Մշակույթից անտեղյակ ղեկավարները ժողովրդին զրկել են անգամ հոգևոր սննդից. Նաիրի Սահյան (տեսանյութ)


Մշակույթից անտեղյակ ղեկավարները ժողովրդին զրկել են անգամ հոգևոր սննդից. Նաիրի Սահյան (տեսանյութ)

  • 03-10-2016 14:00:47   | Հայաստան  |  Հասարակություն



«Այս խեղճ ժողովրդին զրկել են հոգևոր սննդից, սփյուռքում ևս հոգևոր սով է, իսկ եթերը լցված է մշակույթից անտեղյակ օլիգարխների դատարկաբանություններով»,- ցավով ու զայրութով նկատում է մեծ բանաստեղծ Համո Սահյանի որդին,  «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, գրող, հրապարակախոս Նաիրի Սահյանը։
 
Վերջինս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգեց, որ հայ մեծ բանաստեղծների, այդ թվում Համո Սահյանի բազմաթիվ ստեղծագործություններ այդպես էլ չեն հրատարակվում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: 
Ն. Սահյանն առաջարկում է պատկան մարմիններին իրենց ՀԿ-ին աջակցել վարկային այնպիսի ծրագրերի մշակմամբ, որոնք կտրամադրվեն առանց գրավի:
«Մեզ ընդամենը հնարավորություն է անհրաժեշտ մեր գործերն անելու համար, արտասահմանում ընդունված է համապատասխան բիզնես-պլանի ներկայացման դեպքում առանց գրավի տրամադրել վարկեր»-, ասաց նա` հավելելով, որ ինքը գող չէ ու երբեք տրամադրված վարկով չի փախչելու երկրից: 
Ն. Սահյանի խոսքերով` իրենց միակ ցանկությունն այն է, որպեսզի հայ ժողովուրդը գոնե հոգևոր սննդից չզրկվի, իսկ հայ Մեծերի չհրատարակված ստեղծագործությունները փտեն նկուղներում: 
Անդրադառնալով գրահրատարակչական ոլորտին` բանախոսն ընդգծեց, որ այսօր տպարանները հարուստների ձեռքերում են, իսկ վերջիններիս միայն փողն է հետաքրքրում, այլ ոչ թե տպագրվող գրքի բովանդակությունը:
Ն. Սահյանն առանձնակի հույսեր չի կապում նաև ՀՀ Մշակույթի նոր նախարարի հետ, քանի որ նրա կարծիքով` եթե նախարարը նշանակվում է, ապա նա չի կարող ծառայել ժողովրդին, այլ կատարելու է իշխանությունների պատվերը: 
«Ազգին նվիրյալ մտավորականները զրկված են սեփական ժողովրդին ծառայելու ամեն հնարավորությունից»,- նշեց Ն. Սահյանը:
Վերջինիս ամաչում է դիմել սփյուռքահայերի աջակցությանը, քանի որ գտնում է, որ նրանք հազիվ Հայաստանում բնակվող աղքատ ընտանիքներին են օգնում: 
Ն. Սահյանի փոխանցմամբ` բազմիցս դիմել է տարբեր հեռուստաընկերությունների ու բարձրաստիճան պաշտոնյաների, սակայն ոչ մի արձագանք չի ստացել: 
Բանախոսը շեշտում է, եթե շարունակվի պատկան մարմինների այս վերաբերմունքն իրենց խնդիրներին, ապա դիմելու են ծայրահեղ քայլերի: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն