Իսպանաբնակ գրողի «Փնտրտուքների ճանապարհին» գիրքն այսօր ներկայացվելու է հայ ընթերցողի դատին (տեսանյութ)


Իսպանաբնակ գրողի «Փնտրտուքների ճանապարհին» գիրքն այսօր ներկայացվելու է հայ ընթերցողի դատին (տեսանյութ)

  • 19-10-2016 14:42:27   | Հայաստան  |  Նոր գրքեր



Իսպանաբնակ հայ գրողի «Փնտրտուքների ճանապարհին» խորագրով գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու ինչպես Երևանում, այնպես էլ Սևանում, Հրազդանում, Դիլիջանում և Արցախում: Այս մասին հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց գրքի հեղինակ, Իսպանիայի Վալենսիա  քաղաքի  «Արարատ» հայկական միության նախագահ, գրող,  հրապարակախոս,  պատմաբան,  «Հայրենիք» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր իսպանաբնակ Արարատ Ղուկասյանը:
 
Վերջինս Հայաստանում է գտնվում ոչ միայն իր հեղինակած գրքի շնորհանդեսին,  այլև Արցախում կայանալիք Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովին մասնակցելու համար: 
Հայաստանում երկրորդ անգամ հրատարակվող «Փնտրտուքների ճանապարհին» գիրքն ըստ Ա. Ղուկասյանի`  մանկության, սիրո, հայրենիքի, նաև խոհափիլիսոփայական բովանդակության բանաստեղծությունների ժողովածու է, որի հերոսը գտնվում է անվերջ փնտրտուքների մեջ: 
«Գիրքը երկու անգամ հրատարակվել է նաև Մոսկվայում, իսկ 2014 թվականին շնորհանդեսներ են եղել Վալենսիայում, Բարսելոնայում, Մադրիդում, Էլդայում, Մոսկվայում, ինչպես նաև Երևանում և իմ ծննդավայր Հրազդանում»,- ասաց նա:
Ա. Ղուկասյանի խոսքերով` գրքի հերոսի փնտրտուքները դեռ շարունակվում են, և նախատեսում է դրանք ավարտել 2018 թվականին, երբ գրքում տեղ կգտնեն բոլոր այն ստեղծագործությունները, որոնք նախորդ հրատարակություններում չեն զետեղվել:
Իսպանաբնակ գրողը Հայաստանում մի շարք ծրագրեր ունի իրականացնելու, մասնավորապես, նա նախատեսում է Հայաստանի տարբեր քաղաքներում բացել Սերվանտեսի անվան անկյուններ, տեղադրել իսպաներեն գրքեր, որոնք հնարավորություն կտան իսպաներեն սովորել ցանկացող հայ երիտասարդներին առավել սերտորեն առնչվել իսպաներեն լեզվի և մշակույթի հետ, ինչպես նաև այդ կերպ նպաստել իսպանացի զբոսաշրջիկների հետաքրքրվածության բարձրացմանը Հայաստանի ու հատկապես մարզերի նկատմամբ:
«Ցավոք սրտի Իսպանիայի հետ դեռևս բարձրագույն մակարդակով դիվանագիտական հարաբերություններ չկան, մշակութային առումով աշխատում ենք կապեր ստեղծել»,- նշեց Ա. Ղուկասյանը` տեղեկացնելով, որ հաճախակի են կազմակերպում հայ ժամանակակից գրողների գրքերի շնորհանդեսները և իրականացնում հայաստանաբնակ արվեստագետների աշխատանքների ցուցադրություններն Իսպանիայի տարբեր քաղաքներում:  
Նրա խոսքերով` հենց նմանատիպ համագործակցության արդյունք է նաև «Վիվարտ» մշակութային ՀԿ տնօրեն, գրող, հրապարակախոս Վարդուհի Գասպարյանի հետ ծանոթությունը, ում «Խոսուն լռություն» խորագրով գրքի շնորհանդեսն էլ Իսպանիայի Վալենսիա քաղաքում է տեղի ունեցել: 
Անդրադառնալով Իսպանիայում լույս տեսնող «Հայրենիք» շաբաթաթերին` Ա. Ղուկասյանն ընդգծեց. ««Հայրենիք» շաբաթաթերը մինչ օրս առաջին և միակ հայալեզու  թերթն է Իսպանիայում. աշխատում ենք, որպեսզի Իսպանիայում ապրող 10 հազար հայությունն ունենա այդ թերթը, որի միջոցով կծանոթանա թե Իսպանիայի ու Հայաստանի, թե աշխարհի ու Սփյուռքի նորություններին հայերեն լեզվով»: 
Նրա տեղեկացմամբ` այսօր Իսպանիայում լրանում է իսպանաբնակ հայերին շաբաթվա մեջ մեկ ժամով բարի լույս մաղթող հայկական ռադիոժամի 1-ամյակը:    
Նշենք, որ «Փնտրտուքների ճանապարհին» գրքի շնորհանդեսը Երևանում կայանալու է այսօր` հոկտեմբերի 19-ին, Պետական կամերային երաժշտական թատրոնում: Շնորհանդեսին երաժշտական կատարումներով հանդես են գալու «Վիվարտ» մշակութային  կենտրոնի ծրագրերի համակարգող խորհրդի անդամներ, երգիչներ Արման Կարապետյանը և Էդգար Գևորգյանը:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր