ՏՏ ոլորտի 3 մլն արժողությամբ ծրագրային փաթեթները հասանելի են հայ երիտասարդներին. (տեսանյութ եւ ֆոտոշարք)


ՏՏ ոլորտի 3 մլն արժողությամբ ծրագրային փաթեթները հասանելի են հայ երիտասարդներին. (տեսանյութ եւ ֆոտոշարք)

  • 10-11-2016 22:05:27   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներին ուղղված կրթությունը կայունացնելու, ոլորտում հետազոտական աշխատանքները խթանելու և ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանն աջակցելու նպատակով այսօր պաշտոնապես բացվեց Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը: 
 
Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում տեղակայված նորաբաց կենտրոնը զբաղեցնում է շուրջ 1000 քառակուսի մետր տարածք. Այն հագեցած է գերժամանակակից տեխնիկայով և ամբողջովին համալրված է IBM տեխնոլոգիական լուծումներով: 
Մեր երկրկում նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանն ուղղված նորաբաց կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ծրագիրն է:
Բ. Ենգիբարյանի խոսքերով` հայ երիտասարդները հաջողել են միկրոպրոցեսորների, մոբայլ և ամպային տեխնոլոգիաների ուղղությամբ, իսկ նոր կենտրոնը նրանց հնարավորություն կտա աշխատել արհեստական ինտելեկտի, մեծ տվյալների, վերլուծությունների հետ, ինչը ևս մեկ ճանապարհ է երկրի հետագա զարգացման համար:  
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր բացման խոսքում կարևորեց նման հաստատության ստեղծումը` այն համարելով մեծ ձեռքբերում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ: 
Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնն առաջարկում է նորարարական միջավայր սկսնակ թիմերին ու ընկերություններին` տրամադրելով նրանց աշխատանքային տարածք և ենթակառուցվածքներ, տեխնիկական և գործարար խորհրդատվություն: Մինչ այժմ ավելի քան 100 դասախոս և 1500 ուսանող ՀՀ 9 բուհերից անցել են հատուկ վերապատրաստման դասընթացներ` իրենց կրթական ծրագրերի բարելավման համար: 
IBM համալսարանների հետ հարաբերությունների տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Բելովի գնահատմամբ` Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի առաջարկած գիտակրթական մոդելը լավագույն փորձերից է, և մոտ ապագայում կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանային համագործակցության համար: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»,
Տեսանյութը  եւ լուսանկարները «Նոյյան Տապան»-ի:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play