«Բրյուսովյան ընթերցումներ» XV միջազգային գիտաժողովը նվիրված է «Հայաստանի պոեզիա» ժողովածուի հրատարակման 100-ամյակին


«Բրյուսովյան ընթերցումներ» XV միջազգային գիտաժողովը նվիրված է «Հայաստանի պոեզիա» ժողովածուի հրատարակման 100-ամյակին

  • 06-10-2016 13:50:52   | Հայաստան  |  Մշակույթ

2016 թվականի հոկտեմբերի 6-8-ը  Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կանցկացվի «Բրյուսովյան ընթերցումներ» XV միջազգային գիտաժողովը, որը նվիրված է  «Հայաստանի պոեզիա» ժողովածուի հրատարակման 100-ամյակին: Գիտաժողովը կազմակերպել են Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը՝ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, Երևանում գործող Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, ԵՊԼՀ  շրջանավարտների միավորման, Ռուսաստանի հայերի միության և «Անտարես» հոլդինգի աջակցությամբ: Գիտաժողովի բացումը կկայանա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10.00-ին,  Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի նիստերի մեծ դահլիճում: 
 
Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ 9 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից (մոտ 10 քաղաքներից), Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից և Լեհաստանից: Մասնակիցների թվում են հայտնի գիտնականներ և երիտասարդ մասնագետներ: Գիտաժողովի բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան ԵՊԼՀ ռեկտոր Գ.Գասպարյանը,  ՀՀ կրթության և գիտության նախարարը, ՀՀ մշակույթի նախարարը, ինչպես նաև կհնչեցվեն ողջույնի խոսքեր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության, Երևանում գործող Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և Ռուսաստանի հայերի միության անունից: Լիագումար նիստը կբացի ականավոր գիտնական, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր Ս.Գինդինը: Գիտաժողովի ընթացքում գիտական զեկույցների հետ մեկտեղ նախատեսված են հետևյալ միջոցառումները՝ «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիայի ֆաքսիմիլե հրատարակության և  «Բրյուսովյան գիտական կենտրոն»-ի կայքի շնորհանդեսը, համերգային ծրագիրը, էքսկուրսիաներ, որոնց ընթացքում մասնակիցները կայցելեն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Օշական (Սուրբ Թարգմանչաց տոնի շրջանակներում՝ հոկտեմբերի 8-ին, նախատեսված է նաև այց Մեսրոպ Մաշտոցի դամբարան):
«Բրյուսովյան ընթերցումներ»-ն ավանդաբար անցկացվում են ավելի քան 50 տարի շարունակ: Առաջին «Ընթերցումները» անցկացվել են 1962 թվականին, որից ի վեր գիտաժողովն անցկացվել է ինչպես Հայաստանում, որտեղ գործում է  բրյուսովագիտության կենտրոն հանդիսացող  «Բրյուսովյան գիտական կենտրոնը» (Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ում),  այնպես էլ  Ռուսաստանում: «Ընթերցումներն» ավանդաբար անցկացվում են հոբելյանական տարեթվերի առիթով: Այս տարի գիտաժողովի անցկացման առիթ հանդիսացած իրադարձությունն առանցքային է ոչ միայն Բրյուսովի, այլև ողջ հայ ժողովրդի պատմական կյանքում: Խոսքը վերաբերում է մեծածավալ աշխատության՝ «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիայի հրատարակությանը: Բազմադարյա հայ պոեզիայի ողջ հարստությունը, յուրօրինակ հմայքը, գեղեցկությունը և բազմազանությունը բացահայտելու խիստ պատասխանատու խնդիրն առաջին անգամ ստանձնեց հենց Վալերի Բրյուսովը: Անթոլոգիան լույս տեսավ 1916 թվականին: 2016 թվականը նշանավորվեց դարակազմիկ հրատարակության վերածնունդով: Ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա գիտաժողովի շրջանակներում: Ընդհանուր առմամբ՝ գիտաժողովի ընթացքում ծրագրված է անցկացնել 9 աշխատանքային նիստեր հետևյալ ուղղություններով՝
 
Վ. Բրյուսովը և հայկական մշակույթը
 
Վ.Բրյուսովը և համաշխարհային մշակույթը
 
Վ.Բրյուսովի ստեղծագործական ժառանգության խնդիրները
Նոյյան տապան  -   Մշակույթ