Ինչո՞ւ են Հայաստանում փոխվում կառավարությունները. Արամ Աբրահամյան


Ինչո՞ւ են Հայաստանում փոխվում կառավարությունները. Արամ Աբրահամյան

  • 02-11-2016 12:58:02   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». Ինչո՞ւ են Հայաստանում փոխվում կառավարությունները՝ մենք երբեք մինչեւ վերջ չենք հասկանա:
 
Սկսած Վազգեն Մանուկյանի՝ որպես վարչապետի հրաժարականից՝ եւ վերջացրած՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականով, հասարակությունը հոդաբաշխ պատասխան չունի՝ ինչո՞ւ: Ժողովրդական, լրագրողական կամ բամբասանքային մակարդակով վարկածները շատ են, սակայն պաշտոնական բացատրությունները՝ չափազանց ժլատ:
 
Վերցնենք թեկուզ վերջին փոփոխությունը: Խոսվում է սահմանադրական բարեփոխումների եւ դրանց բերած նոր մարտահրավերների մասին, բայց չի ասվում, թե ինչո՞վ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չէր համապատասխանում այդ բարեփոխումներին եւ մարտահրավերներին, իսկ Կարեն Կարապետյանի կառավարությունը համապատասխանում է: Այսինքն՝ տվյալ դեպքում պետք է թվարկվեն վարչապետի կամ կառավարության այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են հայտարարված փոփոխությունների համար: Թե ինչու իշխանությունից հեռացրեցին հայտնի դեմքերին՝ հասկանալի է: Բայց դրա մասին բարձրաձայն չի ասվում, ինչը թույլ է տալիս, օրինակ, Սուրիկ Խաչատրյանին ասել, որ իրականում իրեն չեն հեռացրել, որ նա ինքն է հրաժարական տվել: Եթե պաշտոնապես ասվեր, թե Սյունիքի մարզպետի՝ աշխատանքից ազատման պատճառը այսինչ դեպքերն են (որոնց մասին, մասնավորապես, «Առավոտը» մի տասն անգամ գրել է), ապա մնացած պաշտոնյաներին պարզ կդառնար, թե որ սահմաններում է պետք մնալ: Օդիոզ դեմքերի դեպքում (մասնավորապես՝ մի քանի նախարարների) մոտավորապես կարելի է կռահել, թե ինչու են նրանք զրկվել պաշտոններից, իսկ ինչո՞ւմ էր թերացել, օրինակ, Արմեն Մուրադյանը: Դրա մասին հավանաբար երբեք չենք իմանա:
 
Իշխանավորների պաշտոնազրկման իրական պատճառները չհայտարարելը հին ու բարի խորհրդային ավանդույթ է: Այն ժամանակ էլ աշխատանքից հանում էին հիմնականում «սեփական դիմումի համաձայն» եւ «առողջական խնդիրների պատճառներով»: Մեկ էլ տեսնում էիր՝ այդ սեփական դիմում գրողը կամ առողջական խնդիրներ ունեցողը դառնում էր դեսպան մի շատ հեռավոր երկրում, օրինակ՝ Գաբոնում: Մի խոսքով՝ թե այն ժամանակ, թե հիմա գործում էր այն մեխանիզմը, որը նկարագրված է Արկադի Ռայկինի հայտնի մանրապատման մեջ՝ «կհեռացնեմ գրողի ծոցը՝ սեփական դիմումիդ համաձայն»: Իշխանության ավելի ցածր օղակների վերաբերյալ կադրային որոշումները նույնպես որեւէ ձեւով չեն մեկնաբանվում: Մի քանի ամիս առաջ դեռեւս նախորդ կառավարության ժամանակ աշխատանքից ազատվեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Դա տեղի ունեցավ կառավարության հերթական «օպտիմալացման եւ ծախսերի կրճատման» կամպանիայի շրջանակներում, բայց միեւնույն է՝ պարզ չէ, թե ինչու կրճատեցին հենց Գառնիկ Պետրոսյանին եւ ոչ թե մնացած փոխնախարարներին: Երեկ էլ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը, եւ դարձյալ չասվեց՝ արդյոք նա խախտումնե՞ր է թույլ տվել, հարկե՞րն էր սխալ հավաքում, թե՞ չէր տեղավորվում սահմանադրական բարեփոխումների շրջանակներում: Այդ երկու պաշտոնյաներն իմ սուբյեկտիվ, լրագրողական ընկալմամբ, լավ մասնագետներ էին, իրենց գործի պրոֆեսիոնալներ: Գուցե ես նրանց աշխատանքի վերաբերյալ սխալ տպավորություն եմ ստացել, կամ գուցե իշխանության վերին օղակներում նրանց մասին գիտեն ինչ-ինչ փաստեր, որոնք ինձ հայտնի չեն, բայց այդ դեպքում տվյալ փաստերը պետք է հրապարակել: Հակառակ դեպքում պետք է դարձյալ ընկնենք ենթադրությունների եւ խարդավանքների գիրկը: Հետաքրքիր է՝ երբ կառավարությունը հայտարարում է, որ թափանցիկ է աշխատելու, ի՞նչ նկատի ունի:
 
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play