«Գագիկ Ծառուկյանը լավ գիտի, որ իր վերադարձի համար պետք իր և Սերժ Սարգսյանի համաձայնությունները». Ստյոպա Սաֆարյան


«Գագիկ Ծառուկյանը լավ գիտի, որ իր վերադարձի համար պետք իր և Սերժ Սարգսյանի համաձայնությունները». Ստյոպա Սաֆարյան

  • 27-10-2016 18:03:33   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը։
 
- Պարոն Սաֆարյան, Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով քաղաքականություն իր վերադարձին, հայտարարել է, որ եթե անհրաժեշտ լինի, փակ էջը կբացի, նաև ասել, որ ներում է իրեն վիրավորած ՀՀԿ-ականներին։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունները, և արդյոք նա վերադառնում է իր ցանկությամբ։
 
-Հստակ է, որ Գագիկ Ծառուկյանը չի բացառում քաղաքականություն իր վերադարձը, բայց անհստակ է, թե երբ է վերադառնալու և ինչ պայմաններում։ Իր հնչեցրած մի քանի մտքեր, անշուշտ, թույլ են տալիս որոշակի դատողություններ անել այն առումով, որ նախ ինքը վերադարձի մասին խոսում է ընտրությունների նախաշեմին, ինչը նշանակում է, որ իր ցանկությունները կապ ունեն խորհրդարանական ընտրությունների հետ։ Իսկ եթե կապ ունեն, ապա կարող ենք ենթադրել, թե ինչու. 2012 թվականի ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն երկրորդն էր և բավական պատկառելի ներկայացվածություն ուներ խորհրդարանում, իսկ 2015-ի որոշումներից հետո, երբ կուսակցությունը պառակտվեց տարբեր բեկորների, ակնհայտ էր, որ ոչ միայն այդ բեկորները քիչ շանսեր ունեն խորհրդարանում հայտնվելու, այլ ընդհանրապես ողջ ԲՀԿ-ն, եթե անգամ լինի էլ ԱԺ-ում, դա բավական համեստ ցուցանիշ կլինի։ Այս կտրվածքով ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը, որը 2012-ին նման արդյունք էր ապահովել, չի ցանկանա, որ 2017-ի ընտրություններում այդ արդյունքը փոշիանա։ Այդ առումով պատահական չէ, որ խորհրդարանական ընտրություններից առաջ նա չի բացառում իր վերադարձի մասին լուրերը։
Բայց նույն Գագիկ Ծառուկյանը հիշեցնում է 2015-ի փետրվարի 12-ի որոշումը, որն ուներ երկու կողմ. Մի կողմից Սերժ Սարգսյանն էր որոշել, որ Ծառուկյանը պետք է հեռանա քաղաքականությունից, մյուս կողմից Ծառուկյանն ինքն է հայտարարում, որ որոշել է հեռանալ քաղաքականությունից։ Հետևաբար, եթե հեռանալը պայմանավորված է եղել երկու անձի որոշումներով, ապա վերադարձը նույնպես չի կարող տեղի ունենալ միայն Գագիկ Ծառուկյանի որոշումով։ Այս տեսանկյունից, մի տեսակ ազդանշանային է դառնում նրա այն հայտարարությունը, որ ինքը կվերադառնա, եթե տեսնի, որ որոշ կարկառուններ չեն կարողանում երկիրը կառավարել։ Ես ենթադրում եմ, որ Ծառուկյանն առաջին հերթին նկատի ունի Սերժ Սարգսյանին և նրա թիմին, թեև անուն չի տալիս։
Մյուս կողմից ակնհայտ է, որ Ծառուկյանը վարչապետի մասին դրական է արտահայտվում։ Այսինքն նա չի բացառում, որ միայնակ էլ կարող է վերադառնալ, եթե տեսնի, որ երկիրը չեն կարողանում կառավարել։ Այս պահին, սակայն, կարծում եմ, Գագիկ Ծառուկյանը լավ գիտի, որ իր հեռանալը երկու անձի որոշումով է եղել, հետևաբար իր վերադարձի համար ոչ այնքան համաժողովրդական պահանջ է պետք, որքան իր և Սերժ Սարգսյանի համաձայնությունները։
 
- Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ներել է բոլոր այն գործիչներին, որոնք իր հասցեին վիրավորանքներ էին հնչեցրել։ Ինչի՞ մասին է սա խոսում, որ Սերժ Սարգսյանի հետ այլևս որևէ խնդիր չկա՞։
 
-Այդպիսի մեկնաբանություններ կան, որ դրանով նա կամ փաստացի ասում է, որ այդ խնդիրն այլևս մոռացվել է, կամ հասկացնում է Սերժ Սարգսյանին, որ իր մասով ինքն այդ մասին մոռացել է։ Բայց եթե նման մեսիջներ նա ցանկանա ուղարկել, կամ նման համաձայնություն արդեն լինի, ակնհայտ է, որ դա այն դրվագը չէ, որ ինքը պետք է սևեռվի վրեժխնդրության վրա։ Քաղաքականության մեջ ամեն բան կարող է պատահել, և եթե որոշել է վերադառնալ քաղաքականության, ապա հենց իր համար վնաս կլինի, եթե չմոռանա այն, ինչը կատարվել է։ Այդ առումով, Ծառուկյանն այդ հարցում ճիշտ է և դա իր մեսիջներից լավագույնն է։ Ի վերջո, ինքն էլ Սերժ Սարգսյանին կոշտ որակումներ է տվել։ Այլընտրանքը ո՞րն է՝ կամ պետք է միմյանցից վրեժխնդիր լինեին, ինչը ճիշտ չէ քաղաքական կյանքի համար, կամ պիտի միմյանց ներեին։
 
Ամբողջական նյութը սկզբնաղբյուրում։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ