Ավագանու անդամներից ոմանք շարունակում են օրենք խախտել եւ կրկին առաջադրվել.Hraparak.am


Ավագանու անդամներից ոմանք շարունակում են օրենք խախտել եւ կրկին առաջադրվել.Hraparak.am

  • 26-09-2016 17:42:32   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության մի շարք համայնքներում, այդ թվում` Հրազդանում, հոկտեմբերի 2-ին ավագանու անդամի ընտրություն է: Ավագանու15 տեղի համար պայքարում են 36 հոգի, որից 14-ը նախկին ավագանու անդամներն են: 15 անդամներից Սմբատ Փիլիպոսյանը, ով տարիներ շարունակ խախտելով ՏԻՄ ՀՀ օրենքի 18 հոդվածը, եղել է ե´ւ ավագանու անդամ, ե´ւ քաղաքապետի խորհրդական, այս անգամ իր թեկնածությունը չի առաջադրել: Սակայն ավագանու անդամներից ոմանք շարունակում են օրենք խախտել եւ կրկին առաջադրվել, իսկ Հրազդանի քաղաքապետն էլ այս գործում ջանք չի խնայում, որ ավագանու անդամները բոլորն իր թիմակիցները լինեն, որոնց կառավարելն ավելի հեշտ է, անգամ քաղաքապետի բարեկամ Նարեկ Դանիելյանն է իր թեկնածությունը ներկայացրել:
 
36 թեկնածուներից ընդդիմադիր է քաղաքապետարանի իրավաբանական բաժնի նախկին պետ Ռադիկ Հարությունյանը, ով համոզված է, որ ընտրվելու դեպքում շատ բան կփոխի: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Հրազդանում ավագանու անդամներից շատերն իրենց պարտականություններն ու իրավունքները չեն իմանում, քաղաքապետը ոնց ասում է, այնպես էլ ձեռք են բարձրացնում եւ տարիներ շարունակ չկա մի ավագանու անդամ, որ գոնե ձեռնպահ քվեարկի. «Տեսնելով այդ բոլորը` որոշեցի առաջադրվել: Եթե վստահ չլինեի, չէի առաջադրվի, ես կարող եմ իմ ներկայությամբ շատ բան փոխել: Ընտրվելուց հետո առաջինը, որ պետք է արվի, դա ավագանու նիստերը ուղիղ եթեր հեռարձակվի, որ հրազդանցիները տեսնեն, թե ով ինչով է զբաղված, ով է ժողովրդի շահերը պաշտպանում, իսկ ով` Դանիելյանի»:
 
Հարցին, թե ինչ ընթացք ստացան դիմում բողոքները եւ ինչ ակնկալիքներ ունի նոր վարչապետից, Ռադիկ Հարությունյանը պատասխանեց. «Կրկին գրել եմ Հանրապետության դատախազին եւ սպասում եմ: Ընտրություններից հետո կխնդրեմ հանդիպում վարչապետի հետ եւ անձամբ կներկայացնեմ Դանիելյանի կողմից յուրացման փաստերը եւ այն, որ անգործության պատճառով հարյուրավոր միլիոների վնաս է հասցրել տեղական բյուջեին: Թող իմ ներկայությամբ կանչեն Դանիելյանին, ես փաստերը ասեմ, թող անմիջապես ստուգում իրականացնեն: Իմ ակնկալիքն այն է, որ դեմքեր են փոխվել եւ փոխվում, ես վստահ եմ իմ վրա, այն, ինչ որ գրել եմ, ճիշտն է: Ինքս իրավաբան եմ, եթե սուտ կլինեմ, թող ինձ դատի տան»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն