Մամուլի ազատություն ասվածը շատերի համար դարձել է չարաշահումների միջոց. Ահարոն Շխրտմյան (տեսանյութ)
21-10-2016 16:50:45 | Հայաստան | Հասարակություն
«Սփյուռքահայ մամուլը կորցրել է հայ հասարակությանն առաջնորդելու ավանդական դերակատարությունը, պատճառներից մեկը համացանցն է, որը կտրուկ փոխել է հայ մամուլի դերն ու բովանդակությունը»,- համոզված է Լիբանանում գործող «Էրեբունի» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը:
Ըստ նրա, եթե նախկինում սփյուռքահայ մամուլն ուներ հայ ինքնության վերականգնման առաքելություն, ապա այսօր այն մեծ տեղ է հատկացնում միայն լրատվությանը:
Ա. Շխրտմյանի խոսքերով` հայ մամուլը շեղվելով Սփյուռքի մեջ իր ուրույն դերից` դարձել է քարոզչական մեքենա, այն էլ ոչ ազգային բնույթի:
«Մամուլը պարտավոր է առավելագույն առարկայական փաստերով ներկայացնել իրադարձությունները հայ ժողովրդի միտքը չշփոթեցնելու համար»,- ասան նա` հավելելով, որ հայ լրագրողը կամ խմբագիրը միայն Սփյուռքի նախարարության կազմակերպած խորհրդաժողովների ընթացքում չէ որ պետք է բարձրաձայնի հայ մամուլի մասին իր մտահոգությունները:
Բանախոսի համոզմամբ` ամենօրյա ահազանգ պետք է հնչեցվի և պայքար մղվի հայ մամուլի նահանջի դեմ:
Ա. Շխրտմյանը ցավով նկատում է, որ հայ ընթերցողների թիվը սկսել է նվազել, իսկ նրանց մեծ մասը նախընտրում է օտար լեզվով կարդալ որևէ լուր:
Նրան անհանգստացնում է նաև այն, որ տպագիր մամուլը սկսել է իր տեղը զիջել էլեկտրոնային մամուլին` ժամանակակից պահանջներին գոհացում տալու պատրվակով:
«Մամուլի ազատություն ասվածը շատերի համար դարձել է չարաշահումների միջոց. Շատ հաճախ կարծիքի և տեսակետի ազատության համար մարտնչողները չգիտեն իրենց պահանջած իրավունքի սահմանները»,- ընդգծեց լիբանանահայ լրագրողը` հավելելով, որ հայ մամուլի էջերում գրեթե բացակայում է ինքնաքննադատությունը: