Առանց հասարակության հետ մշտական փոխադարձ կապի այսօր, մեր իրավիճակում առաջ գնալ հնարավոր չէ.Արամ Աբրահամյան


Առանց հասարակության հետ մշտական փոխադարձ կապի այսօր, մեր իրավիճակում առաջ գնալ հնարավոր չէ.Արամ Աբրահամյան

  • 27-10-2016 13:50:16   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». Վարչապետի երեկվա հանձնարարականների մեջ, որոնք ուղղված էին պետական գերատեսչություններին, իմ կարծիքով, ամենակարեւոր նախադասություններն էին.
 
1/ Հասարակությանը եւ հանրությանը կանոնավոր կերպով տեղեկացնել կատարված աշխատանքների մասին՝ ապահովելով հետադարձ կապը, ներկայացնել, թե մենք ինչ ուղղությամբ ենք գնում (ի դեպ, հանրությունն ու հասարակությունը տվյալ դեպքում նույն բանն են-Ա. Ա.):
 
2/ Ապահովել հետադարձ կապ հասարակության հետ պաշտոնական կայքերի, պատասխանատու անձանց միջոցով:
 
3/ Վարչապետը իր աշխատակազմին հանձնարարել է նաեւ հասարակությանը տրամադրել բոլոր պատասխանատուների ցանկը՝ ըստ ոլորտների, ինչպես նաեւ կոնտակտային տվյալները՝ իր հետ կապ ապահովելու համար:
 
Իսկապես, առանց հասարակության հետ մշտական փոխադարձ կապի այսօր, մեր իրավիճակում առաջ գնալ հնարավոր չէ: Հուսամ, որ դա ժամանակավոր «մեկշաբաթյակ» կամ «մեկամսյակ» չէ, այլ մտածած ռազմավարություն, որը պահանջում է ավելի պատասխանատու աշխատանք նախեւառաջ չինովնիկներից, իսկ այնուհետեւ նաեւ ՝ նրանց PR պատասխանատուներից եւ (չզարմանաք)՝ նաեւ մեզնից, լրագրողներից: Որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, բերեմ մի օրինակ՝ առաջինը, որ մտքիս եկավ:
 
Հասարակությունն իրավունք ունի իմանալու, թե ինչու չի կառուցվել հյուսիս-հարավ ճանապարհը, որի շինարարությունը սկսվել է 6 տարի առաջ: Եթե նման հարց տրվի տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարին, նա չպիտի մտածի, որ հարց տվողը լրտես է եւ խառնակիչ, ինչպես նաեւ չպիտի ակնկալի միայն հիացական հրապարակումներ: Նա չպիտի ասի նաեւ՝ ինչ եղել-եղել է, դա իմ գործը չէ: Որեւէ մեկին մեղադրելը, իհարկե, ինքնանպատակ չէ, բայց շինարարության փողերի մեծ մասը մենք վերցրել ենք, որքան հասկանում եմ, պարտքով, որը ծանրանալու է հետագա սերունդների ուսերին: Երբ այդ շինարարությունը շարունակվի, նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն պիտի լիարժեք տեղեկատվություն ունենա ամեն մի մետրի եւ ծախսվող ամեն մի լումայի մասին: Ցանկալի է, որ այդ պատասխանատուն ամեն օր դրա մասին ոչ միայն գրի իր գերատեսչության կայքում, այլեւ ավելի «ոչ ֆորմալ», մարդկային լեզվով գրառում անի իր ֆեյսբուքյան էջում, ինչպես որ դա անում էր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քառօրյա պատերազմի ժամանակ: Որովհետեւ մեր տնտեսության մեջ կատարվող ցանկացած իրադարձություն անմիջական կապ ունի պատերազմի հետ, եւ ցանկացած գողացած լումա մի փամփուշտ է՝ ուղղված մեր զինվորների թիկունքին: Մենք էլ՝ լրագրողներս, պետք է հետեւողական լինենք այդ մետրերի ու լումաների շարժին եւ ահազանգենք, երբ դրանք «կորում» են՝ եւ ոչ միայն ամեն օր «սենսացիոն» եւ «բացառիկ» բացահայտումներ անենք քաղաքական խարդավանքների եւ բամբասանքների մասին: Նախարարները չպիտի «թռնեն» կառավարության նիստից հետեւի դռնով, այլ պետք է համբերատար պատասխանեն լրագրողների հարցերին: Բայց նաեւ մենք պիտի մտածենք, որ մեր հարցերը քիչ թե շատ իմաստալից լինեն:  
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն