ՓՄՁ ներկայացուցիչները նորանշանակ վարչապետին խորհուրդ են տալիս նախարարներ ընտրելուց առաջ նրանց բուժզննման ենթարկել


ՓՄՁ ներկայացուցիչները նորանշանակ վարչապետին խորհուրդ են տալիս նախարարներ ընտրելուց առաջ նրանց բուժզննման ենթարկել

  • 14-09-2016 18:47:19   | Հայաստան  |  Քաղաքական

Նախքան նոր կառավարության աշխատանքները սկսելը, ՀՀ նորընտրիր վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է հետադարձ հայացք գցի՝ պարզելու, թե Հայաստանի տնտեսությունն ինչ վիճակում է գտնվում: Այս մասին «Նոյյան Տապանի» մամլո սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը` անդրադառնալով նորանշանակ վարչապետի հետ հնարավոր համագործակցության թեմային:
 
Ըստ նրա, 2008 թվականից սկսած, Հայաստանում տեղի է ունեցել «բիզնես ցեղասպանություն»՝ որի արդյունքում քայքայվել է երկրի տնտեսությունը:
«Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներից սկսած երկրում կործանվել են բազմաթիվ մանր ու միջին բիզնեսներ, կորուստների պատճառով մարդիկ լքել են երկիրը կամ պարզապես ինքնասպան են եղել»,- նշեց Տ. Հովհաննիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենի մեղավորներն առաջին հերթին արտասահմանից ստացվող գրանտային ծրագրերն են, քանզի բարձրաստիճան պաշտոնյաները, տարվելով այդ գումարների փայլով, այնպիսի օրենքներ են ընդունում, որոնք հանգեցնում են տնտեսության մի շարք ոլորտների քայքայմանը:
Որպես օրինակ` Տ. Հովհաննիսյան բերեց 2008 թվականին ավելացված արժեքի հարկում տեղի ունեցած մի շարք փոփոխությունները, որոնց արդյունքում քաղաքացիներին արգելվեց զբաղվել 2-ից ավելի անշարժ կամ շարժական գույքի առք ու վաճառքով, ինչի հետևանքով բազմաթիվ ձեռներեցներ սկսեցին տուգանվել և մեղադրվել ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ:
Անդրադառնալով տրանսպորտի ոլորտի խնդիրներին,  Տ. Հովհաննիսյանը նշեց, որ նախկին կառավարությունն օգտագործելով համաշխարհային բանկի տրամադրած գումարները, օրենք ընդունել տվեց առ այն, որ այսուհետ տաքսի ծառայություններն ու անհատ վարորդները պետք է վարեն մինչև 10 տարեկան մեքենաներ: «Մարդիկ վարկով, պարտքով գնեցին նոր մեքենաներ, սակայն երկու տարի հետո այդ արգելքը հանվեց, իսկ վարորդները մնացին վարկավորման բեռի տակ, ինչի հետևանքով դաշտը սկսեց դառնալ անկառավարելի և անվերահսկելի»,- նշեց Տ. Հովհաննիսյանը:
Վերջինս դարձյալ հիշեցրեց ճանապարհային տեսախցիկների ներդրման մասին` ևս մեկ անգամ փաստելով, որ դրանք վարորդների և սեփականատերերի միջև մեծ վեճերի պատճառ դարձան, քանի որ շատ վարորդներ նույնիսկ երկու անգամ համաներում ստանալուց հետո չեն կարողանում վճարել տուգանքները: Բանախոսը ցանկություն հայտնեց, որ նոր վարչապետը վերոնշյալ ոլորտները կարգավորելու համար մասնագետներ հրավիրի ոչ թե արտասահմանից, այլ օգտագործի սեփական երկրի ներուժը:
«Ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահի խոսքերով` իրենց բնորոշմամբ բիզնես ցեղասպանությունն իրագործվել է հայաստանցի նախարարների ձեռքերով: «Այդ պաշտոնյաները նախագահին երկրում տիրող իրավիճակի ճիշտ պատկերը չեն ներկայացնում, նրանք միայն քծնում են նախագահին: Մեր ամբողջ տնտեսությունը հենց քծնանքի վրա է կառուցված»,- ընդգծեց Տ. Հովհաննիսյանը` նորընտիր վարչապետին խորհուրդ տալով նախարարներին ընտրելուց առաջ բուժզնման ենթարկել նրանց:  
«Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանն իր հերթին առաջարկեց վարչապետին ուշադրություն դարձնել անհատ ձեռներեցների խնդիրներին և թեթևացնել հարկային բեռը: «Մեզ պետք չէ վարչապետ, ով յոթ լեզու կիմանա, մենք ցանկանում ենք մի վարչապետ, ով մեկ լեզու գիտի՝ ժողովրդի լեզուն»,-նշեց Գ. Դանիելյանը՝ հույս հայտելով, որ Կարեն Կարապետյանը որոշ քայլեր կձեռնարկի իշխանությունների նկատմամբ ժողովրդի հույսն ու հավատը վերականգնելու ուղղությամբ:
«ՀՀ-ում ուղևորափոխադրումների կազմակերպում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանն էլ վստահեցրեց, որ երկրի տնտեսական վիճակը չբարելավելու դեպքում 100 տարի հետո անգամ հնարավոր չի լինի երկիրը ճահճից դուրս բերել: «Երկրում պետք է օրենքը գործի, իշխանությունները պետք է հասկանան, որ օրենքը գրված է մարդկանց համար»,-եզրափակեց իր խոսքը Պ. Օղլուկյանը:
 
Սառա Մելքոնյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Քաղաքական