ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերի գլխավորած պատվիրակությանը
30-09-2016 19:45:23 | Հայաստան | Մշակույթ
Ս. թ. սեպտեմբերի 30-ին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, «Արևելք-Արևմուտք Վայմարի Դիվան» կազմակերպության ղեկավար, համերգային նախագծի հեղինակ Կլաուս Գալասը, Յենայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Մարկ Տարդյուն:
ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանը ողջունել է հյուրերին և նշել, որ այսօր մշակույթի նախարարի պաշտոնում իր աշխատանքային երրորդ օրն է, որն էլ նշանավորվում է Գերմանիայի նման հզոր մշակութային ժառանգություն ունեցող երկրի ներկայացուցիչների հետ հանդիպումով: Նախարարը կարևորել է Երևանում հոկտեմբերի 3-ին, Գերմանիայի միասնության օրվան նվիրված՝ Յենայի ֆիլհարմոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի համատեղ համերգը և հույս հայտնել, որ այս հրաշալի նախագիծը դրական հույզեր կփոխանցի հայ հանրությանը: Ի պատասխան՝ ՀՀ-ում ԳԴՀ դեսպանը շնորհավորել է Արմեն Ամիրյանին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ ավելի քան մեկ տարի է, դիվանագիտական առաքելություն է իրականացնում Հայաստանում և այդ ընթացքում ներկա է գտնվել բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումների, որոնք հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության վառ ապացույցն են: Դեսպանի շնորհավորանքին միացել է նաև Յենայի քաղաքապետը: Այնուհետև, կողմերն անդրադարձել են հայ-գերմանական մշակութային կապերին և քննարկել առաջիկա համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին, գերմանական կողմը շնորհակալություն է հայտնել ՀՀ մշակույթի նախարարին՝ ջերմ ընդունելության և հետաքրքիր հանդիպման համար:
Հանդիպումից անմիջապես հետո ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերի գլխավորած պատվիրակությունը հանդես են եկել հայ-գերմանական մշակութային համագործակցությանը և Գերմանիայի միասնության օրվա առթիվ՝ Յենայի ֆիլհարմոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի համատեղ համերգին նվիրված մամուլի ասուլիսով:
Ողջունելով ներկաներին, նախարարը նշել է. «Մշակույթն այն կամուրջն է, որը կարող է կապել երկու երկրների քաղաքակրթություններ, և այս համատեքստում անչափ կարևոր է Յենայի և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբերի համատեղ համերգը Երևանում»:
Ասուլիսի ընթացքում, նախարար Ա. Ամիրյանը, հայ-գերմանական մշակութային կապերի զարգացման գործում ունեցած ավանդի համար Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերին պարգևատրել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, «Արևելք-Արևմուտք Վայմարի Դիվան» կազմակերպության ղեկավար, համերգային նախագծի հեղինակ Կլաուս Գալասին և Յենայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Մարկ Տարդյուին՝ նախարարության պատվոգրերով: Արմեն Ամիրյանը կոչ է արել ներկա գտնվել հոկտեմբերի 3-ին կայանալիք համերգին:
Նշենք, որ հայ-գերմանական մշակութային օրերի շրջանակում, Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարների հովանու ներքո՝ ս. թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ԳԴՀ Թյուրինգիա երկրամասի Յենա քաղաքի ֆիլհարմոնիկ և ՀՀ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի համատեղ համերգը` նվիրված Գերմանիայի վերամիավորմանը: Համերգին կհնչեն Յո. Բրամսի, Ռ. Շումանի, Լ. վան Բեթհովենի ստեղծագործությունները: Յենա քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (հոկտեմբերի 1-ին և 2-ին) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվարորիայի Գյումրու մասնաճյուղում (սեպտեմբերի 29-ին) կանցկացնեն վարպետության դասեր՝ կլարնետ, շեփոր, ֆլեյտա, հոբոյ, ֆագոտ գործիքների համար: Յենա քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները վարպետության դասերին մասնակցած երաժիշտների հետ՝ հոկտեմբերի 2-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում հանդես կգան համատեղ համերգով:
Այցի շրջանակում, Յենայի պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երևանի և Գյումրու քաղաքապետերի հետ, ինչպես նաև կայցելի «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարաններ, Գեղարդ վանական համալիր: