2050թ. ջրի պահանջարկը 55 տոկոսով ավելանալու է. ՄԱԿ


2050թ. ջրի պահանջարկը 55 տոկոսով ավելանալու է. ՄԱԿ

  • 02-11-2016 18:13:57   | Հայաստան  |  Վերլուծություն

21-րդ դարում համամարդկային նշանակության ջրի խնդիրը վերածվել է միջազգային կարևորագույն հիմնահարցի: ՄԱԿ-ը դեռևս անցյալ դարի 80-ականներից լուրջ ջանքեր է գործադրում այդ խնդրի լուծման և արդյունավետ ռազմավարություն մշակելու ուղղությամբ: 
 
Ջրի խնդիրն առավել սրությամբ է արտահայտված սակավաջուր տարածաշրջաններում, ինչպիսիք Միջին Արևելքն ու Կենտրոնական Ասիան են (ԿԱ), որտեղ առկա է բնակչության աճի բարձր տոկոս: Այն ուղիղ համեմատական է ջրի սպառմանը: Ահա թե ինչու ի սկզբանե ջրի ընդհանուր պաշարների բաշխման շուրջ տարաձայնությունները սպառնալիք են նշյալ տարածաշրջաններում:
 
Միջին Արևելքի հզոր տերություններից մեկի՝ Իրանի շուրջ 1,5 միլիոն կմ2 տարածքի գրեթե 80 տոկոսն անապատային և կիսաանապատային է: Հաշվի առնելով, որ տարեկան տեղումների քանակը կազմում էր Երկրի վրա տեղումների միջինի ընդամենը մեկ քառորդը, և մինչև 21-րդ դարի սկիզբ Իրանը, թեև դասվում էր սակավաջուր երկրների թվին, սակայն ջրի խնդիրն օրհասական չէր, և երկրի առջև ծառացած չէին լուրջ մարտահրավերներ: 
 
Վերջին տարիների երաշտը, Երկիր մոլորակի (հետասու՝ Երկիր) գլոբալ տաքացումը, այդ ոլորտում ներդրումների բացակայությունն այսօր արդեն Իրանում պատճառ են դարձել ոչ միայն ջրի հարցը տագնապային համարելու, այլև ազգային անվտանգության սպառնալիքի վերածելու հարցերում:
 
ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԳԼՈԲԱԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ
 
21-րդ դարում համամարդկային նշանակության ջրի խնդիրը վերածվել է միջազգային կարևորագույն հիմնահարցի: ՄԱԿ-ը դեռևս անցյալ դարի 80-ականներից լուրջ ջանքեր է գործադրում այդ խնդրի լուծման և արդյունավետ ռազմավարություն մշակելու ուղղությամբ: Աշխարհում ջրի խնդիրն արծարծվում է գլոբալ առումով, քանի որ դրա պաշարներն աշխարհագրական տեսանկյունից խիստ անհավասարաչափ են բաշխված: 
 
Ամենաջրառատ երկրների առաջին տասնյակը (Բրազիլիա, Ռուսաստան, Կանադա, ԱՄՆ, Ինդոնեզիա և այլն) տնօրինում է Երկրի քաղցրահամ ջրերի 60 տոկոսը, մինչդեռ Միջին Արևելքում ու Աֆրիկայում շուրջ 80 երկիր, որոնց բնակչությունը կազմում է մոլորակի բնակչության 40 տոկոսը, տառապում է սակավաջրությամբ կամ հայտնվել է ջրային խորը ճգնաժամի մեջ, ինչն ահագնանալով կարող է դեպի ջրառատ երկրներ զանգվածային միգրացիայի պատճառ դառնալ: 
 
Թերևս հենց նման իրավիճակով է պայմանավորված ջրի խնդրի համամարդկային նշանակությունը, որն ընկած է միջազգային բոլոր հավաքների օրակարգի հիմքում: Բացի այդ տեղի են ունենում խնդրո առարկային նվիրված բազմաթիվ համաժողովներ, որոնցում ահազանգեր են հնչում խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտության վերաբերյալ:  
 
Դեռևս 1992թ. Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ՄԱԿ-ի «Բնապահպանական ու զարգացման» (UNCED) 21-րդ համաժողովում որոշում է ընդունվել մարտի 22-ը հայտարարել որպես ջրի համաշխարհային օր, ինչն էլ վկայում է այդ հարցի կարևորության մասին: Միաժամանակ, համաժողովի հայտարարության մեջ բոլոր երկրներից պահանջվել էր այդ օրը տարբեր միջոցառումներ՝ սեմինարներ, ցուցահանդեսներ կազմակերպել ու ԶԼՄ-ներով մարդկանց տեղեկացնել ջրի խնդրի արդիականության ու նշանակության մասին: 
 
Այնուհետև յուրաքանչյուր տարվա այդ օրը ՄԱԿ-ը հանդես է գալիս զեկուցմամբ, իսկ 1994թ.-ից ի վեր տվյալ տարվա ջրի խնդիրների վերաբերյալ կարգախոս է ընտրվում. 1994թ.՝ «Ջուրը բոլորի մտահոգությունն է», 2009թ.՝ «Ջուր քաղաքներին. քաղաքաբնակների ջրի մարտահրավերները»: Սա նշանակում է, որ քաղաքային բնակչության աճը լուրջ մարտահրավեր է ջրի պահանջարկի աճի հարցում: 2015թ. կարգախոսը «Ջուրը և կայուն զարգացում»-ն էր, իսկ 2016թ.՝ «Ջուրը և զբաղվածությունը»: 
 
Ինչպես նշված է ՄԱԿ-ի զեկուցագրում, այդ կարգախոսի համար հիմք են ծառայել աշխարհում ավելի քան մեկ միլիարդ 400 հազար աշխատատեղի կախվածությունը քաղցրահամ ջրից, այդ թվում՝ գյուղատնտեսության, ձկնաբուծության, հանքերի շահագործման  ոլորտներում, ինչպես նաև՝  քաղցրահամ ջրից համեմատաբար քիչ կախվածությամբ աշխատանքները, օրինակ, շինարարությունը, զբոսաշրջությունը, տրանսպորտը և այլն: Խոշոր հաշվով, ողջ աշխարհում աշխատատեղերի 78 տոկոսը որոշ չափով կախված է ջրից: 
 
Ինչպես ասում են, առանց ջրի կյանք չկա, իսկ առանց աշխատատեղեր ստեղծելու հնարավոր չէ պայքար մղել ընդդեմ աղքատության ու տնտեսական անկման: Հետևաբար տնտեսության զարգացման ու աճի հարցում «Ջուրն ու զբաղվածությունը» խիստ կարևոր նշանակություն ունեն: Այլ կերպ ասած՝ ջրի ոլորտում ներդրումները, թերևս, վերածվում են աշխատատեղեր ստեղծող կարևոր գործոնների: ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով՝ տնտեսական առաջընթացը, գործազրկության կրճատումն ու աշխատատեղերի ստեղծումը մեծապես պայմանավորված են ջրի ոլորտում ներդրումներով: 
 
2016թ. ջրի միջազգային օրվա առթիվ բրիտանական «Գարդիան» օրաթերթը հրապարակել է քաղցրահամ ջրի ոլորտում կատարված համապարփակ հետազոտության արդյունքները, որտեղ նշվում է, որ ջրի սակավությունն աշխարհում ամենավտանգավոր մարտահրավերներից է, ինչն անցյալում չի կարևորվել: Ներկա դրությամբ աշխարհում ավելի քան 4 միլիարդ մարդ տառապում է սակավաջրությամբ կամ ջրի բացակայությամբ: 
 
2014թ. ջրի համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի զեկուցագրում շեշտվել է, որ 2050թ. ջրի պահանջարկը 55 տոկոսով ավելանալու է, և աշխարհի բնակչության շուրջ 40 տոկոսը խիստ կարիք է ունենալու, առավելապես Աֆրիկան և Միջին Արևելքը: Ըստ նշյալ զեկույցի՝ Միջին Արևելքում քաղցրահամ ջրերի 15-60 տոկոսը ոչնչանում է նստվածքների ու գոլորշիացման պատճառով: 
 
Իսկ ՄԱԿ-ի 2016թ. զեկուցագրում շեշտվում  է, որ, թեև 1990-2010թթ. ընթացքում լուրջ քայլեր են կատարվել աշխարհի բնակչության ջրի պահանջարկի բավարարման ուղղությամբ, սակայն շուրջ 2 միլիարդ մարդ դեռևս մաքուր, քաղցրահամ ջրի կարիք ունի: Բացի այդ նշվում է, որ զարգացող երկրների մեծ մասն աշխարհագրական տեսանկյունից գտնվում է սակավաջուր և խիստ սակավաջուր հատվածներում, ուստի առավել խոցելի են կլիմայի փոփոխության՝ գլոբալ տաքացման պայմաններում: 
 
2002թ. դեկտեմբերի 11-14-ին Իտալիայում կայացած ՄԱԿ-ի «Մթերք և գյուղատնտեսություն» (FAO)-ի խորագրով համաժողովի օրակարգի գլխավոր հարցերից էր ջրի խնդիրը, որտեղ նշվեց, որ մինչև 2025թ. Երկրի բնակչության շուրջ 2/3-ն ապրելու է սակավաջուր և խիստ սակավաջուր երկրներում, ինչն արդեն իսկ իրականություն է՝ հաշվի առնելով «Գարդիանում» լույս տեսած հետազոտությունների արդյունքները: 
 
Նշյալ համաժողովում Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հրատապ և կարևոր համարեց ջրի խնդիրը՝ այն գնահատելով միջազգային ահաբեկչությանն   ու սովին համարժեք: Այլ կերպ ասած՝ ջուրն այսօր արդեն համարվում է ռազմավարական հույժ արժեքավոր ապրանք, հետևաբար քաղաքական և տնտեսական առումներով կարևոր դեր ունի Երկիր մոլորակի համար՝ ընդհանրապես, իսկ սակավաջուր շրջաններում՝ մասնավորապես, ինչը քննարկման ենթակա չէ:
 
ՋՐԻ ԽՆԴԻՐԸ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
 
Ջրի խնդիրն առավել սրությամբ է դրսևորված սակավաջուր տարածաշրջաններում (Միջին Արևելք(, որտեղ առկա է բնակչության աճի բարձր ցուցանիշ. այն ուղիղ համեմատական է ջրի սպառմանը: Տարածաշրջան, որտեղ ապրում է աշխարհի բնակչության 6,3 տոկոսը, սակայն տնօրինում է ջրի վերականգնվող պաշարների ընդամենը 1,4 տոկոսը: Մասնագետների կարծիքով՝ այս հանգամանքը Միջին Արևելքում տնտեսական, քաղաքական և հասարակական ճգնաժամերի պատճառ է դառնալու: 
 
ՄԱԿ-ի 2016թ. փաստաթղթերում Միջին Արևելքում առաջին աղետը ԴԱԵՇ-ի սպառնալիքն է համարվել, հաջորդը լինելու է ջրի ճգնաժամը: Այն մասնագետներն անվանում են «լուռ» ԴԱԵՇ: 
 
Ավելին, նախորդ 50 տարիների ընթացքում ջրի խնդրի շուրջ հարևան երկրների միջև 37 բախում է արձանագրվել, որոնցից 30-ը տեղի է ունեցել Միջին Արևելքում: Իսկ ներկա դրությամբ տարածաշրջանի 33 երկրներից 14-ը ջրի ճգնաժամի մեջ են հայտնվել, ինչը հետագայում սրվելով կարող է միջպետական և ներպետական բախումների պատճառ դառնալ: 
 
Փաստերը վկայում են, որ Միջին Արևելքում տիրող իրավիճակը բնավ էլ լավատեսական չէ: ՄԱԿ-ի 2016թ. զեկուցագրի տվյալներով՝ տարածաշրջանի քաղցրահամ ջրի պաշարների 15-60 տոկոսը գոլորշիանում է կամ նստվածք է տալիս, որտեղ առկա են նաև բնակչության աճի բարձր տոկոս, ջրի ընդհանուր պաշարների բաշխման շուրջ տարաձայնություններ. ջրի խնդիրը վերածվել է քաղաքական ու տնտեսական հզոր լծակի: 
 
Ավելին, որոշ կանխատեսումների համաձայն՝ մինչև 2045թ. Միջին Արևելքում ջրի պահանջարկը 60 տոկոսով ավելանալու է, մինչդեռ վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ մինչև 2050թ. առկա պաշարները պակասելու են առնվազն 10 տոկոսով: Իսկ դա նշանակում, որ ջրի խնդիրը լուրջ սպառնալիք է դառնում տարածաշրջանի երկրների անվտանգության ու գոյատևման համար։ Մանավանդ, որ տարածաշրջանի երկրների ջրի սպառումը հաճախ կատարվում է անխնա և առանց պլանավորման: 
 
Ահավասիկ, ամերիկյան «Business Insider» օրաթերթը գրել է, որ Սաուդյան Արաբիայում ջրի շռայլորեն օգտագործումն այդ երկիրը դեպի լուրջ ճգնաժամերի է մղում, եթե իշխանություններն անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, այդ թվում՝ ոռոգման բնագավառում իրավիճակը վերահսկելի դարձնելու հարցում, ապա այդ երկիրը տեսանելի ապագայում ընկղմվելու է բնապահպանական ու հասարակական լուրջ ճգնաժամերի մեջ: Ահա թե ինչու Սաուդյան Արաբիան 2016թ. լիովին հրաժարվել է հատիկաընդեղեն բույսերի մշակումից և դրանք ամբողջությամբ ներմուծելու է: 
 
Ըստ ամենայնի, կարելի է ենթադրել, որ ջրի խնդիրն ապագայում տարածաշրջանում ամենաճգնաժամածին խնդիրն է համարվելու: Այս առնչությամբ դեռևս 1992թ. ահազանգ էր հնչեցրել Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանին (1989-1997թթ.), ով Ղոմ քաղաքի ջրամբարտակի բացմանը նվիրված իր ելույթում ընդգծել է. «Միջին Արևելքում նավթի պատերազմը տեղը կզիջի ջրի պատերազմին»: Նման տեսակետ էր հայտնել նաև Ռաֆսանջանիին հաջորդած նախկին նախագահ Մոհամեդ Խաթամին (1997-2005թթ.)՝ նշելով. «Թեև այսօր աշխարհում բոլորի ուշադրությունը սևեռված է նավթի պակասի կամ դրա իսպառ ոչնչացման վրա, այնուամենայնիվ, հավանական է, որ ապագայի պատերազմները ջրի պատճառով են լինելու»:
 
ԻՐԱՆԸ ԵՎ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅՈՒՆԸ
 
Միջին Արևելքի հզոր տերություններից մեկի՝ Իրանի շուրջ 1,5 միլիոն կմ2 տարածքի 70-80 տոկոսն անապատային և կիսաանապատային է։ Հաշվի առնելով, որ տարեկան տեղումների քանակը կազմում էր Երկրի վրա տեղումների միջինի ընդամենը մեկ քառորդը, և մինչև 21-րդ դարի սկիզբ Իրանը, թեև դասվում էր սակավաջուր երկրների թվին, սակայն ջրի խնդիրն օրհասական չէր, և երկրի առջև ծառացած չէին լուրջ մարտահրավերներ: 
 
Ավելին, մասնագետների գնահատմամբ՝ եթե այդ ժամանակահատվածում ջրի պաշարները, ներառյալ տեղումներից գոյացածը, նպատակահարմար օգտագործվեին, կբավարարեին շուրջ 240 միլիոն բնակչության պահանջարկը։ Մինչդեռ սակավաջուր այդ երկրում ջուրը սպառվել է անխնա. մեկ շնչի հաշվարկով ջրի ծախսը  6 անգամ գերազանցել է աշխարհի միջին ցուցանիշին:  
 
Թերևս առավելապես հենց այս հանգամանքով էր պայմանավորված, որ դեռևս անցյալ դարի վերջին տասնամյակում մասնագետները, հաշվի առնելով այդ երկրում բնակչության աճի բարձր տոկոսը, ինչպես նաև քաղաքային բնակչությանը աճը, ջրակուտակման ոլորտում բավարար ներդրումներ չկատարելու փաստը և ստորգետնյա ջրերի չարաշահումը, նախազգուշացնում էին՝ եթե ջրի արդյունավետ օգտագործման ասպարեզում լուրջ միջոցառումներ չձեռնարկվեն, և պաշարների ոչ արդյունավետ օգտագործումը շարունակվի նույն տեմպերով, ապա 20 տարի հետո այդ երկիրը ևս կհայտնվի վտանգավոր գոտում: Վերջին տարիների երաշտը, Երկրի գլոբալ տաքացումը, այդ ոլորտում ներդրումների բացակայությունն այսօր արդեն Իրանում ոչ միայն ջրի հարցը տագնապային համարելու, այլև այն ազգային անվտանգության սպառնալիքի վերածելու պատճառ են դարձել: 
 
Իրանի Էներգետիկայի նախարարության, ջրային տնտեսության ու կոյուղու դեպարտամենտի փոխտնօրեն Հեդայաթ Ֆահմին նշել է, որ Ֆալքեն Մարկի, ՄԱԿ-ի և Ջրի կառավարման միջազգային հիմնադրամի չափանիշների համաձայն՝ Իրանը հայտնվել է ջրի լրջագույն խնդրի առաջ: Իսկ որպես պատճառ մատնանշել է Երկրի բնակլիմայական փոփոխությունները և բնական պաշարների՝ ջրի, անտառտնտեսության ու բնապահպանության ոլորտներում ոչ ճիշտ կառավարումը: 
 
Շեշտելով, որ հիշյալ ցուցիչների տվյալները պետք է վերապահումներով ընդունել՝ միաժամանակ իրավացիորեն խիստ չափազանցված և ոչ գիտական է համարվել բրիտանական «Financial Times» օրաթերթի «Իրանը ցամաքեց» հոդվածի տվյալները։ Հոդվածում նշվել է, թե Իրանն իր յոթհազարամյա պատմությամբ 20 տարի անց երաշտի ու ջրի բացակայության պատճառով վերածվելու է անկենդան անապատի, որտեղ ոչ  բույս և ոչ էլ կենդանի է լինելու: 
 
Հավելենք, որ Ֆալքեն Մարկի ցուցիչի համաձայն՝ եթե երկրի կամ տարածաշրջանի տարեկան ջրի կուտակումները մեկ շնչի հաշվով 1700 խմ-ից պակաս են, ուրեմն այդ երկիրը կամ շրջանը հայտնվել են սակավաջրության սպառնալիքի տակ: Իսկ Իրանում այդ ցուցանիշը, եթե 1956թ. 7000 խմ էր կազմում, 1996թ.՝  2160 խմ, 2002թ.՝ 1700 խմ, ապա այսօր՝ շուրջ 1500 խմ: Իդեպ,  մինչև 2002թ. փորձագետները համոզված էին՝ եթե Իրանում ջրի պաշարները տեղին օգտագործվեն,  ապա երկիրը կարող է ինքնաբավ լինել: Մինչդեռ պաշարների ոչ արդյունավետ օգտագործման մասին էին վկայում տվյալ ժամանակի պաշտոնական տվյալները: 
 
Իրանի էներգետիկայի նախարար Հաբիբոլա Բիթարաֆը 2002թ. հունիսին հայտարարել էր, թե երկրի ջրի պաշարների հսկայական կորուստ է տեղի ունենում, ընդ որում, ստորգետնյա պաշարներից՝ տարեկան 45 միլիարդ խմ, իսկ մակերևութայինից՝ 90 միլիարդ խմ, որը վերջինիս 50 տոկոսն էր կազմում: Ավելին, նույն թվականի նոյեմբերի սկզբներին Թեհրանում կայացած «Ջրի, ջրային կառույցների  և կոյուղու» միջազգային երկրորդ ցուցահանդեսի ժամանակ երկրի պաշտոնատարները շեշտեցին այդ հարցի կենսական նշանակությունը: Միջազգային նշյալ ցուցահանդեսը դարձավ ամենամյա, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-29-ին տեղի ունեցած ցուցահանդեսին մասնակցեցին տասնյակ օտարերկրյա և հարյուրից ավելի տեղական ընկերություններ:
 
Չնայած Իրանում հարցը ղեկավարության ուշադրության կենտրոնում է եղել, սակայն հետագայում, երբ այդ երկրի դեմ միջազգային տնտեսական սահմանափակումների օղակն ավելի սեղմվեց, և երկրի տնտեսական վիճակը բարդացավ, ջրի խնդրի կարգավորման ոլորտում անհրաժեշտ ներդրումներ կատարելու հնարավորությունները նվազեցին: Իսկ վերջին 6-7 տարիների շարունակական երաշտն էլ ավելի սրեց ջրի խնդիրը: 
 
2010թ. փետրվարի 10-ին Թեհրանի արևելքում նոր ջրամբարտակի բացման առթիվ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր ելույթում հայտարարել էր, թե անհրաժեշտ է կյանքի կոչել «Ջրի ճիշտ օգտագործման մեծ շարժում», ինչը խոսքից գործի չանցավ: 
 
Ավելին, նույն թվականի նոյեմբերի 21-ին Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն նախագահի հայտարարությունը կյանքի կոչելու համար ազդարարել էր ջրի արդյունավետ օգտագործման և չվատնելու վերաբերյալ կառավարության օրենքի սահմաններում կազմված ծրագրերի, այդ թվում՝ ջրի ինքնարժեքի հստակեցման և 5 տարվա ընթացքում կյանքի կոչելու մասին: Նա նշել էր, որ, ըստ օրենքի, սահմանված չափից ավելին օգտագործողները կտուգանվեն: Նամջուն հույս էր հայտնել, որ գներն իրական դարձնելով և հասարակական գիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ գործունեություն ծավալելով՝ կկարողանան մեկ շնչին բաժին ընկնող ամսական 200 լիտրը նվազեցնել՝ հասցնելով 130 լիտրի: 
 
Սակայն հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ կարելի է ասել, որ նշյալ ծրագրերը պարզապես բարի ցանկություններից հեռուն չեն գնացել: Սա այն դեպքում, երբ Էներգետիկայի փոխնախարար Աթարզադեն հայտնել էր, թե տվյալ ժամանակահատվածում արդեն Իրանում տեղումների քանակը նախորդ 40 տարիների համեմատությամբ նվազել էր 48 տոկոսով, իսկ նախորդ տարվա համեմատությամբ՝ 52 տոկոսով: Այնինչ երկրի բնակչության թիվը նախորդ 40 տարիների համեմատությամբ աճել էր գրեթե քառակի, ինչը խոսում էր ջրի խնդրի ահագնացման մասին: Հետևաբար կառավարությունը հարկադրված պետք է քայլեր կատարեր իրավիճակը բարելավելու ուղղությամբ:  
 
Ուստի դեռևս 2012թ.-ից օրակարգ մտցվեց Աֆղանստանով Տաջիկստանից տարեկան մեկ միլիարդ խմ ջուր ներմուծելու հարցը, որի վերաբերյալ 2012թ. մարտին Իրան-Աֆղանստան-Տաջիկստան փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց: Ըստ այդ հուշագրի՝ Իրանը պետք է նավթ արտահաներ Տաջիկստան: Նշենք, որ Տաջիկստանն ԱՊՀ երկրներում Ռուսաստանից հետո ջրի պաշարների հարցում երկրորդ տեղում է, իսկ ՀԷԿ-ների առումով աշխարհում 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ էր կողմերի քաղաքական կամքը, ինչն առ այսօր չի դրսևորվել: Այն միանգամայն իրագործելի էր, մանավադ, որ խողովակաշարն անցնելու էր Աֆղանստանի հյուսիսով, որտեղ համեմատաբար խաղաղ է:
 
Ջրի խնդիրը լուծելու նպատակով ջրամբարտակներ կառուցելու տարբերակն Իրանում համարվել է ամենաարդյունավետ ուղիներից, ավելին, նախկին նախագահ Ռաֆսանջանիի կարծիքով՝ այն թերևս միակ լուծումն  է: 2014թ. մայիսի 5-ին Էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիյանը ևս երկրում ջրի պահանջարկի ապահովման հարցում կարևորել է ջրամբարտակների կառուցումը՝ նշելով, որ վերջին 3 տասնամյակի ընթացքում Իրանում կառուցվել է 140 խոշոր ամբարտակ, իսկ 119-ը դեռևս կառուցվում են: Այն հակասում է իր իսկ մեկ տարի առաջ հնչեցրած կարծիքին, երբ համաձայնել էր բնապահպանների, սոցիոլոգների ու տնտեսագետների հետ, որոնք նախազգուշացնում էին, թե առանց բնապահպանական լուրջ հաշվարկների ջրամբարտակներ կառուցելն աղետալի հետևանքներ է ունենալու: 
 
Չիթչիյանը 2013թ. սեպտեմբերին անկանոն ու մեծաթիվ ջրամբարտակներ կառուցելուն քննադատաբար վերաբերվելով՝ նշել էր, որ դա հանգեցրել է լճերի ու ճահիճների, այդ թվում՝ Բախթեգան (Ֆարսի նահանգ), Համուն (Սիստան և Բելուջիստանի նահանգ) Ուրմիա (Արևմտյան Ադրբեջանի նահանգ) լճերի և Գավխունի հայտնի ճահճի (Սպահանի նահանգ) և այլնի ցամաքեցմանը:  
 
Փորձագետները նման հակասությունը մեկնաբանում են ջրի կառավարման հստակ ծրագրի բացակայությամբ, ինչը ոլորտի կարգավորման կարևորագույն միջոցն է: Ահավասիկ, մասնագետներից ոմանք Սիրիայի ճգնաժամի խորացմանը նպաստող գործոն են համարում այդ երկրում ջրի պաշարների ոչ ճիշտ կառավարումը: Նրանց կարծիքով՝ տարիներ շարունակ նման իրավիճակի հետևանքով հողագործությամբ և անասնապահությամբ  զբաղվող շուրջ 2 միլիոն մարդ կորցրել է իր աշխատանքը՝ միանալով քաղաքացիական անհնազանդությանն ու ցուցարարներին: 
 
Իրանի ջրի լրջագույն խնդիրներից է Ուրմիա լճի ցամաքումը, որի 2/3-ն արդեն ցամաքել է, ինչը ևս պատճառաբանվում է ջրի օգտագործման ոչ ճիշտ կառավարմամբ: Դրա վերականգնման նպատակով պետությունը տարբեր նախագծեր է մշակել, մասնագետներ են հրավիրվել տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից: Քանզի ամբողջական ցամաքումն աղետաբեր է լինելու ոչ միայն Արևելյան և Արևմտյան Ադրբեջաններ ու Արդաբիլ նահանգների, այլև հարակից տարածքների  համար: 
 
Լուրջ քննարկման առարկա է դարձել Ուրմիայի փրկության նպատակով Կասպից ծովից ջրի սնուցումը: Խոսակցություններ են եղել նաև Հայաստանից ու Վրաստանից ջուր ներմուծելու տարբերակի շուրջ: Սակայն մասնագետների կարծիքով՝ լիճը պարզապես պետք է սնվի սնուցող աղբյուրներից՝ գետերից, որոնց վրա կառուցվել են ջրամբարտակներ (Ջուրն օգտագործում են գլխավորապես գյուղատնտեսական նպատակներով)։ 
 
Դեռևս 2014թ. օգոստոսին Արևմտյան Ադրբեջանի նահանգապետ Ղորբան Ալի Սաադաթը նախազգուշացրել է, որ, եթե լճի ցամաքումը չկասեցվի, ապա 6-5 միլիոն մարդ գաղթելու է ստեղծված բնապահպանական աղետի պատճառով: Երկրի նախագահ Հասան Ռոուհանին ևս Ուրմիա լճի առիթով կարծիք է հայտնել, որ հարցը չի սահմանափակվում Արևմտյան Ադրբեջանի նահանգով, քանի որ աղի փոթորիկները հսկայական տարածքները կդարձնեն գյուղատնտեսության համար ոչ պիտանի, կյանքի պայմանները՝ անտանելի: Սա այն դեպքում, երբ Ուրմիայի շրջակա 3 նահանգում 106 ջրամբարտակ է կառուցվել, ընդ որում,  56-ը՝ Ուրմիան սնուցող ջրատարների վրա: 
 
Ահա թե ինչու են մասնագետները նշում, որ Ուրմիան վերականգնելու կամ գոնե ներկա չափով պահպանելու համար անհրաժեշտ է բացել լիճը սնուցող երակները, որն ավելի նպատակահարմար է առաջարկված այլ տարբերակներից: 
 
Վերջին 2 տարվա ընթացքում պետական այրերի և մասնագետների հնչեցրած ահազանգերն օր օրի ավելանում են: Այսուհանդերձ, փորձագետների պնդմամբ՝ նրանց չի հաջողվել հասարակական կարծիք ձևավորել նման լուրջ մարտահրավերի վերաբերյալ: 
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ալի Ռաաբիին շեշտելով, որ բնակլիմայական փոփոխությունները գյուղերի դատարկման լուրջ սպառնալիք են, հավելել է, թե ջրի ահագնացող ճգնաժամը հանգեցրել է ստորգետնյա ջրի պաշարների սպառման և գետերի ու աղբյուրների ջրերի ավելի քան 50 տոկոսով նվազեցման, ինչի պատճառով գյուղացիները հարկադրված գաղթում են գյուղերից: 
 
Քաղաքական գործիչներն ու գիտնականները ջրի խնդիրը համարում են ազգային անվտանգության լուրջ հարց: Նախագահ Ռոուհանիի Գյուղատնտեսության, ջրի ու բնապահպանության հարցերով առաջին խորհրդական Իսա Քյալանթարին նշել է, որ օգտագործելով մակերեսային ջրերի 97 տոկոսը՝ գործնականում չորացվել են գետերը, գրեթե բնության մեջ ջուր չի մնացել … Իսկ դա նշանակում է, որ, եթե այսպես շարունակվի, երկրի բնակչության շուրջ 70 տոկոսը՝ գրեթե 50 միլիոն մարդ, հարկադրված արտագաղթելու է: 
 
Տնտեսագետ պրոֆեսոր Մոհսեն Ռանանիի կարծիքով՝ եթե ջրի խնդրի համար հրատապ լուծում չգտնվի, ջրի պատերազմը տուն առ տուն, շրջան առ շրջան ընկղմելու է ողջ երկիրը՝ պատասխանատու պաշտոնյաներին հորդորելով «Ջրի պատերազմի» կրակի հետ չխաղալ :
 
Իրանում ստեղծված նման իրավիճակը, մասնագետների կարծիքով, ավելի շատ պայմանավորված է ջրի կառավարումը ոչ ճիշտ կազմակերպելու և անխնա օգտագործելու հետ, մասնավորապես ոռոգման համակարգի հետամնացությամբ, որտեղ օգտագործվում է ջրի առյուծի բաժինը: Բացի այդ ջրի վերաբերյալ ծրագրերը նաև չեն համապատասխանեցվում տնտեսական այլ ծրագրերի հետ և չեն մշակվում համալիր ծրագրեր:
 
Ոմանք, այդ թվում Ֆ. Խավանդը, նշելով, որ ներկա դրությամբ Իրանի բնակչության ճակատագիրը կախված է «կապույտ» ոսկուց, շեշտում է, թե ջրի հարցն առնվազն կես դար առաջ պետք է դասվեր ազգային կարևոր խնդիրների ցանկին, որպեսզի այսօր փաստի առաջ չկանգնեին: Նա որպես հարցի լուծում երկրի ղեկավարներին առաջարկում է նյութական ու մտավոր պաշարների զգալի մասը ներդնել «կապույտ» ոսկու փրկության համար։ Խավանդը հավելել է, որ ջրի խնդիրը պետք է դառնա գերակա: Պետք է միջազգային մակարդակով մասնագիտացված ամենահմուտ ընկերություններին ու մասնագետներին հրավիրել՝ կիրառելով լավագույն տեխնոլոգիաները: 
 
Սակայն այլ փորձագետների կարծիքով՝ ջրի ճգնաժամից դուրս գալու լուրջ և ազդեցիկ ելքերն են երկրի օրենսդիր և գործադիր շրջանակների կողմից անհրաժեշտաբար խնդիրը  հասարակական լուրջ դիսկուրսի առարկա դարձնելը, համաժողովրդական մոբիլիզացիան և այն ազգային խնդիր հայտարարելն ու խնդրի առնչությամբ բազմակողմանի և համակարգված տեսակետի ձևավորումը:  
 
Սպահանի համալսարանի գիտխորհրդի անդամ Ահմադ Խաթունաբադին համոզված է, որ երկիրը ջրի ճգնաժամի հետևանքներից «պահպանելու ու պաշտպանելու» նպատակով գործադիր և օրենսդիր իշխանությունները պետք է ջրի հարցում  հասնեն «համակարգային  գիտակցության,  համապարփակ իմացության» եզրակացությանը: 
 
Նույն համալսարանի դասախոս Մեհդի Բասիրին սակավաջրության ու երաշտի մասին պաշտոնական շրջանակների և բնակչության «ոչ լավ տեղեկացվածությունը» համարում է ոլորտի գլխավոր խնդիր: Նրա  կարծիքով՝ նաև խիստ անհրաժեշտ է ջրի վերաբերյալ մասնագիտական քննարկումների տարածումը ԶԼՄ-ներով՝ հավելելով, որ, եթե նույնիսկ ջրի դիսկուրսի կենտրոն ստեղծվի, և արծարծված խնդիրները չհրապարակվեն, ապա այդ ամենը դարձյալ որևէ դրական ազդեցություն չի ունենա: Ավելին, մասնագետները հավատացած են՝ քանի դեռ քաղաքական համակարգը խորապես «չի գիտակցել»  ճգնաժամի ահագնացումը, այն չի պաշտոնականացրել, այդ ուղղությամբ չհամակարգված առանձին միջոցառումները հարցի լուծում չեն: 
 
Ջրի կառավարման ոլորտում ավագ ու միջին պաշտոնյաների «ոչ բավարար գիտելիքները» և ջրի ճգնաժամի իրական վտանգների ծավալներին «չհավատալն» այնպիսի լուրջ բնույթ է կրում, որ անտեղյակությունից բխող «ջրի սխալ տնօրինումը» գնահատվում է երկրում ստեղծված իրավիճակի բուն պատճառ: 
 
Այսուհանդերձ, հարկ է նշել, որ վերջին տարիներին ջրի խնդիրը գրեթե ամեն օր  ԶԼՄ-ների քննարկման առարկան է: Կառավարության անդամներն ու պատասխանատու պաշտոնյաները կիսում են փորձագետների ու գիտնականների տեսակետները, սակայն գործուն միջոցառումներ՝ գիտական ու գործնական ծրագրեր չեն իրականացվել ճգնաժամը հաղթահարելու համար, ինչը պատճառաբանվում է վերջին տարիներին երկրի ֆինանսա-տնտեսական վիճակով: 
 
Բացի այդ խիստ քննադատության են արժանանում նաև մասնագիտորեն ոչ ճիշտ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ջուրը մեկ վայրից մյուսը տեղափոխելու քայլերը, որոնք բնակչության շրջանում խիստ դժգոհություն են առաջացնում: Օրինակ, ընթացիկ տարվա հուլիսի 19-ին Չահարմահալ Բախթյարի նահանգի Բելդաջի քաղաքում բախումներ են տեղի ունեցել օրինապահների ու բնակչության միջև, որի արդյունքում 30 մարդ վիրավորվել է, իսկ շուրջ 20-ը՝ ձերբակալվել: Այլ կերպ ասած՝ արդեն ակնհայտ է, որ ջրի խնդիրը վերածվում է հասարակական լարվածության, թերևս կդառնա նաև քաղաքական ու տնտեսական լուրջ հիմնահարց, եթե համապարփակ լուծում չստանա:
 
Խոսելով իշխանությունների` հարցի կարգավորմանն ուղղված ջանքերի մասին՝ նշենք, որ 2016թ. հուլիսի 4-ին նախագահ Ռոուհանին, հեռուստատեսությամբ անդրադառնալով ջրի խնդրին, շեշտել է, թե այն խիստ կարիքի մեջ գտնվող երկրի համար կենսական նշանակություն ունի, և եթե հապաղեն, ապա խոշոր քաղաքներից շատերը խմելու ջրի բարդ իրավիճակի առջև են հայտնվելու: 
 
Նա միաժամանակ հայտարարել է, որ հարցի կարգավորման նպատակով երկրի առաջնորդի թույլատվությամբ Ազգային զարգացման հիմնադրամից վերցվել է 8 միլիարդ դոլար: Իսկ որպես նախատեսված լուծումներ մատնանշել է ոռոգման համակարգի արդիականացումը, հարևան երկրներից ջրի ներմուծումը և ծովի ջրի զտումը՝ հավելելով, որ մասնավոր հատվածը կառավարության աջակցությամբ արդեն զբաղվում է դրանցով: 
 
2016թ. հուլիսի 26-ին տեղի ունեցած «Ջրային տնտեսության ազգային համաժողովին» Էներգետիկայի նախարար Չիթչիյանը ոչ միայն կարևորել է ջրի խնդրի կենսական նշանակությունը, այլև նախազգուշացրել, որ եթե չկրճատվի ջրի սպառումը և միջոցառումներ չձեռնարկվեն այդ ուղղությամբ, ապա սակավաջրությունը վերածվելու է լուրջ սպառնալիքի իրանական քաղաքակրթության և Իրանի բարձրավանդակում կյանքի հարատևման համար: 
 
Չիթչիյանը, անդրադառնալով ջրի գլխավոր սպառողին՝ ոռոգման համակարգին, նշել է, որ այն տրամադրվում է գյուղացուն ինքնարժեքի 5 տոկոսով, իսկ գյուղատնտեսական ապրանքները գնվում են երաշխավորված գներով, ինչը զգալիորեն բարձր է միջազգային գներից: Բնականաբար, մասնավոր հատվածը նման պայմաններում ներդրում չի կատարելու, ուստի ջուրը պետք է կառավարությանը վաճառի շահույթով։ Այս առնչությամբ Չիթչիյանը հավելել է, որ եթե պետք է մասնավոր հատվածը ներդրումներ կատարի, ապա պետք է շահագրգիռ լինի, իսկ ջրի գինը բարձրացնելու դեպքում հասարակության որոշ խավերի համար խնդիրներ կառաջանան, որոնց համար էլ պետք է լուծում գտնել: 
 
Բացի այդ դեռևս ընթացիկ տարվա ապրիլին Չիթչիյանը խոսել էր ծովի ջրի զտման նախագծերի մասին, որի շրջանակներում Պարսից Ծոցի և Արաբական ծովի երկայնքով գործարկվելու է 50 ջրազտարան, որոնք ջուր են մատակարարելու Կենտրոնական Իրանի 17 նահանգների՝ այսինքն շուրջ 45 միլիոն մարդու: Անշուշտ, սա հարցի լուծում է, սակայն ջրի աղազտումը զգալիորեն թանկ հաճույք է, ինչը Իրանը դեռևս անել ի զորու չէ ֆինանսական ներկա վիճակում: 
 
Նշենք, որ թեև ծովի ջրի աղազտումն առավել հեռանկարային տարբերակ է, սակայն 2010թ. դրությամբ  աշխարհում շուրջ 14 հազար 500 զտարան է գործել, որոնք օրական 86 միլիոն խմ ջուր են արտադրել: Դրանցից խոշորագույնն Արաբական Միացյալ Էմիրությունների «Ջաբա Ալի» գործարանն է: Մասնագետների կարծիքով՝ ծովի ջրի աղազտման առավել նպատակահարմար տարբերակն ԱԷԿ-ների կիրառումն է։ Այսօր էլ Իրանում Բուշեհրի ԱԷԿ-ի ջերմային էներգիայի հաշվին աղազտում է իրականացվում:  Հավելենք նաև, որ դեռևս 2015թ. Իրանի Միջուկային էներգետիկայի կազմակերպության փոխտնօրեն Մոհամեդ Ահմադյանն այս առնչությամբ  հայտարարել էր, թե կազմակերպությունը նպատակամղված է  Պարսից Ծոցի և Արաբական ծովի առափնյա շրջաններում փոքր՝ 100-300 մեգավատ հզորությամբ ԱԷԿ-ներ կառուցել, որոնց համար համեմատաբար խոշոր ներդրուների անհրաժեշտություն չի լինի: 
 
Հատկանշական է նաև, որ «Իրան-5+1» համաձայնագրի ստորագրումից հետո արևմտյան որոշ տերություններ հուսով էին, թե կարող են Իրանում այդ ոլորտում խոշոր ներդրումներ կատարել: Քանզի այդ երկրներին պատկանող ընկերությունները տնօրինում են ջրի ոլորտում ամենազարգացած տեխնոլոգիաներին, բայց ներկա դրությամբ նման նախագծեր չկան: 
 
Ընթացիկ տարվա մայիսի 1-3-ին Հարավային Կորեայի նախագահի թեհրանյան այցի ընթացքում կողմերի միջև ստորագրված տնտեսական համագործակցության ոլորտում բազում համաձայնություններից մեկը վերաբերում է Իրանի հարավում ջրառատ Քարուն գետից Սպահան քաղաքով հոսող, չորանալու սպառնալիքի տակ հայտնված Զայանդռուդ գետին ջուր հասցնելու վերաբերյալ բավականին խոշոր նախագիծ իրականացնելուն, ինչին բնապահպանները  խիստ դեմ են և հանդես են եկել բողոքի ցույցերով:   
 
ԱՄՓՈՓՈՒՄ
 
21-րդ դարի կարևորագույն մարտահրավերներից է քաղցրահամ ջրի խնդիրը, որը համամարդկայն բնույթ է կրում: Միջազգային ուսումնասիրություններն ապացուցել են, որ ներկա դրությամբ աշխարհում 26 երկիր հայտնվել է խիստ սակավաջրության և ջրային ճգնաժամի մեջ: Ընդ որում, 9 երկիր ի սկզբանե սակավաջուր էր Միջին Արևելքում և հարավ-արևմտյան Ասիայում: Տարածաշրջաններ, որոնք աչքի են ընկնում բնակչության աճի բարձր տոկոսով, ինչը նշանակում է, որ հանուն ջրի պատերազմների ու բախումների հավանականությունն այստեղ ավելի մեծ է: 
 
Իրանում վերջին կես դարում բնակչության թիվն աճել է քառակի: Այսօր էլ երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք, հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի կարգադրությամբ կառավարությունը բնակչության աճի ուղղությամբ լուրջ միջոցառումներ է իրականացում: 
 
Կանխատեսվում է, որ 2025թ. Իրանի բնակչությունը 105 միլիոն է դառնալու, ինչը նշանակում է, թե կիրառվող միջոցառումները հավանաբար բավարար չեն լինի ճգնաժամը հաղթահարելու համար, երբ մեկ շնչին ընկնող քաղցրահամ ջուրը միջազգային չափանիշներով զգալիորեն իջել է:  
 
Երկիրը հայտնվել է ջրային ճգնաժամի մեջ, սպառնալից ահազանգեր են հնչում թե՛ ԶԼՄ-ներում ու փորձագիտական շրջանակներում և թե՛ պաշտոնյաների կողմից:  Ոմանք նույնիսկ ջրային ճգնաժամի պատճառով վտանգված են համարում իրանական քաղաքակրթությունը: Ստեղծված իրավիճակը հաճախ պատճառաբանվում է բնակլիմայական գլոբալ փոփոխություններով,  տեղումների անկմամբ, ջրի ոչ ճիշտ կառավարմամբ, ոչ արդյունավետ գյուղատնտեսությամբ, պաշարների ոչ ճիշտ օգտագործմամբ և այլն:  
 
Իրանի ԶԼՄ-ներում ջրի ճգնաժամը վերջին տարիներին հաճախ է քննարկման առարկա դառնում: Ահազանգեր են հնչեցվում ամենաբարձր մակարդակով, ներկայացվում են բնապահպանական անհավանական ու սարսափելի տվյալներ, իսկ կառավարությունը ջանքեր է գործադրում ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ, ծրագրեր մշակում, ներդրումներ կատարում և խրախուսում մասնավոր հատվածին: 
 
Այսուհանդերձ, վերլուծաբաններից ոմանք պնդում են՝ քանի դեռ երկրի քաղաքական համակարգը ճգնաժամի վտանգը չի գիտագցել և պաշտոնապես օրակարգային չի դարձրել, գործադրված ջանքերն ապարդյուն են: Ոմանք էլ որպես հարցի լուծում խիստ կարևորում են ջրային պաշարների օգտագործման ճիշտ կառավարումը: Նրանք մտահոգություն են հայտնում, որ երկրի փրկության համար առկա փոքր հնարավորությունները ևս ձեռքից բաց են թողնվելու՝ դրանց նկատմամբ անլուրջ վերաբերմունքի, ջրի կառավարման ոլորտում ոչ լուրջ պատասխանատվության պատճառով: 
 
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play