ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին

  • 24-10-2016 14:37:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Քննարկվել են  ագրարային ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հարցեր
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: 
 
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերություններն ագրարային բնագավառում ավելի կակտիվանան ու կընդլայնվեն:
 
«Բելառուսի հետ գյուղատնտեսության բնագավառում մինչ այժմ իրականացվել են կարևոր նախաձեռնություններ, սակայն մեր երկու երկրների միջև առկա են փոխշահավետ համագործակցության այլ հնարավորություններ ևս, և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Եթե լինեն բելառուսական կողմից նոր ներդրումների իրականացման առաջարկներ, մենք ուրախ կլինենք դրանք քննարկել», -  նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
 
Ընդգծելով, որ այսօր մեր գյուղատնտեսության առաջնահերթ խնդիրներից մեկը նորագույն գյուղտեխնիկայով վերազինումն է` Իգնատի Առաքելյանը որպես համագործակցության հնարավոր ուղի իրատեսական է համարել Հայաստանում գյուղատնտեսական մեխանիզացիայի հավաքակայանի ստեղծումը:  Բացի այդ,  նկատի ունենալով բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ պահանջարկի առկայությունը` կողմերը  նպատակահարմար են համարել շարունակել Հայաստանում տրակտորների հավաքման գործարանի ստեղծման ուղղությամբ բանակցությունները:
 
Դեսպանը հավելել է, որ Բելառուսում արտադրվում են նաև կերահավաք և հացահատիկահավաք կոմբայններ և առաջարկել է ուսումնասիրել դրանց ներկրման հնարավորությունները ևս:
 
ՀՀ գյուղնախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝  դեսպան Իգոր Նազարուկը, համառոտ ներկայացնելով Բելառուսի գյուղատնտեսության ոլորտի զարգացման միտումներն ու վերջին շրջանում գրանցված հաջողությունները, առանձնացրել է այն ոլորտները, որոնցում Հայաստանի հետ կարող են ծավալել ակտիվ փոխգործակցություն`  մասնավորապես ընդգծելով  բուսաբուծության, անասնապահության (այդ թվում` տոհմային գործի բարելավման), ջերմոցային տնտեսությունների և օրգանական գյուղատնտեսության զարգացման, Բելառուսից պարարտանյութերի և անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման ուղղությունները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն