Այժմ չենք ամաչի ոչ մեր հիվանդներից,ոչ մեր ուսանողներից և ոչ էլ օտարերկրյա հյուրերից.պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյան
05-10-2016 18:39:24 | Հայաստան | Հարցազրույցներ
Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում այսօր օրենքի սահմաններում իրականացվում են բոլոր այն պլաստիկ վիրաբուժական միջամտությունները, որոնք կատարվում է Եվրոպայում և ԱՄՆ-ում: Այցելուների աշխարհագրությունը լայն է՝ սկսած ԱՄՆ-ից մինչև Մերձավոր Արևելք և Անկախ պետությունների համագործակցության երկրներ: Իսկ ի՞նչ ճանապարհ է անցել հայրենական պլաստիկ վիրաբուժությունը, ի՞նչն է նպաստել այդ ճյուղի զարգացմանը Հայաստանում. այս եւ ոլորտին վերաբերող այլ հարցերին «Նոյյան Տապան»-ի թղթակցին պատասխանում էթիվ 1 կլինիկական հիվանդանոցում 1996 թվականից առ այսօր աշխատող ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ, պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը:
- Պարոն Սահակյան, կա տարածված տեսակետ, որ Հայաստանում միկրովիրաբուժության զարգացմանը մեծապես նպաստել է հատկապես 1988 թ.-ի երկրաշարժի եւ դրան հաջորդած տարիների Արցախյան պատերազմի դաշտում աշխատելու փորձը: Որքանո՞վ է դա ճիշտ:
- Պատերազմն ի դժբախտություն հայ ժողովրդի հսկայական կորուստներ պատճառեց մեզ, սակայն վիրաբուժությունը սովորաբար նման պայմաններում է զարգանում: Մենք իսկապես կարողացանք դաժան փորձ ձեռք բերել հենց պատերազմի տարիներին:
Երկրաշարժի օրերին մենք անկարող էինք որևէ բան անել. այդ ժամանակ հիմնականում մարդկանց վերջույթներն անդամահատում էին: Այլ հարց է, որ հետագա տարիներին հետվնասվացքային թերությունները, սպիներն ու ֆունկցիոնալ բացերը վերացնելու նպատաով մենք բավականին աշխատանք ենք կատարել:
Արցախյան պատերազմի տարիներին հրազենային վիրավորումները չափազանց շատ էին: Սկասծ 1989 թվականից, ես և իմ կողմից ղեկավարվող կենտրոնի աշխատակիցները հսկայածավալ օգնություն ցուցաբերեցինք վիրավոր զինվորներին: 1992 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ավելացավ վիրավորների քանակը. ամսական միջինը 40-50 զինվորի էինք բուժում՝ միաժամանակ նրանց կերակրում էինք և ֆինանսական օգնություն տրամադրում:
Պատերազմը մեզ հսկայական փորձ տվեց մեծ թվով հրազենային վիրավորում ստացած զինվորների հետ տակտիկապես ճիշտ գործելու առումով. նախկինում եթե հրազենային վնասվածք ստանալուց անմիջապես հետո դիմում էին անդամահատման, ապա մենք բավականին հաճախ կարողանում էինք պահպանել վերջույթը, վերապատվաստումներ անել, բուժել բորբոքային պրոցեսում գտնվող վերքերը:
- Ե՞րբ Ձեզ հաջողվեց Հայաստանում կատարել առաջին միկրովիրաբուժությունը եւ ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Ջլերի, նյարդերի, վերին և ստորին վերջույթների մատների վիրահատություններ ես կատարում էի դեռեւս 1982-83 թվականներից սկսած, սակայն 1985 թվականին, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ինձ հաջողվեց կատարել ոտնաթաթի բութ մատի փոխպատվաստում դաստակի վրա: Եթե Մոսկվայում դա կատարվում էր 10-15 մարդու մասնակցությամբ, ապա Հայաստանում 12 ժամ տևող այդ վիրահատությունը ես կատարել եմ մեկ ասիստենտի օգնությամբ, ծանր վիրահատությունից և անքուն գիշերվանից հետո: Իհարկե, այդ ամենն արհեստականորեն ստեղծված դժվարություններ էին, նպատակն էր ինձ թույլ չտալ վիրահատությունը կատարել (Հայաստանում թե այն ժամանակ, և թե հիմա խիստ դժվար է աշխատանք գտնել այս մասնագիտությամբ, քանի որ այն ավելի շահութաբեր է): Սակայն այն օրերին ես, միևնույնն է, ռիսկի դիմեցի և հաջողեցի:
Խոչընդոտներն իսկապես շատ էին. ուղիղ մեկ ու կես տարի պահանջվեց ինձանից, որպեսզի ես թույլտվություն ստանամ առաջին փոխպատվաստումը կատարելու համար: 1986 թվականին ես իմ թիմի հետ միասին կատարեցի 40 վերապատվաստում, որից 39-ը հաջողված էին, այն դեպքում, երբ նույն տարում Մոսկվայում կատարվել էր 33 վիրահատություն և հաջողվել էր ընդամենը 17-ը:
Իսկ 1990 թվականին 6 ամսով ես մեկնեցի Ֆրանսիա, որից հետո համագործակցությունը շարունակիվեց ֆրանսիական մի շարք կլինիկաների և բժիշկների հետ: Այս համագործակցությունը հնարավորություն տվեց առավել զարգացել հայկական պլաստիկ վիրաբուժությունը և համաշխարհային վիրաբուժության ձեռքբերումները կիրառել Հայաստանում: Այս առումով, ես իմ ուսուցիչներին եմ համարում ֆրանսիացիներին:
- Պատերազմական տարիները թերևս անցյալում են, սակայն Ղարաբաղում իրավիճակը դեռեւս լարված է մնում: Շարունակու՞մ եք դուք Ղարաբաղում Ձեր մասնագիտական գործունեությունն իրականացնել նաեւ այս օրերին:
- Համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժիշկների հետ սկսվել է 1990 թվականի ապրիլից և շարունակվում է մինչև օրս: Ներկա օրերում նույնպես ես և իմ թիմը տարեկան 6 անգամ մեկնում ենք Արցախ և այնտեղ 100-120 անվճար վիրահատություններ ենք իրականացնում: Հիմնականում շեշտը դնում ենք շրջաններում ապրող մարդկանց օգնություն տրամադրելու վրա, քանի որ ի տարբերություն 1990-ականների սկզբներին, այսօր Ստեփանակերտում կան բանիմաց, բավականին խելացի եւ փորձառու մասնագետներ, ինչը մեծ պատիվ է բերում ԼՂՀ Առողջապահության նախարարությանը:
- Հայտնի է, որ Դուք եղել եք Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր: Ո՞րն է եղել քաղաքականությամբ զբաղվելու պատճառը եւ ինչո՞ւ եք հետագայում լքել այդ բնագավառը:
- Ինչպես եւ յուրաքանչյուր հայ մտավորական, 1988 թվականից սկած, երբ Հայաստանը գնում էր դեպի անկախություն, ես նույնպես սկսել եմ զբաղվել քաղաքականությամբ եւ 1995 թվականին ընտրվել եմ Ազգային Ժողովի Պատգամավոր: Սակայն 1999 թվականից հեռացել եմ ակտիվ քաղաքական գործունեությունից, համարելով, որ արդեն ավելի ճիշտ է զբաղվել սեփական մասնագիտությամբ՝ վիրաբուժությամբ, և իմ բոլոր կարողություններն ուղղել հատկապես այդ ոլորտի զարգացմանը:
Չնայած այդ ամենին, ես երբեք անտարբեր չեմ եղել այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Ցավ եմ ապրում, տեսնելով, թե ինչպես է շարունակում նվազել Հայաստանի բնակչությունը: Հատկապես երկրի սահմանամերձ շրջաններն են հայաթափվում, ինչը մեծ դժբախտություն եմ համարում: Պետք է ամեն ինչ արվի հետագա հայաթափման գործընթացը կանխելու և երկիրը զարգացման ուղով տանելու համար: Դրա համար պետք է մեր երիտասարդությունը հնարավորություն ունենա արժանապատվորեն շարունակելու Հայաստանում իր աշխատանքային գործունեությունը: Այս առումով մեզ սոցիալական արդարություն, ժողովրդավարություն և ազնվություն է անհրաժեշտ:
- Հայաստանում նոր կառավարություն է ձեւավորվում Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Ի՞նչ եք կարծում, այս փոփոխութոյւնը որևէ դրական տեղաշարժ կապահովի մեր երկրում:
- Ես անձամբ եմ ճանաչում Կարեն Կարապետյանին, առավել մտերիմ եմ նրա հոր՝ Վիլեն Կարապետյանի հետ: Մեր հանդիպումները միշտ արդյունավետ են եղել: Կարծում եմ, որ շատ ճիշտ ընտրություն է կայացվել: Կարեն Կարապետյանը հսկայական աշխատանքային փորձ ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Ռուսաստանում: Նա հայրենասեր և բարձր ինտելեկտի տեր է: Երբեմն նրան հանդիպում եմ Արցախում: Կարծում եմ, նրա նշանակումը կնպաստի Հայաստանի տնտեսության բարգավաճմանը և հայ-ռուսական հարաբերությունների մերձեցմանը:
- 1996 թվականից առ այսօր աշխատում եք Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցում, որի վերանորոգման աշխատանքները դուք եք այժմ իրականացնում: Արդյո՞ք բժշկական համալսարանը, կրթության նախարարությունը որևէ կերպ չեն աջակցում Ձեզ այդ գործում:
- Չեմ ցանկանում մշտական գանգատվողի դերում լինել, սակայն 1-ին կլինիկական հիվանդանոցում առաջին վերանորոգումը կատարվել է 1996 թվականին՝ իմ կողմից, առանց պետական աջակցության: Բժշկական համալսարանի ղեկավարությունը պլաստիկ վիրաբուժության բաժանմունքին ոչ մի օգնություն չի ցուցաբերել: Այս տարի՝ 20 տարի անց, իմ ապարդյուն և անպատասխան մնացած դիմումներից հետո ես որոշում ընդունեցի սեփական միջոցներով, ինչպես նաև որոշ ընկերների օգնությամբ վերանորոգել պլաստիկ վիրաբուժության կլինիկան: Ոչ ոք չէր հավատում, որ մեկ ու կես ամսում հնարավոր կլինի այս հսկայական երկու հարկանի կլինիկան ամբողջովին վերանորոգել և տեսքի բերել:
Այժմ մենք չենք ամաչի ոչ մեր հիվանդներից, որոնցից շատերը տարբեր երկրներից են, ոչ մեր ուսանողներից և ոչ էլ մեր օտարերկրյա հյուրերց, եւ մեր բժշկական ծառայությունները կմատուցենք արժանավայել պայմաններում:
-Ի՞նչ կմաղթեիք հայ ժողովրդին:
Խաղաղություն, միաբանություն, միասնություն և սոցիալական արդարություն:
Մի՛ լքեք մեր հայրենիքը, որ մեր պապերն են պահել ու մեզ փոխանցել: