«Խաչատրյանը և ջազը» նախագծով մեկնարկել է Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը. տեսանյութ
07-10-2016 13:10:26 | Հայաստան | Մշակույթ
Հոկտեմբերի 6-ին «Խաչատրյանը և ջազը» նախագծով մեկնարկել է Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։
Բացման երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը կատարել են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները և համաշխարհային պրեմիերա՝ Դևիդ Դե Բուր Քենֆիլդի Արամ Խաչատրյանի թեմաներով գրված կոնցերտը՝ սաքսոֆոնի և նվագախմբի համար (մենակատար՝ Հայրապետ Առաքելյան (Հայաստան/Գերմանիա): Համերգի մենակատարներն էին Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)։ Համերգը ղեկավարում էին դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Արմեն Հյուսնունցը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրել է, որ խաչատրյանական 4-րդ փառատոնը ներառում է 20 համերգ՝ սիմֆոնիկ, կամերային, բալետային ներկայացումներ, ինչպես նաև՝ վարպետության դասեր։ Հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 10-ը Հայաստան կժամանեն հանրահայտ արտիստներ՝ Ջուլիան Միլկիսը (կլարնետ/Կանադա), Ջոնաթան Ռուզեմանը (թավջութակ/Ֆինլանդիա/Նիդեռլանդներ), դիրիժոր Ֆլորիան Հելգաթը (Գերմանիա), Եվգենի Ստարոդուբցևը (դաշնամուր/Ռուսաստան), Զոհրաբ Թադևոսյանը (ջութակ/Հայաստան/Իսպանիա), Լիլիթ Գրիգորյանը (դաշնամուր/Գերմանիա) և այլք։ Մաեստրո Սմբատյանը նկատում է, որ փառատոնը կարևորում և մեծ տեղ է հատկացնում նաև Հայաստանում ապրող, գործող արտիստներին ու կոլեկտիվներին։ Փառատոնի ընթացքում համերգներով հանդես կգան նաև Արամ Թալալյանը (թավջութակ), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ), Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Խաչատրյանի անվան եռյակը, Կոմիտասի անվան ազգային քառյակը և այլն։ «Մենք ունենք նվիրյալ երաժիշտներ, որոնք նույնպես շատ բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեն, և ես կարծում եմ, որ մեր փառատոնի մեծագույն ձեռքբերումը ճիշտ ընտրված ձևաչափն է. մեկ հարթակում կարող եք տեսնել և՜ դրսի հայտնի, և՜ հայաստանցի տաղանդաշատ երաժիշտներին»,- ասել է մաեստրո Սմբատյանը։
Ամերիկացի կոմպոզիտոր Դևիդ Դե Բուր Քենֆիլդը, ում խաչատրյանական թեմաներով ստեղծագործությունն առաջին անգամ կատարվեց փառատոնի բացման համերգին, նշել է, որ Խաչատրյանի ստեղծագործություններին ծանոթացել է, երբ ուսանող էր։ Շատ է կատարել հայ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը, և հենց դա է նրան ոգեշնչել՝ գրելու խաչատրյանական թեմաներով կոնցերտ։ Դևիդ Դե Բուր Քենֆիլդը նկատում է, որ Խաչատրյանի գործերը շատ լավ են հնչում ջազային մշակմամբ։
Խաչատրյանի փառատոնի բացման շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվել է նաև միջազգային ֆոտոմիության կողմից կազմակերպված «Ազատություն» խորագրով մրցույթ-փառատոնի լուսանկարչական աշխատանքների ցուցադրություն։
Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի հովանավորներն են «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Անի պլազան», «Երևանի կոնյակի գործարանը», ԱրմՍվիսԲանկը։