Հարցը պետք է պարոն վարչապետին տաք.Արծվիկ Մինասյան


Հարցը պետք է պարոն վարչապետին տաք.Արծվիկ Մինասյան

  • 27-09-2016 13:52:00   | Հայաստան  |  Տնտեսություն

Ես կարծում եմ՝ պատշաճ չէ մեկնաբանել այդ տեղեկությունը, քանի դեռ չի ձևավորվել կառավարությունը: Կա գործող նախարար, չկա նոր հրաման, և պատշաճ չեմ համարում մեկնաբանել: 
 
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդունում է բնապահպանության նախարարի պաշտոնում աշխատելու առաջարկը: 
 
Անդրադառնալով բնապահպանական խնդիրներին՝ Մինասյանն ասաց, թե այդ ոլորտում էլ ինքն առաջնորդվելու է Սահմանադրությամբ իրեն տրված լիազորություններով: «Եվ կապ չունի՝ ես որտեղ եմ, ես՝ որպես էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար էլ կարող եմ բնապահպանական հարցերին պատասխանել: Այնպես չէ որ պարտադիր պետք է փոխես ոլորտդ, որ կարողանաս պատասխանել»,- նկատեց նա: 
 
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել էր, որ վարչապետն էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ցանկանում է տեսնել բիզնես մտածողությամբ անձի: Հարցին, թե ի՞նչ բիզնես մտածողության մասին է խոսքը, ինքը չէ՞ր կարող կառավարել ոլորտը, Մինասյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, չեն մանրամասնել: Այդ հարցը պետք է պարոն վարչապետին տաք: Պարոն վարչապետը խնդիրների ձևակերպման մասով տեսնում է այլ անձի, ես հարգանքով եմ մոտենում, որևէ այլ ենթատեքստ այս հարցում չեմ ուզում տեսնել, չկա էլ»:
 
Լրագրողները հետաքրքրվեցին, կարո՞ղ է նա պայքարել, օրինակ, Ամուլսարի ծրագրի դեմ, որ բնությանը վնաս չհասցվի, Մինասյանը պատասխանեց, որ Ամուլսարի ծրագիրն անցել է համապատասխան փորձաքննություն, եթե բնապահպանական հատվածում չկան կոպիտ միջամտություն կամ առարկություններ, կամ հավասարակշռությունը պահպանված է, ապա այդ թեման պետք է որ անհանգստություն չառաջացնի: 
 
«Իսկ եթե կան անհանգստություններ, ապա դրանք քննարկման հարցեր են»,- հավելեց նա: 
 
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է Արծվիկ Մինասյանը պայքարելու հանքերի ապօրինի շահագործման դեմ, որևէ նախարար չի կարողացել այդ հարցին լուծում տալ: Նա հարցին հարցով պատասխանեց. «Իսկ եթե ձեզ նշանակեին նախարար, դուք կարո՞ղ էիք լուծում տալ: Օրինակ, դուք՝ որպես լրագրող, կկարողանայի՞ք լուծել այդ հարցը»:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն