Գյուղատնտեսության ոլորտում գյուտարարի առաջարկությունները ձեռնտու չեն ներկրողներին ու պատկան մարմիններին (տեսանյութ)


Գյուղատնտեսության ոլորտում գյուտարարի առաջարկությունները ձեռնտու չեն ներկրողներին ու պատկան մարմիններին (տեսանյութ)

  • 17-09-2016 14:28:18   | Հայաստան  |  Հասարակություն



Հայաստանում ջրհեղեղների, հողի ջրային էրոզիայի, երաշտի, տարածքային հրդեհների կասեցումը և արոտներում անասնակերի բերքատվության բարձրացումը 2-3 անգամով հնարավոր կլինի այն դեպքում, երբ հայ գյուտարարների ստեղծած գյուղատնտեսական մեքենան և գրանուլացված օրգանական պարարտանյութն օգտագործվի ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից հանրապետությում առկա վերոնշյալ խնդիրները լուծելու համար: Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների մասին սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դարձյալ ահազանգեց Հանրային խորհրդի «Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի» հանձնաժողովի անդամ, Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի նախաձեռնած «Գյուտարարների ակումբի» անդամ և մեքենայի համահեղինակ Ստյոպա Խոյեցյանը:
 
Ըստ նրա` վերոնշյալ խնդրով ինքը բազմիցս դիմել է պատկան մարմիններին և հատկապես Գյուղատնտեսության նախարարությանը, սակայն ստացվող պաշտոնական պատասխանները երբեմն եղել են զավեշտալի: 
Ս. Խոյեցյանի պնդմամբ` արոտների անապատացման դեմ պայքարի համար գյուղնախին հատկացված 20 մլն դոլար վարկն այդպես էլ չի ծառայել իր հիմնական նպատակին: 
Նրա համոզմամբ` նույն ճակատագրին կարժանանա նաև 30 մլն դոլար նոր, երկրորդ վարկը, եթե չձեռնարկվեն արտակարգ միջոցներ:   
«Առաջարկվող մեքենան անցել է միութենական, հանրապետական, բոլոր գիտահետազոտական ինստիտուտների փորձաքննությունները, պետական փորձարկումները, պատրաստվել է մի քանի նմուշներով, դժբախտաբար մեր աշխատանքները համընկավ անկախացման տարիների հետ, երբ ամեն ինչ քանդվեց, դրանից հետո փորձեցի մեքենան օգտագործելու տալ գյուղատնտեսության նախարարությանը, սակայն պաշտոնական պատասխան եկավ, որ իրենք նոր մեքենա են ստեղծում և արդեն իսկ գոյություն ունեցող մեքենայի կարիքը չունեն»,- նշեց գյուտարարը` հավելելով, որ որոշ ժամանակ անց կրկին դիմել է նախարարություն` ցանկանալով պարզել, թե նոր ստեղծվող մեքենայի ճակատագիրն ինչ է եղել և պարզվել է, որ նոր մեքենան այդպես էլ չի ստեղծվել:  
Ս. Խոյեցյանի խոսքերով` բազմիցս փորձել է դիմել նաև մասնավոր  հատվածին մեքենան շահագործելու համար, սակայն ոչ մի դրական տեղաշարժ չի արաձանագրվել: 
Առաջարկությունը պրակտիկորեն չներդրելու հիմնական խնդիրն ըստ մասնագետի` գյուղացու վճարունակ չլինելն է, ինչպես նաև նորույթների առավելությունների մասին ոչ պատշաճ ձևով տեղեկացված լինելը, մինչդեռ կառավարության կազմակերպչական աջակցությամբ ձևավորվեր վերոնշյալ նորույթների պահանջարկի շուկա:
Ս. Խոյեցյանը վստահեցնում է, այդ աջակցությամբ հանրապետության մարզերում, գյուղացու հողատարածքում վերջինիս անմիջական մասնակցությամբ կկազմակերպվեն նշված նորույթների լայնամասշտաբ փորձարկումներ` ակնկալելով գյուղացու եկամուտի հավելյալ աճ` մեկ հեկտարի հաշվով մոտավորապես 1 մլն դրամի չափով:  
Անդրադառնալով նորանշանակ վարչապետի հետ հնարավոր համագործակցությանը` բանախոսն ընդգծեց, որ բարձրացված հարցերն ունեն ռազմավարական նշանակություն, հետևաբար դարձյալ կդիմի Կարեն Կարապետյանին, սակայն մտավախություն ունի, որ նամակը տեղ չի հասնի:
Նրա համոզմամբ` վերհոնշյալ  առաջարկությունների իրագործման դեպքում Հայաստանում գյուղատնտեսությունը ոչ միայն կզարգանա, այլև կունենա հսկայական օգուտներ, ինչը ձեռնտու չէ սիլիտրա, դիզ. վառելիք ներկրողներին և առհասարակ չինովնիկներին, քանի որ գյուղատնտեսության զարգացման դեպքում այլևս վարկերից օգտվելու կարիք չի լինի:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play