, ինքն իրենից փախչելու և մեկուսանալու խնդիրը, որը բոլորիս մտածելու տեղիք է տալիս»: 
Տեղեկացվեց նաև, որ «Սոսե 2016»-ի մրցող ֆիլմերն անվճար ցուցադրվելու են մայրաքաղաքի տարբեր կինոսրահներում և մշակութային կենտրոններում, իսկ ֆիլմերի դիտումներին զուգահեռ կազմակերպվելու են վարպետության դասեր, «ֆիլմ-ակումբ» ձևաչափով քննարկումներ ժյուրիի անդամների և հյուրերի մասնակցությամբ, որին կկարողանան մասնակցել նաև կինոարտադրության ոլորտի մասնագետները և պարզապես կինոսերները: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Մշակույթ