Շահագործման հանձնվեց առաջինը Հայաստանում առաջնակարգ վերանորոգում անցած էլեկտրագնացքը


Շահագործման հանձնվեց առաջինը Հայաստանում առաջնակարգ վերանորոգում անցած էլեկտրագնացքը

  • 08-11-2016 14:06:53   | Հայաստան  |  Տնտեսություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Երևանի լոկոմոտիվային դեպոյում նոյեմբերի 7-ին շահագործման հանձնվեց Հայաստանում առաջին անգամ «ՏՌ-3» տիպի վերանորոգում անցած էլեկտրագնացքը:
 
Հարավային Կովկասի երկրների մեջ Հայաստանն առաջինն է, որ հնարավորություն ունի էլեկտրագնացքների նման ծավալի վերանորոգում իրականացնել: «ՏՌ-3»-ը գործարանային ցիկլի վերանորոգում է, որը թույլ է տալիս երաշխավորել էլեկտրագնացքի վազքը 500.000 կմ-ի համար:
 
Էլեկտրագնացքի գործարկման հանդիսավոր մեկնարկի արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
 
 
 
Նախարարը շնորհավորեց երկաթուղայիններին աշխատանքային այս հաղթանակի առթիվ: «Էլեկտրագնացքի վերանորոգման ինքնարժեքն արտերկրում կատարվող նույնանման աշխատանքների հետ համեմատած մի քանի անգամ էժան է, դրա հաշվին այս ծառայությունը կարող է մրցունակ գնով առաջարկվել նաև մեր 
հարևաններին»,-նշեց Վահան Մարտիրոսյանը:
 
Նման բարդ տեխնոլոգիական աշխատանքի իրականացումը հնարավոր է դարձել Երևանի լոկոմոտիվային դեպոյի հիմնանորոգման շնորհիվ, որն ընկերությունը ավարտել է 2011 թվականին:
 
Այս դեպոն երկաթուղու հիմնարար ձեռնարկություններից է: Այստեղ արդեն իրագործվում է Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող ջերմաքարշերի հիմնական վերանորոգումը, բեռնատար և ուղևորատար վագոնների տեխնիկական զննումը և ընթացիկ վերանորոգումը: Այսուհետ հայկական բոլոր էլեկտրագնացքները ևս վերանորոգվելու են Հայաստանում, ուստի այլևս հարկ չի լինի դրանք ուղարկել Ռուսաստանի գործարաններ:
 
Արտադրամասից բացի, նախարարը եղավ նաև երկաթուղու ուսուցման կենտրոնում, որը գործում է 2010-ից: Այստեղ երկաթուղայիններն անցնում են վերապատրաստման դասընթացներ, սովորում` ինչպես վարվել արտակարգ իրավիճակներում:
 
Տպավորիչ էր նաև ենթակառուցվածքային ախտորոշման կենտրոնը, որտեղ առկա նորագույն սարքավորումները հնարավորություն են տալիս երկաթուղային գծերի չափման արդյունքները գրանցել թվային կրիչների վրա` վերլուծության և կանխատեսումներ կազմելու համար:
 
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հայտնեց, որ այժմ կառուցվում է կոնտեյներային տերմինալ: Այն երկաթուղուն թույլ կտա բարձրացնել տրանսպորտային ծառայությունների որակը, բարելավել լոգիստիկան, տեղում իրականացնել բեռների մաքսային բոլոր ձևակերպումները: Իսկ տերմինալի ծառայությունները 10 տոկոսով ավելի էժան կլինեն, քան այլ 
նման կառույցներում:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն