Մեկնարկել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի առաջին նիստը


Մեկնարկել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի առաջին նիստը

  • 02-11-2016 18:49:03   | Հայաստան  |  Տնտեսություն

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ այսօր մեկնարկել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի գործունեությունը, որի նպատակը պետություն-գործարար համայնք արդյունավետ երկխոսության կայացումն է:
 
Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը. «Մենք գործելու ենք թափանցիկ և հասարակությունից ստացված յուրաքանչյուր ազդակ դառնալու է քննարկման առարկա»: Վարդան Հարությունյանի  գնահատմամբ՝ բարեփոխումների հիմքում բիզնեսի դիտարկումն է որպես պետության գործընկեր՝ ընդգծելով հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական փոփոխության կարևորությունը: Անդրադառնալով ստվերի կրճատմանն ուղղված քայլերին՝ ՊԵԿ նախագահը շեշտել է, որ այս գործընթացում ևս  համատեղ ջանքերով պետք է հասնել դրական արդյունքի: «Ստվերում գործող տնտեսվարողները չեն ընդունվելու պետության և հասարակության կողմից: Անհրաժեշտ է տարանջատել սպիտակ դաշտում գործող բիզնեսին»,-ընդգծել է Վարդան Հարությունյանը: Նիստում քննարկվել են գործարար հատվածի, հասարակական կառույցների առաջարկություններն ու կոմիտեի մշակած օրինագծերը: 
Նոր հարթակի միջոցով հնարավորություն կունենանք արդյունավետ մասնակցել հարկային և մաքսային վարչարարության բարելավման գործընթացին, տնտեսական հարցերի քննարկմանը. խորհրդի անդամները դրական սպասումներ ունեն համատեղ աշխատանքից՝ ակնկալելով արդյունավետ երկխոսության շարունակականություն և կարճ ժամանակահատվածում բարեփոխումների էական արդյունք: 
Խորհուրդը նիստերը կգումարի մեկամսյա պարբերականությամբ, իսկ հրատապ խնդիրներին կտրվեն օպերատիվ լուծումներ՝ կազմակերպելով մասնագիտական քննարկումներ. ՊԵԿ նախագահի հանձնարարականն է:
 
 
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն