FAST-ի միջոցների ծավալը երեք տարվա ընթացքում ծրագրվում է հասցնել մինչեւ 200 մլն դոլարի. Ռուբեն Վարդանյան
22-09-2016 18:09:06 | Հայաստան | Գրական էջ
Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) առաջնային ֆինանսավորումը կկազմի 10 մլն. $, իսկ առաջիկա երեք տարիների ընթացքում միջոցների ծավալը նախատեսվում է հասցնել մինչեւ 200 մլն. $:
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին սեպտեմբերի 22-ին Համահայկական գիտական ժողովի բացման ժամանակ ասաց IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
«Մենք դիտարկում ենք հիմնադրամի զարգացման համար 10 մլն $-ի չափով առաջնային ֆինանսավորման հնարավորությունը եւ ծրագրում ենք միջոցների առաջիկա երեք տարիներին հավաքման ընդգրկուն արշավի արդյունքում հիմնադրամի ծավալը հասցնել մինչեւ 200 մլն $։ Քննարկվող մոդելի համաձայն, FAST-ը կարող է դառնալ խառը գրանտա-վենչուրային ֆինանսավորման մարմին. FAST-ը պետք է լինի Հայաստանում ՏՏ, համակարգչային գիտությունների, արհեստական ինտելեկտի, բարձր տեխնոլոգիական նյութերի, ռոբոտիկայի, առաջատար ինժեներային ու արտադրական տեխնոլոգիաների ոլորտներում առաջխաղացման գրավականը»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:
Նա նշեց, որ Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) գործարկումն ուղղված կլինի Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների միջավայրի զարգացմանը եւ հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացմանը։
Սեպտեմբերի 22-ից 23-ը Մաշտոցի անվան Մատենադարանի գիտահետազոտական մասնաշենքի դահլիճում տեղի կունենա Համահայկական գիտական համաժողով՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին. այն կազմակերպվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության» ծրագրի շրջանակում։ Համաժողովի ընթացքում դասախոսություններով հանդես կգան հայազգի անվանի գիտնականներ աշխարհի մի շարք երկրներից։ Դասախոսությունների թեմատիկան ընդգրկում է կենսաբանության, աստղագիտության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի եւ համակարգչային գիտության հարցեր։