Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն


Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

  • 03-11-2016 18:54:26   | Հայաստան  |  Իրավունք

Նոյեմբերի 3-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների եւ ճանապարհային ոստիկանության ղեկավարներ:
 
Ներկայացնելով նախօրեին հանրապետության Նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ քննարկված խնդիրները՝  Վլադիմիր Գասպարյանը նշեց այն ոլորտները, որոնց կատարելագործման ուղղությամբ պետք է աշխատի ոստիկանությունը: 
Խոսքը, մասնավորապես, «Սեքյուրիթի  դրիմ» ՍՊԸ եւ «Փարքինգ սիթի սերվիս»   ՓԲԸ-ի հետ իրավական մեխանիզմների մշակման մասին է՝ նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետական եւ համայնքային կառույցներին փոխանցելու նպատակով:
Նշելով, որ հանձնարարականների կատարումն արդեն իսկ ընթացքի մեջ է, Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ քննարկված երրորդ հարցի՝ ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակմանն ու ժամկետներին: 
Հանձնարարականների առարկայական քննարկումից, համապատասխան ստորաբաժանումների խնդիրների եւ դրանց կատարման ժամկետների որոշարկումից հետո անդրադարձ եղավ նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված վարչական տուգանքների վճարման գործընթացի առանձնահատկություններին ու կատարելագործման մեխանիզմներին: 
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային ոստիկանի աշխատանքում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների,  երթեւեկության կարգավորման ժամանակակից մեխանիզմների մշակման եւ մի շարք այլ հարցեր:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play