ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը կանխարգելելու համար երեխայի իրավունքների ոտնահարման դեպքերը


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը կանխարգելելու համար երեխայի իրավունքների ոտնահարման դեպքերը

  • 04-10-2016 12:45:58   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պրն. Արման Թաթոյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն այսօր կնքեցին համագործակցության հուշագիր, համաձայն որի երկու հաստատությունները կմիավորեն իրենց ջանքերը լավագույնս արձագանքելու Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների ոտնահարման դեպքերին:
 
«Երեխայի իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում: Այդ խնդիրները պետք է լուծվեն բոլոր շահագրգիռ գործընկերների հետ համատեղ աշխատանքի միջոցով»,- նշեց պրն. Թաթոյանը:
 
ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի հանձնարարականին հետևելով և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ սերտ համագործակցության արդյունքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջերս ստեղծվել է երեխայի իրավունքների պաշտպանության բաժին: Հուշագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ս.թ. սեպտեմբերից մինչև 2017թ. դեկտեմբեր կաջակցի նորաստեղծ բաժնի գործառույթների շրջանակի մշակմանը:
 
«ՅՈւՆԻՍԵՖ-ը գոյություն ունի հարատև բարեփոխումներ իրականացնելու համար: Բարեփոխումներ, որ թույլ են տալիս երեխաներին զարգանալ և ծաղկի նման բացվել: Մենք հավատացած ենք, որ լույս աշխարհ եկած յուրաքանչյուր երեխա իրավունք ունի բռնությունից և շահագործումից զերծ պատշաճ մանկության»,- նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կարևոր դեր ունի երեխաների իրավունքների խթանման և պաշտպանության հարցում: Խորհրդատվական աջակցության շնորհիվ այն կարող է ահազանգել և տեղեկացնել կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և դերակատարում ունեցող այլ կարևոր մարմիններին ահազանգող խնդիրների մասին: Այն կարող է ձայն տալ ամենախոցելի երեխաներին և կարևոր կապ ստեղծել երեխաների և մեծահասակների միջև: Մենք համոզված ենք, որ մեր գործընկերության շնորհիվ կամրանա Հայաստանում երեխայի իրավունքների մասին երկխոսությունը:»
 
Համագործակցության շրջանակում պլանավորվում է մշակել Մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացնելու երեխայակենտրոն մեխանիզմ, ինչը կօգնի ավելի արհեստավարժ կերպով արձագանքել երեխայի իրավունքների ոտնահարումների դեպքերին: Գործընկերները նաև կիրականացնեն աշխատակազմի վերապատրաստում երեխայի իրավունքների, դրանց ոտնահարման դեպքերի մշտադիտարկման ու զեկուցելու, իրավախախտման զոհ կամ վկա հանդիսացող երեխաների հարցազրույցի վերաբերյալ, ինչպես նաև լրագրողների համար կստեղծվեն երեխաներին վերաբերող զգայուն տեղեկատվությունն էթիկապես օգտագործելու թեմայով ուղեցույց:
Նոյյան տապան  -   Իրավունք