ՀՀ կառավարության շենքի դիմաց «մշտական» բողոքողներին միացել են բուքմեյքերները և վանաձորցիները (տեսանյութ)


ՀՀ կառավարության շենքի դիմաց «մշտական» բողոքողներին միացել են բուքմեյքերները և վանաձորցիները (տեսանյութ)

  • 06-10-2016 20:23:26   | Հայաստան  |  Հասարակություն



Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի առջև այսօր դարձյալ բողոքի ակցիաներ էին: Մշտական ցուցարարների կողքին իրենց բողոքի ձայնն են բարձրացնում «Եվրոֆուտբոլ» ընկերության 300 աշխատակիցները: 
Նրանց դժգոհությունը կապված էր ընդունված Հարկային նոր օրենսգրքի անցումային դրույթներում պետական տուրքի մասին կատարված փոփոխության հետ, համաձայն որի` վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիաների պետական տարեկան տուրքն ավելացվել է 5 անգամ` 200 միլիոն դրամից  հասնելով 1 միլիարդի:  
 
Կառավարության շենքի առջև հավաքված բուքմեյքերները  հանդիպում են պահանջում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: 
«Եվրոֆուտբոլ» ընկերության իրավաբանական գծով տնօրեն Մառլեն Սմբատյանի փոխանցմամբ` իրենք ունեն մի շարք առաջարկներ վերոնշյալ խնդրի արդյունավետ լուծման համար, որոնք պատրաստվում են նամակով հանձնել Կարեն Կարապետյանին: 
Ցուցարարների համոզմամբ` ներկա պահին խնդրի նման լուծումը հանգեցնելու է աշխատատեղերի կրճատման, ընկերությունների լուծարման, արտագաղթի նոր ալիքի և ոլորտի մոնոպոլիզացման: 
Վարչապետի հետ հանդիպում են պահանջում նաև Վանաձոր քիմպրոմի նախկին աշխատակիցները, ովքեր 2011 թվականից աշխատել են Վանաձոր քիմպրոմից առանձնացված, նորարարություններով զբաղվող «Րենջեր Էներջի» ընկերությունում, որն հետագայում լուծարվել է: 
Նշյալ ընկերության նախկին աշխատակից Զորիկ Բաբաջանյանի տեղեկացմամբ` իրենք Կառավարության շենքի առջև հավաքվել են պատկան մարմիններից պահանջելու իրենց աշխատավարձերը և վերջնահաշվարկը:
Բանն այն է, որ Վանաձոր քիմպրոմի նախկին աշխատակիցները չեն ստացել 2011 թվականի վերջին չորս ամիսների իրենց աշխատավարձերը և վերջնահաշվարկը: 
Դժգոհող վանաձորցիների պնդմամբ` աշխատավարձ չստացած աշխատակիցները 150 հոգի են, որոնցից  հարյուրը դիմել են դատարան` իրենց աշխատավարձերի և վերջնահաշվարկի պահանջով: Դատարանը բավարարել է նրանց պահանջը, սակայն նրանից ոչ մեկ դեռևս աշխատավարձ չի ստացել:
Այս խնդրով խոստացել էր զբաղվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն այժմ ցուցարարների վերջին հույսը նոր վարչապետն է: 
Անփոփոխ են մնացել նաև հաշմանդամություն ունեցող  թոշակառու օդաչուների պահանջները: Նրանք շարունակում են փոխհատուցում պահանջել աշխատանքային գործունեության ընթացքում ձեռք բերված հաշմանդամության համար:
Կառավարության շենքի առջև հավաքված ցուցարարներից միայն Կոնդ և Ֆիրդուս թաղամասերի անօթևան մնացած բնակիչներն են, որոնք այլևս ոչ մի հույս և ակնկալիք չունեն իշխանություններից: Միաժամանակ նրանք չեն հրաժարվում ամեն հինգշաբթի իրենց ներկայությամբ հիշեցնել պաշտոնյաներին սեփական գոյության մասին: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը՝  «Նոյյան Տապան»-ի
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն