«ՌեԱնիմանիա»-ն դրամահավաք է սկսում Indiegogo համաֆինանասավորման հարթակում


«ՌեԱնիմանիա»-ն դրամահավաք է սկսում Indiegogo համաֆինանասավորման հարթակում

  • 23-09-2016 13:53:14   | Հայաստան  |  Մշակույթ

Հանրային դրամահավաքը կազմապերպվել է փառատոնն անկախ պահելու և հայ տաղանդավոր մասնագետների համար նոր կրթական և բիզնես հնարավորությունների ստեղծումը շարունակելու նպատակով, ինչպես նաև՝ վերականգնելու փառատոնի շրջանակում անցկացվող «ՄԱՐԱՆԻ» անիմացիոն շուկան, ոըի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ցուցահանդեսային տաղավարներում ներկայացնել իրենց ընկերությունները և արտադրանքը, իրականացնել շնորհանդեսներ, շփվել մյուս մասնակիցների և հազարավոր այցելուների հետ։
 
Փառատոնի տնօրեն Վրեժ Քասունու խոսքերով՝ փառատոնը կարող է ստեղծել համագործակցության հարթակ արդեն հայտնի և փորձառու միջազգային մասնագետների և տեղի տաղանդավոր երիտասարների համար, ինչը  նոր բիզնես հնարավորություններ կարող է բերել տեղական շուկա։ 
«Ես կարծում եմ, որ Հայաստանը միջազգային ծրագրերի համար տարածաշրջանային աութսորսինգ կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի։ Մեր երիտասարդները տաղանդավոր են, էնեգիայով լի. մենք պետք է նրանց համար աշխատելու, ստեղծագործելու և նոր ստուդիաներ հիմնելու համապատասխան միջավայր ստեղծենք։ Փառատոնը հրաշալի արդյունքներ ունի, և մենք ձեր նվիրատվության կարիքն ունենք այդ արդյունքները պահելու և զարգացնելու համար։ Ձեր նվիրատվությունը կօգնի հյուրընկալել միջազգային մասնագետներին Հայաստանում, կազմակերպել վարպետության դասեր ու սեմինարներ, գտնել ու մոտիվացնել նոր տաղանդներ։ Դուք հնարավորություն կտաք մեր երիտասարդ մասնագետերին սովորել աշխարհի լավագույն անիմացիոն դպրոցներում», - ասաց Վրեժ Քասունին։
«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2009-ին: Փառատոնի նպատակն է խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և միջազգային տարբեր հարթակներում հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու հնարավորություն ստեղծել:
Ամեն տարի փառատոնի շրջանակում տեղի են ունենում բազմաթիվ անիմացիոն ֆիլմերի միջազգային և տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանում համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ և ոլորտի անվանի ներկայացուցիչներ, անցկացվում են վարպետության դասեր, սեմինարներ։
«Ռեանիմանիա»-ն իր ստեղծման օրվանից հյուրընկալել է մոտ 150 անիմատորի, պրոդյուսերի, ոլորտի զարգացման մասնագետների, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից ... Ամեն տարի ավելանում է հայտերի թիվը. միայն անցած տարի փառատոնը ունեցել է 1000 ֆիլմերի հայտեր 87 երկրներից։ Փառատոնն իր ստեղծման օրվանից ի վեր ունեցել է ավելի քան 25 000 հանդիսատես։
Փառատոնի հանդեպ հետաքրքրությունը մեծ է նաև միջազգային համատեքստում: «Ռեանիմանիայի» մշտական գործընկերն է անիմացիոն կինոյի ամենահեղինակավոր կինոփառատոնը՝ Անեսին։
Փառատոնի՝ միջազգային հեղինակավոր անիմացիոն ստուդիաների հետ սերտ կապերի շնորհիվ 15 հայ մասնագետներ հնարավորություն են ստացել ուսանելու այնպիսի հեղինակավոր ստուդիաներում, ինչպիսիք են անգլիական Aardman animation studio-ն, Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքի EMCA անիմացիոն ստուդիան։ 
Փառատոնն ակտիվ լուսաբանվում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ԶԼՄ-ների կողմից: 
Փառատոնային ցուցադրություններից զատ, «ՌեԱնիմանիայի» համար առանձնակի կարևորություն ունեն վարպետության դասընթացները և աշխատաժողովները, որոնց ամեն տարի անվճար մասնակցելու հնարավորություն են ունենում մոտ 200 ինչպես հայաստանցի, այնպես էլ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներ:
 
 
Հանրային դրամահավաքի արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
Նոյյան տապան  -   Մշակույթ