Մեծամորում բացվեց «Ընտանիք և համայնք» ԲՀԿ-ի նոր մասնաշենքը (տեսանյութ)


Մեծամորում բացվեց «Ընտանիք և համայնք» ԲՀԿ-ի նոր մասնաշենքը (տեսանյութ)

  • 15-09-2016 20:55:40   | Հայաստան  |  Հասարակություն



Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում գործող «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության բակը երեկ մարդաշատ էր: Այստեղ տեղի էր ունենում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ կառուցված նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը: 
 
Նորկառույց հաստատության պայմաններին ծանոթանալու էին եկել ինչպես «Ընտանիք և համայնք» հասարական կազմակերպության հավատարիմ ընկերներն ու բարեկամները, այնպես էլ լավագույն գործընկերները: Մինչ փայտաշեն հաստատությունում շրջելը, Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը կատարեց տնօրհնեքի կարգ: 
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և խոցելի ընտանիքներին աջակցելու նպատակով ստեղծված կենտրոնը տրամադրում է սոցիալ-հոգեբանական, կրթա-մշակությաին ծառայություններ, նաև կազմակերպում է երեխաների ցերեկային խնամքը և վերականգնողական աշխատանքներ տանում օրենքի հետ խնդիր ունեցող անչափահասների հետ: Նորակառույցում հատուկ ուշադրություն են դարձրել հոգեբանի սենյակին, որտեղ խաղերի ու տարբեր թեստերի միջոցով  բացահայտվում են երեխաների խնդիրները: 
Ստեղծման առաջին իսկ օրվանից «Ընտանիք և համայնք» բարեգործական կազմակերպությանն իր աջակցությունն է ցուցաբերել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը, որի գործադիր տնօրեն Ռաֆֆի Դուդակլյանն  առանձնակի է կարևորում կենտրոնի դերը Մեծամորի համայնքի կյանքում:
Տոնական միջոցառումն ուղեկցվեց «Ընտանիք և համայնք» կազմակերպությունում գործող «Արևածաղիկ» մանկական երգչախմբի կատարումներով և «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատերախմբի ներկայացումներով: Բացի այդ, ներկաներին բաժանվեց Քնարիկ Գարանֆիլյանի հեղինակած «Արդի սոցիալական աշխատանքի քրիստոնեական ակունքները» գիրքը:    
«Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը վստահեցնում է`  նոր մասնաշենքը հնարավորություն կտա ընդլայնել մատուցվող ծառայությունների  քանակը, նաև օգնություն տրամադրել ավելի շատ ընտանիքների և երեխաների: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը և լուսանկարները` «Նոյյան Տապան»-ի
  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն