«Սիրիահայ մշակույթի շունչը» Երևանում բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
19-09-2016 15:14:00 | Հայաստան | Մշակույթ
Սեպտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Վերնիսաժ»-ի տարածքում մեկնարկեց ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որին ներկայացված էին 50-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք:
Ցուցահանդես-տոնավաճառ այցելեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Ընտրված 50 տաղավարները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակները: Մեր հայրենակիցները արդեն 5 տարի է՝ մասնակցում են անկախ Հայաստանի կայացմանը և իրենց գործերով, նորարարությամբ, ստեղծագործական մոտեցումներով, գործնական մասնակցությամբ նպաստում են լրացնելու ու զարգացնելու տնտեսության որոոշակի ուղղություններ: Նախորդ տարիների համեմատ աճել է մասնակիցների թիվը, ավելացել է ներկայացված ապրանքների տեսականին: Կարծում եմ, որ նման ցուցահանդեսները օգնում են, որպեսզի սիրիահայերն առավել ակտիվորեն ինտերգրվեն հայ հասարակությանը: Ցանկանում եմ ողջունել և շնորհավորել մեր հայրենակիցներին այսպիսի գեղեցիկ առիթներ մեզ նվիրելու համար և մաղթել, որ յուրաքանչյուրը կարողանա հաստատվել և աշխատատեղ ունենալ Հայրենիքում»:
Ցուցահանդես-տոնավաճառը գործելու է նաև սեմտեմբերի 20-ին ժամը 10:00-19:00ը: