Հայ բանաստեղծ Կարեն Անտաշյանը և բրիտանացի գրող Ֆիոնա Սեմփսոնը, ոգեշնչվելով Շեքսպիրի սոնետներից, թղթին են հանձնել շեքսպիրյան թեմաների իրենց մեկնաբանումը` հիմք դնելով գրական համագործակցության հնարավորության Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև:
Բրիտանական խորհրդի աջակցությամբ «Գրական տապան 2016» միջազգային փառատոնի շրջանակում կազմակերպվել էր «Սոնետների փոխանակում» ծրագիրը, որի նպատակն է միավորել ժամանակակից գրողների, այսպիսով` խրախուսելով գրական նոր ոճերի փնտրտուքը և գաղափարների փոխանակումը:
«Սոնետների փոխանակում» ծրագրի մասնակից Կարեն Անտաշյանն այսօր իր «Գագոն և տիեզերական ձանձրույթը» բանաստեղծությունը ներկայացրեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներին: Հանդիպմանն առցանց միացել էր նաև Ֆիոնա Սեմփսոնը`ներկայացնելով իր «Drowned Man» բանաստեղծությունը:
«Շեքսպիրն իր սյուժեներում հերոսների համար ստեղծում է անելանելի վիճակներ: Իմ բանաստեղծության հերոսն էլ է անելանելի վիճակում`ներկայացնելով 30-ն անց երիտասարդների ճգնաժամը», ասաց Կարեն Անտաշյանը:
«Հայ գրողի հետ աշխատելու հեռանկարն անչափ ոգևորիչ է ինձ համար: Շեքսպիրն ազգային հարստություն է, և մեզ համար տպավորիչ է տեսնել, որ նրա ստեղծագործություններից ոգեշնչվում են նաև հայ գորղները», ասաց Ֆիոնա Սեմփսոնը:
«Սոնետների փոխանակում» ծրագիրը «Շեքսպիրն ապրում է» միջազգային նախագծի բաղադրիչ է և իրականացվում է Շեքսպիրի մահվան 400-րդ տարին նշանավորող միջոցառումների շարքում: Նմանատիպ միջոցառումներ արդեն իրականացվել են Եվրոպական մի շարք երկրներում, Վիետնամում, Ինդոնեզիայում և Ռուսաստանում:
Կարեն Անտաշյանը հրատարակված երեք գրքի հեղինակ է, արժանացել է մրցանակների և պարգևների: «Գրանիշ» գրական ակումբի համահիմնադիրներից է, որի գլխավոր նպատակն արդի հայ գրողների և գրականության հանրահռչակումն է:
Ֆիոնա Սեմփսոնը հրատարակել է 19 գիրք, արժանացել բազմաթիվ մրցանակների: Սովորել է Օքսֆորդի համալսարանում, մասնագիտությամբ ջութակահար է: