ՀՀԿ-ական թեկնածուն չընտրություններում դարձավ Գառնու ընտրված գյուղապետ. վստահված անձ (տեսագրություն)


ՀՀԿ-ական թեկնածուն չընտրություններում դարձավ Գառնու ընտրված գյուղապետ. վստահված անձ (տեսագրություն)

  • 07-10-2016 15:17:09   | Հայաստան  |  Հասարակություն



ՀՀԿ-ական թեկնածուն չընտրություններում դարձավ Գառնու ընտրված գյուղապետ: Այս մասին «Նոյյան Տապանի» մամլո սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՏԻՄ ընտրություններում Գառնու համայնքապետի պաշտոնում ինքնաառաջադրված թեկնածու Արուսյակ Այվազյանի վստահված անձ, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
 
Ըստ նրա` հոկտեմբերի 2-ին Հայաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններն առաջին հերթին ապտակ էին` ուղղված նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Ս. Հացպանյանի կարծիքով`  Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելը ժողովրդի մեջ դրական փոփոխությունների հույս էր ներշնչել, սակայն Գյումրիի, Վանաձորի, Գառնիի ու Սիսանի` նրա բնորոշմամբ` խայտառակ ՏԻՄ ընտրություններն անէացրեցին Կ. Կարապետյանի նշանակման հետ կապված որևէ բան փոխելու ակնկալիքները:
«Նրա փոխարեն այդ ընտրությունները ես անվավեր կհամարեի, բայց քանի որ վարչապետը Մոսկվայից այստեղ է ուղարկվել հայաստանյան վերջին իրադարձություններից հետո ստեղծված լարված իրավիճակը թոթափելու նպատակով, նա նման քայլի չի գնա»,-նշեց Ս. Հացպանյանը:
Վերջինիս համոզմամբ, Հայաստանում քաղաքացիներն այնքան են հուսահատվել, որ եկել են այն համոզմանը, թե իրենց ձայնը ոչ մի փոփոխություն չի կարող իրականացնել, հետևաբար առանց կաշկանդվելու ընտրակաշառք են վերցնում:
Անդրադառնալով Գառնու ՏԻՄ ընտրություններին, Ս. Հացպանյանը նշեց, որ ընտրությունների ամբողջ օրը Գառնու գործող քաղաքապետ Աշոտ Վարդանյանը և քաղաքապետի թեկնածու Ահարոն Սահակյանը  բոլոր ընտրատեղամասեր ընտրություններին մասնակցելու նպատակով մեքենաներով մարդկանց են բերել, ովքեր համաձայնել են գումարի դիմաց քվեարկել նշյալ թեկնածուների օգտին: 
Ա. Այվազյանի մեկ այլ վստահված անձ Գրիզելդա Ղազարյանի համոզմամբ, ներկա ընտրական օրենսգրքով հնարավոր չէ հասնել որևէ դրական փոփոխության, քանի որ եթե նախկինում արգելվում էր կրկնակի քվեարկությունը, ներկայումս հնարավոր է  դարձել եռակի և նույնիսկ քառակի քվեարկություններ իրականացնել:
«Կարծում եմ, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հիվանդ է, քանի որ նրան մեծամասամբ ընտրում են տարեց և ի ծնե անմեղսունակ մարդիկ, և ես չգիտեմ, թե ՀՀԿ-ն որտեղի՞ց է պեղում և գտնում նման թշվառ մարդկանց »,- նշեց Գ. Ղազարյանը` հավելելով, որ այդ ծերերն իրենց ձեռքով պղծում են իրենց թոռնիկների ապագան: 
Իսկ Գառնու համայնքապետի պաշտոնում ինքնաառաջադրված Ա. Այվազյանի տպավորություններով` թեև գառնեցիները հավանել էին իր կազմած նախընտրական ծրագրերը, այնուամենայնիվ, քվեարկել են այն թեկնածուների օգտին, որոնք նախորոք ուղղորդել են ընտրողներին ընտրատեղամաս: 
Ա. Այվազյանի փոխանցմամբ, Գառնու համայնաքապետի պաշտոնում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Ահարոն Սահակյանն ընտրությունների օրն իրեն վստահեցրել է, որ հաղթելու դեպքում իրականացնելու է նաև Արուսյան Այվազյանի տասներկու կետից բաղկացած նախընտրական նախագիծը:
Վերջինս պատրաստակամություն հայտնեց իր հնարավորությունների շրջանակներում օգնել նորընտիր գյուղապետին:
 
 
Սառա Մելքոնյան, «Նոյյան Տապան» 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն