Հայաստանը կարող է դառնալ տարանցումային երկիր՝ իրանական գազը Եվրոպա տեղափոխելու ճանապարհին. Փորձագետ


Հայաստանը կարող է դառնալ տարանցումային երկիր՝ իրանական գազը Եվրոպա տեղափոխելու ճանապարհին. Փորձագետ

  • 13-10-2016 12:42:57   | Հայաստան  |  Վերլուծություն

Եվրոպական միության (ԵՄ) տնտեսական հզորացման հետ միասին աճում են նրա էներգետիկ պահանջմունքները և ներմուծումը: Միաժամանակ, արևելք ընկած հետխորհրդային տարածաշրջանի երկրները ձգտում են օգուտներ ստանալ էներգառեսուրսների արտահանումից, տարանցումից և բարելավել իրենց էներգետիկ հնարավորությունները: ԵՄ-ի և արևելյան հարևանների միջև համագործակցությունը կարող է նպաստել կանխատեսելի և թափանցիկ էներգետիկ շուկաների ստեղծմանը, որոնք ընդունակ կլինեն խթանել ներդրումները և տնտեսական աճը, ինչպես նաև` բարձրացնել էներգիայի մատակարարումների անվտանգության մակարդակը: Այս առումով պատահական չէ, որ ԵՄ-ը զգալի դրամաշնորհներ է տրամադրում այդ երկրների էներգետիկ սեկտորների զարգացման համար: ԵՄ-ի և Արևելյան Գործընկերության (ԱլԳ) երկրների էներգետիկ շահերի միջև գոյություն ունի զգալի սիներգիա, ինչը ԵՄ-ի և Գործընկերության երկրների համագործակցության ընդլայնման հեռանկարային հնարավորություններ է ապահովում:
 
ԱլԳ շրջանակներում էներգետիկ ենթակառուցվածքների և էներգետիկ անվտանգության հարցերը շարունակում են մնալ որպես Գործընկերության երկրների հետ ԵՄ-ի համագործակցության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Այս նպատակով 2009թ. մայիսին ԱլԳ-ի գագաթաժողովում որոշվեց ստեղծել էներգետիկ անվտանգության գծով թեմատիկ հարթակ (Պլատֆորմ 3): Էներգետիկայի ոլորտին կարևոր նշանակություն է տրվել նաև ԱլԳ-ի 2015թ. մայիսի 21-22-ը տեղի ունեցած Ռիգայի գագաթաժողովում: Գագաթաժողովի մասնակիցների կողմից ստորագրված հռչակագրում կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունն էներգետիկ անվտանգության ամրապնդման, կայունության և մրցունակության, ինչպես նաև` մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում: Նրանք հաստատել են նաև էներգետիկայի բնագավառում երկկողմանի և բազմակողմանի համագործակցությունը խորացնելու իրենց մտադրությունը: Գագաթաժողովը ողջունել է էներգետիկ ենթակառուցվածքի խոշոր նախագծերի հարցում ձեռքբերված առաջընթացը` կարևորելով Ադրբեջանի, Վրաստանի և այլ երկրների դերը Հարավային գազային միջանցքի կայացման հարցում: 
 
Մինչև վերջերս ԵՄ-ին չէր հաջողվում ունենալ գործող միասնական էներգետիկ ռազմավարություն: Էներգետիկայի ոլորտում քաղաքականությունը համարվել է ազգային պետությունների իրավասության հարց: Սակայն վերջին տարիներին միասնական էներգետիկ քաղաքականության մշակման և իրականացման ջանքերի ակտիվացում է նկատվում` ինչպես ԵՄ-ի ներսում, այնպես էլ միավորման մեջ չմտնող երկրների հետ հարաբերություններում: 
 
2014թ. Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն առաջարկեց ստեղծել Էներգետիկ միություն, այդ թվում` Ռուսաստանի հետ էներգետիկ բանակցությունների համար միասնական մեխանիզմ` շեշտը դնելով էներգիայի խնայման ենթակառուցվածքի և մատակարարների դիվերսիֆիկացիայի վրա: Նոր Եվրոպական հանձնաժողովն արագ վերցրեց էներգետիկ միության ստեղծման գաղափարը: 2015թ. փետրվարի 25-ին Եվրոպական հանձնաժողովն ընդունեց Էներգետիկ միության ռազմավարությունը: 2015թ. մարտին Եվրոպական խորհուրդը հավանություն տվեց Էներգետիկ միության ստեղծմանը:
 
ԵՄ-ի Էներգետիկ միությունը ենթադրում է ներքին էներգետիկ շուկայի այնպիսի ինտեգրում, երբ արտաքին էներգետիկ քաղաքականությունը պարզապես կլինի դրա բնական շարունակությունը: ԱՄՆ-ում վիթխարի քանակությամբ հեղուկ գազի արտադրության և Իրանից պատժամիջոցների հանման արդյունքում ձևավորվել է նոր գլոբալ էներգետիկ կոնտեքստ, որում ԵՄ-ը պետք է հաշվեկշռի իր ներքին էներգետիկ նախաձեռնությունները երկարաժամկետ արտաքին ռազմավարության հետ:
 
Միության ստեղծումն առայժմ ենթադրում է պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, որոնց կնքման համաձայնեցումը Եվրահանձնաժողովի հետ դեռ պարտադիր չէ: Բայց նախատեսվում է, որ շուտով այդ գործընթացը պետք է համապատասխանեցվի ԵՄ-ի միասնական կանոններին: Դա նշանակում է գազի ներմուծման հետ կապված հարցերում ԵՄ-ի երկրների անկախության վերացում: Միաժամանակ, դա ԵՄ-ի և նրա անդամ երկրների բանակցային դիրքերի ամրապնդումն է էներգառեսուրսների արտաքին մատակարարների նկատմամբ: Այսինքն, ստեղծվում է էներգետիկ միություն, որը մեկ ձայնով է խոսում գլոբալ մակարդակում:
 
Էներգետիկ միության նպատակը եվրոպական էներգետիկ շուկայի պաշտպանությունն է աշխարհաքաղաքական ռիսկերից: Վերջիններս հիմնականում կապված են այն երկրների հետ, որոնք հնարավորություն ունեն արտադրել էներգառեսուրսներ և դրանք օգտագործել որպես քաղաքական ազդեցության գործիքներ: Հասկանալի է, որ խոսքը նախ և առաջ վերաբերում է Ռուսաստանի հետ ԵՄ-ի միասնական գազային քաղաքականության մշակմանը: Ռուսաստանն իր քաղաքական նպատակներին բազմաթիվ անգամ փորձել է հասնել ԵՄ-ի դեմ էներգետիկ լծակների կիրառման միջոցով: Այս խնդիրը ԵՄ-ի համար արդիական դարձավ 2006թ. և 2009թ. ուկրաինա-ռուսական գազային ճգնաժամի ժամանակ, հատկապես սրվեց 2014թ. Ուկրաինայի շուրջ ռուս-ուկրաինական ռազմական առճակատման հետևանքով: 
 
Մյուս գործոնը, որը Բրյուսելին ստիպեց լրջորեն զբաղվել այս խնդրով, Ռուսաստանի հրաժարումն է Էներգետիկ խարտիայի պայմանագրի վավերացումից, ինչը ԵՄ-ին զրկում է այդ երկրի տարածքով Ղազախստանից և Թուրքմենստանից նավթ և գազ ներմուծելու հնարավորությունից: 
 
1991թ. Ռուսաստանը ստորագրել է Եվրոպական էներգետիկ խարտիան, իսկ 1994թ.` Էներգետիկ խարտիայի պայմանագիրը և դրան կից՝ էներգետիկ արդյունավետության և համապատասխան էկոլոգիական ասպեկտների հարցերով արձանագրությունը: Սակայն Մոսկվան օգտագործել է միայն պայմանագիրը ժամանակավորապես կիրառելու պրակտիկան: 2009թ. Ռուսաստանը հրաժարվեց նաև դրա ժամանակավոր կիրառումից և կազմակերպությանն անդամավճարներ տալուց, հայտարարեց պայմանագրի կողմ չդառնալու մտադրության մասին և ներկայացրեց «էներգետիկ ոլորտում միջազգային համագործակցության նոր իրավական բազայի հայեցակարգային մոտեցումը», որի հիման վրա 2010թ. նոյեմբերին պատրաստվեց «Միջազգային էներգետիկ անվտանգության ապահովման կոնվենցիան»: Էներգետիկ խարտիայում Ռուսաստանի կարգավիճակը և կազմակերպությունում հետագա մասնակցության հեռանկարները մնում են անորոշ:
 
1990-ական թվականներին Ռուսաստանն Էներգետիկ խարտիայի հետ համագործակցության ճանապարհով փորձում էր ձեռք բերել արևմտյան ներդրումներ և տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ էին նավթի և գազի արդյունահանման խորհրդային ժամանակաշրջանի մակարդակների վերականգնման համար: Եվրոպական երկրներն իրենց հերթին ձգտել են երաշխավորել էներգիայի մատակարարումների կայունությունը և աջակցել շուկայական գնագոյացմանն արևելյան ուղղությամբ: Այդ ժամանակ պայմանագիրն ընկալվում էր որպես «ներդրումների ապահովում Արևելքի համար` Արևմուտքի համար մատակարարումների հուսալիության փոխարեն»: 
 
Վերջին տարիներին Ռուսաստանը հայտարարեց ԵՏՄ-ի նախագծի շրջանակներում ընդհանուր էներգետիկ շուկա և էներգետիկ միություն ստեղծելու մտադրությունների մասին: 2014թ. մայիսին ստորագրված ԵՏՄ պայմանագիրը ենթադրում է մասնակից երկրների էներգետիկ քաղաքականության համակարգում և ընդհանուր էներգետիկ շուկաների փուլային ձևավորում: Հայտարարվում է, որ այդ կերպ հնարավոր կլինի ապահովել շուկայական գնագոյացում, մրցակցություն, վարչական և տեխնիկական արգելքների վերացում, ներդրումների համար բարենպաստ պայմաններ, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացում, ազգային նորմերի և տեխնոլոգիական ու առևտրային ենթակառուցվածքների գործունեության կանոնների ներդաշնակեցում: 
 
Եթե էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան պլանավորվում է ստեղծել 2019թ., ապա նավթի/նավթամթերքների և գազի շուկան` 2025թ., ինչը վկայում է նախագծի գերքաղաքականացվածության և Մոսկվայի կողմից էներգակիրներով աղքատ իր “դաշնակից երկրների” նկատմամբ անհավասար և խտրական վերաբերմունքի մասին: Միայն 2025թ. հետո պետք է որոշվեն և լուծվեն Ռուսաստանի նավթագազային խողովակաշարային համակարգերի նկատմամբ միասնական մուտքին  և մաքսային-սակագնային կարգավորման ընդհանուր կանոններին առնչվող հարցերը: Մինչ դրանց ստեղծումը ԵՏՄ երկրները կղեկավարվեն գործող երկկողմանի համաձայնագրերով: 
 
Հայաստանի պարագայում այդ համաձայնագրերի խտրական և շահագործող բնույթն ակնհայտ է: Ներկայումս Հայաստանի սպառողները գազի և նավթամթերքների համար վճարում են չափազանց բարձր գին, ինչը պայմանավորված է հայկական շուկայում Գազպրոմ և Ռոսնեֆտ ռուսական ընկերությունների մենաշնորհ կարգավիճակով: Ստեղծված իրավիճակում Էներգետիկ խարտիայի պայմանագրի դերը ԵՏՄ-ում պարզ չէ (ԵՏՄ պայմանագրի տեքստում Խարտիայի պայմանագրին ուղղակի հղումներ չկան): Ներկայումս Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը Էներգետիկ խարտիայի պայմանագրային կողմ են, Բելառուսն այն կիրառում է ժամանակավոր հիմքի վրա, իսկ Ռուսաստանը հրաժարվել է նաև դրա ժամանակավոր կիրառումից: Ռուսաստանի կողմից իրականացվող այսպիսի էներգետիկ քաղաքականությունն ուղղված է Եվրոպայի հետ ԵՏՄ անդամ երկրների էներգետիկ համագործակցության խափանմանը: Սակայն հատկանշական է, որ Ղազախստանը մտադիր էլ չէ հրաժարվել Էներգետիկ խարտիայի հետ համագործակցությունից: 
 
2014թ. նոյեմբերին Աստանայում կայացավ “Էներգետիկ խարտիայի 25-րդ համաժողովը”, որտեղ ստորագրվեց համաշխարհային էներգետիկայի համար կարևոր «Աստանյան ճանապարհային քարտեզ» փաստաթուղթը: Այն որոշակիացրեց Էներգետիկ խարտիայի զարգացման նոր ռազմավարությունն առաջիկա հինգ տարիների համար (26-րդ համաժողովը տեղի ունեցավ 2015թ. դեկտեմբերին Թբիլիսիում, իսկ 27-րդը տեղի կունենա Տոկիոյում` 2016թ. նոյմեբերին): Իսկ մինչ այդ՝ 2016թ. մարտի 17-ին, Բրյուսելում տեղի ունեցավ «ԵՄ համագործակցությունն էներգետիկ ոլորտում Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների հետ» բարձր մակարդակի միջոցառումը: 
 
Էներգետիկ խարտիայի պայմանագիրն ընդգրկում է գործունեության բոլոր ձևերը` արտադրող երկրներից մինչև սպառողներ` շոշափելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են էներգիայի օգտագործումը և էներգաարդյունավետությունը: Պայմանագրի պայմանների կատարումը պարտադիր է: Այն ԱլԳ երկրների և, մասնավորապես, Հայաստանի համար հնարավորություն է` էներգետիկ ոլորտի մարտահրավերներին դիմակայելու և էներգետիկ անվտանգությանն առնչվող խնդիրները լուծելու հարցում: 
 
Ռուսաստանը մշտապես հանդես է եկել Էներգետիկ խարտիայով ամրագրված տարանցման ազատության սկզբունքի դեմ, քանի որ այն պահանջում է պարտադիր մուտքի տրամադրում երրորդ կողմին՝ Ռուսաստանով անցնող խողովակաշարերի նկատմամբ: 2000թ. “Գազպրոմը” հսկայական եկամուտներ էր ստանում կենտրոնասիական էժան գազի վերավաճառքից, քանի որ երրորդ կողմի համար արգելված էր մուտքը դեպի ռուսական խողովակաշարեր: Սակայն այդ քաղաքականությունն ի վերջո հանգեցրեց Ռուսաստանը շրջանցող այլ խողովակաշարերի կառուցմանը: Մյուս կողմից, Ռուսաստանն էներգառեսուրսներ է արտահանում իր հարևան, նախկին խորհրդային հանրապետությունների տարածքով: Մոսկվան շատ զգայուն է այդպիսի կախվածության նկատմամբ և ձգտում է էներգակիրների արտահանումն ապահովել կամ իր տարածքով կամ էլ այդ երկրներին իր հսկողության տակ բերելով: ԵՏՄ ստեղծման նախաձեռնության հիմքում ընկած է նաև այս հանգամանքը:
 
Հատկանշական է, որ ԱՊՀ շրջանակներում Ուկրաինան դեռևս 2013թ. առաջարկել է ԱՊՀ երկրների խողովակաշարային տրանսպորտով տարանցման ազատության մասին (Էներգետիկ խարտիայի պայմանագրի դրույթներին համապատասխան) համաձայնագիր ստորագրել` ռուսական համակարգի նկատմամբ մուտքի հավասար իրավունքներ ենթադրելով: Ռուսաստանն այդ առաջարկությունը չի պաշտպանել` պատճառաբանելով, որ ինքն Էներգետիկ խարտիայի պայմանագրի կողմ չէ, իսկ ոչ խտրական մուտքը և սակագների ձևավորման հարցը կարող են կարգավորվել փաթեթային երկկողմանի պայմանավորվածությունների հիման վրա: 
 
Մոսկվան Էներգետիկ խարտիայի պայմանագրային սկզբունքներից խույս է տվել նաև այլ պատճառներով: Օրինակ, ենթադրվում էր, որ պայմանագրով ամրագրված տարանցման կանոնների և պրակտիկայի թափանցիկությունը նպաստում են մրցակցության սրմանը, ինչը կարող է հանգեցնել գների իջեցմանն արտաքին շուկայում և Ռուսաստանի կողմից այդ շուկայի մի մասի կորստին: Մյուս կողմից, պայմանագիրը ենթադրում է ներքին և արտահանման/ներմուծման սակագների հավասարություն, ինչը Ռուսաստանի համար կհանգեցնի տարանցումային մատակարարումների վրա ներքին արտոնյալ պայմանների տարածման կամ ներքին սակագների բարձրացման: Այն իր հերթին կավելացնի սպառողների բեռը և գազի անկախ մատակարարների համար կվատթարացնի պայմանները: Ռուսաստանում կար նաև ընկալում, որ պայմանագիրն ուղղված է դեպի եվրոպական երկրներ ռուսական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրային համակարգի փլուզմանը:
 
Ռուսաստանից կախվածության նվազեցման և էներգիայի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից ԵՄ-ի համար գերակա է եղել Կովկասյան էներգետիկ միջանցքի զարգացումը: Հարավային Կովկասը դիտվում է որպես տարանցիկ տարածք` Կենտրոնական Ասիայից Եվրոպա էներգակիրների արտահանման համար: Այդ նպատակով ԵՄ-ն աջակցել և աջակցում է Հարավային Կովկասով անցնող նոր նավթամուղների և գազամուղների կառուցման նախագծերին:
 
Էներգետիկ ոլորտում Ադրբեջանի և Վրաստանի հետ ԵՄ-ի համագործակցությունն ունի ավելի քան քսան տարվա պատմություն: Այդ երկրների էներգետիկ ենթակառուցվածքները հիմնականում առանձնացված են ռուսականից: Եվրոպական շուկային ինտեգրման առումով ԵՄ-ին հաջողվել է որոշակի առաջընթաց գրանցել Վրաստանի էներգետիկ համակարգում: Ադրբեջանը դիտվել է Ռուսաստանին որպես այլընտրանքային՝ էներգակիրներ արտադրող երկիր: 
 
Տարածաշրջանային նախագծերի մակարդակում Հայաստանին ավելի քիչ ուշադրություն է դարձվել, ինչը պայմանավորված է եղել ռուսական “Գազպրոմ”-ից Հայաստանի կախվածությամբ, էներգետիկ ռեսուրսների աղքատությամբ, ինչպես նաև` Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությամբ: Ըստ էության, Հայաստանը գտնվում է խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած էներգետիկ տարածությունում: Վերջինս Ռուսաստանից ստանում է գազ, նավթամթերք և միջուկային վառելիք, ինչն ամրապնդում է Մոսկվայի էներգետիկ ներկայացվածությունը և պայմանավորում նրա հետաքրքրությունները Հարավային Կովկասում: Ռուսաստանը ոչ կառուցողական դեր է խաղում Հարավային Կովկասի էներգետիկ տարածությունում, ինչը Հայաստանը դարձնում է ավելի փակ՝ եվրոպական նորմերի ու չափանիշների ներդրման և ԵՄ-ին մերձեցման համար:
 
Բայց Իրանի վրայից պատժամիջոցների հանումն էապես փոխել է գլոբալ վիճակը, մասնավորապես, Եվրոպա գազի մատակարարումների դիվերսիֆիկացիայի հեռանկարների տեսանկյունից: Նոր իրավիճակում Հայաստանը կարող է նոր դեր ստանալ, ընդհուպ դառնալ տարանցումային երկիր իրանական գազը Եվրոպա տեղափոխելու ճանապարհին: Իրանի նավթագազային հատվածում պատրաստվում են ներդրումներ կատարել Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ: Հաշվի առնելով Հարավային Կովկասում եվրոպական առաջատար այս երկրների շահերը` նոր վիճակը կարող է նպաստել Հայաստանի ինտեգրմանը եվրոպական էներգետիկ տարածությանը:
 
 
Աշոտ Եղիազարյան
Տնտեսագիտության դոկտոր 
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական 
ինստիտուտի ասոցացված փորձագետ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play